Լենինգրադյան փողոցի անվանափոխության միտքն այն եզակի դեպքերից է, որի շրջանակներում քաղաքացիական հասարակությունն ու իշխանությունը համակարծիք են: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեւռնության անդամների՝ փողոցը արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ վերանվանելու ցանկությանը Երևանի ավագանու անդամները դրական են արձագանքում:
Նախաձեռնության կազմակերպիչներից Տիգրան Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ միտքը իրենց մոտ դեռ վաղուց է առաջացել: Ըստ նրա՝ Լեոնիդն արժանի է, որ իր անունով փողոց անվանակոչվի, քանի որ նա առաջիններից մեկն էր, ով իր օրինակով փաստեց բանակ կառուցելու անհրաժեշտությունը: Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աստղիկ Գեւորգյանը էլ նշեց, որ ինքը միանում է բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են Լեոնիդ Ազգալդյանի հիշատակը հավերժացնել այս կերպով: Ըստ նրա՝ Լեոնիդ Ազգալդանը սովորական հերոս չէ, և ինքը ավագանու նիստում կքվեարկի այս նախաձեռնության օգտին:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, խոսելով նախաձեռնության մասին, մեզ հետ զրույցում ևս ողջունեց երիտասարդների այս քայլը՝ հավելելով, որ Ազգալդյանի անունը պետք է վաղուց գեղեցկացներ Երևանի որևէ հիշարժան վայր: «Սա առաջին անգամը չէ. այս առաջարկությունը ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը մի քանի տարի առաջ ավագանու նիստում արել է, սակայն մերժվել է: Ասել են՝ պետք է հասարակության ձայնը երևա, ստորագրահավաք արեք-բերեք, կտեսնենք»,-նկատեց Անահիտ Բախշյանը:
Անվանափոխության միտքը հասարակության շրջանում,սակայն, միանշանակ չընդունվեց: Եղան մարդիկ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունն իրականացումը, իսկ ոմանք՝ ոչ: Լենիգրադյան փողոցի բնակիչ Լիլիթ Խաչիկյանը, օրինակ, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ պատմություն ունեցող փողոցները, վայրերը անվանափոխելը իր համար անմտություն է և ամենևին էլ հերոսին մեծարելու միջոց չէ: Նախաձեռնությանը դեմ արտահայտվողների թվում է նաև բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ով ֆեյսբուքյան տիրույթում այս մասին իր կարծիքն արտահայտելիս նշել է. «առհասարակ Հայաստանում զբաղված են միայն հիշողություն ջնջելով, հանկարծ էսօր ոչ մի հետք չմնա երեկվանից, չէ՞ որ բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը Ազգալդյանի անունով կոչելը չի, այլ Լենինգրադյանից ազատվելը:» Սրան հակառակ կազմակերպիչներից Տիգրան Մարտիրոսյանը նշում է . «Մենք ոչ թե պայքարում ենք սովետական ժառանգության դեմ, այլ սովետական այն ժառանգության դեմ, որը արժեզրկված է: Միայն Լենինի քեմալականների հետ պայմանագրերի արդյունքում մեծ հայկական հողեր ենք կորցրել: Մնացածի մասին արդեն խոսելն էլ ավելորդ է»:
Սակայն, չնայած հնչած դեմ կարծիքներին, նախաձեռնողներին արդեն հաջողվել է անհրաժեշտ 8000-ից հավաքել 2000 ստորագրություն: Նախաձեռնության կողմնակիցների թվում է նաև Լենինգրադյան փողոցում բնակվող Աշոտ Շուշանյանը, ով նշում է, որ ոչ միայն կողմ է նախաձեռնությանը, այլև շատ ավելի հպարտ կլինի, եթե հենց իրենց փողոցը կրի Ազգալդյանի անունը: Ստորագրահավաք իրականացնող թիմը կարծում է, որ մինչեւ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 22-ը, կհավաքվեն անհարաժեշտ քանակի ստորագրություններ և, ըստ ՏԻՄ մասին օրենքի՝ հարցը կդրվի ավագանու քննարկման (ըստ օրենքի՝ հարցը քննարկվում է Երևանի ավագանու նիստում այն դեպքում, եթե հավաքվել է չափահաս բնակչության 1%-ի ստորագրությունը):
Ավագանու անկուսակցական անդամ Ռաֆֆի Գյոզալյանը, սակայն, նախաձեռնության կազմակերպիչներին հորդորում է օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարանին ՝ անվանափոխության հետ կապված: «Համոզված եմ, որ տվյալ հարցի հետ կապված քննարկումը պատասխանատու մարմինների հետ զգալի ազդեցություն կունենա առաջարկի ընթացքի վրա, որից հետո արդեն կազմակերպիչներն իրենք կարող եք որոշել՝ փուլային կարգով իրականացնել ստորագրահավաք, թե ոչ »,-հավելեց Ռաֆֆի Գյոզալյանը:
Ի դեպ, նախորդ տարի անվանափոխվել է մայրաքաղաքի 7 փողոց:
Լիանա Անդրեյան