21 Անվտանգության և ոստիկանական ուժերի սպառազինության՝ Իրանում անցկացվող IPAS-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է իրանական առաջին MRAP զրահամեքենան, որն արտաքինից շատ նման է կանադական STREIT Group ընկերության Thypoon զրահամեքենային, հաղորդում է Razm.info-ն:
Զրահապատ մեքենայի մասին հայտնի է դարձել համացանցում հրապարակված լուսանկարներից: Ընդ որում՝ ներկայացվում են նաև իրանական մեքենայի բնութագրերը, որոնցում պաշտպանվածության մակարդակը նշված է ՆԱՏՕ-ի ստանդարտով (STANAG-4569 3-րդ մակարդակ):
Ըստ այդ ստանդարտի՝ մեքենան պաշտպանված է պայթուցիկ նյութի մինչև 8 կգ զանգվածով ականներից (ինքնաշեն պայթուցիկ սարքերից), մինչև 7,62×51 մմ փամփուշտներից՝ արձակված մինչև 30 մետր հեռավորությունից, ինչպես նաև մինչև 60 մ հեռավորության վրա հրետանու 155 մմ արկի պայթյունից:
Ավելացնենք, որ MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները հիմնականում նախատեսված են ապօրինի զինված խմբավորումների դեմ մարտերի համար, քանի որ պաշտպանված են ինքնաշեն պայթուցիկ սարքերից և հրազենի կրակոցներից։
Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը: