ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին «Ժողովուրդ»-ը հանդիպեց Թումանյան փողոցում: Ու թեեւ պահն այնքան էլ հարմար չէր հարցազրույցի համար, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեցինք նրան մի քանի հարցեր ուղղելու:
-Փաստորեն շրջում եք Երեւանի փողոցներով:
-Բայց ես ե՞րբ չեմ շրջել: Միշտ էլ քայլել եմ, Երեւանն իմ եւ Ձեր քաղաքն է: Բայց կոնկրետ հիմա գնում եմ գրասենյակ:
-Նախկինում էլ էիք հաճախ լինո՞ւմ աշխատասենյակում:
-Այսքան հաճախ չէ, բայց գալիս էի:
-Ինչո՞վ եք զբաղվում, ռեյտինգային ցուցակներով պատգամավոր դառնալու մտադրություն ունե՞ք:
-Դեռ երկար ժամանակ կա որոշման կայացման համար: Մի՛ շտապեք:
-Պարո՛ն Բեգլարյան, իշխանական շրջանակներից անվերջ տեղեկություններ են շրջանառվում, թե նախարարի աթոռը լքելուց հետո նեղացած եք:
-Ե՞ս, ումի՞ց:
-Չգիտեմ, իշխանությունից, ՀՀԿ նախագահից, որ Ձեզ ասաց՝ ցտեսություն:
-Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում:
-Այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլեւս չեք շարունակելու պաշտոնավարել:
-Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար։
-Այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք նոր նախարարին ՀՀ վարչապետին ներկայացնելու օրը:
-Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք:
-Լուրեր են շրջում, որ քաղաքական նոր պրոեկտ եք նախաձեռնել եւ մտադիր եք վերանայել Ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ:
-Էլի շարունակում եք: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Ես միշտ իմ թիմի հետ եմ եղել ու կմնամ: Ոչ մի նոր բան մի՛ վերագրեք ինձ:
-ՀՀԿ ԳՄ վերջին նիստերին էլ չմասնակցեցիք:
-Հայաստանում չէի, բաներ մի՛ փնտրեք, ասում եմ:
-Պարո՛ն Բեգլարյան, իսկ Ձեր թիմը Ձեզանից գո՞հ է:
-Ես վստահ կարող եմ հայտարարել, որ այն բոլոր ոլորտները, որոնք այս տարիների ընթացքում ինձ վստահվել են, ոչ մի ձախողում չի եղել: Ավելին՝ իմ աշխատանքից գոհ է եղել միշտ ե՛ւ շարքային քաղաքացին, ե՛ւ ղեկավարությունը: Սա անհերքելի իրողություն է, ու կարող եմ երկար թվարկել փաստերը: Հարմար պահ չեք ընտրել ուղղակի` նման հարցեր տալու համար։
-Լավ, գոնե վերջին հարցը. Ձեր հեռանալուց հետո խոսվում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում արձանագրված խախտումներ են եղել` միլիոնների գումարներ: Նաեւ ՊԵԿ կողմից տարածված հաղորդագրությունը տարընկալում ունեցավ:
-Ուրեմն եթե կարճ ասեմ, ապա «Կորսան-Կորվիամ կոնստրուկսյոն» ընկերությունից ես մշտապես պահանջել եմ որակ: Թերացման դեպքում տուգանվել են, ետգանձում ենք կատարել: Չմտնելով թվերի մեջ՝ ասեմ, որ միջանկյալ վճարման պայմանագրով տրանշեր 1-ով եւ 2-ով միջազգային վարկային միջոցներից ընդամենը վճարվել է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասն էլ ԱԱՀ-ն է: Իսկ մամուլում շրջանառվում է հարյուրավոր միլիոնների եւ միլիարդների մասին։ Թե ինչ թվեր են մոգոնում, դժվար է պատկերացնել:
-Բա միլիոնների չարաշահումնե՞րը:
-Ի՞նչ չարաշահում: Եթե ես իրենց ողջ գործունեության ընթացքում 5 միլիոն 700 հազար դոլարի հետգանձում եմ արել, այդ ընկերությունը ոնց կարող էր չարաշահեր, կամ ինչ-որ այլ հարաբերություններ լինեին: Անիմաստ խոսակցություններ են:
Հետո Բեգլարյանը ծիծաղեց եւ ավելացրեց. «Էս էլ ասեմ, որ այնտեղ կապալառու շինարարական կազմակերպություն չեմ ունեցել եւ չունեմ։ Ձեզ չի սազում, փակե՛ք էդ չեղած թեմաները»։
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Սեպտեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան վաճառքի է հանվել: Մեզ հետ զրույցում «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերվել 2009 թվականին եւ գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում:
«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեին»: Ն. Ղուկասյանը նաեւ հավելել էր, որ ավտոմեքենան սարքին վիճակում է եւ ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար):
Մեր հրապարակումից անցել է շուրջ 20 օր, սակայն ինչպես տեղեկացանք «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանից, մեքենայի վաճառքից իրենք որեէ տեղեկություն չունեն: Ըստ նրա՝ եթե մեքենան վաճառված լիներ, իրենց հայտնած կլինեին, սակայն որեւէ նման բան չեն հայտնել:
Թե ով կլինի նախկին նախարարի մեքենայի գնորդը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը «Volksvagen Tuareg»-ի ճակատագրի շուրջ զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ եք ձերբազատվում նախկին նախարարին պատկանող իրերից:
-Տեսեք, բացատրել եմ, մեքենան… Ես օրենքով սահմանված կարգով ինձ հասանելիք մեքենայից եմ օգտվել, բայց այդ մեքենան ինչ-որ բան պետք է արվի, մեքենան թողնեինք՝ ինչ-որ մեկը վարեր, կդառնար…
-Բայց ինչո՞ւ Դուք անձամբ այն չվարեցիք:
-Որովհետեւ օրինական ՀՀ կառավարության կողմից նախատեսված կոնկրետ տիպի մեքենա է, որը տրվում է, իսկ պարոն Աշոտյանը այդ մեքենան ստացել էր Ազգային ինստիտուտի սեփականությունից: Պարզապես հետ վերադարձվեց մեքենան, եւ մենք հիմա պետք է այդ մեքենայի ճակատագիրը որոշենք: Որեւէ մեկը կա՛մ պետք է վարի այդ մեքենան, կա՛մ պետք է այն հանես աճուրդի, եւ դրա գումարը օգտագործես այլ կոնկրետ նպատակների համար:
-Այսինքն՝ անձնական որեւէ խնդիր չունեք Աշոտյանի մեքենան վարելու հետ կապված:
-Որեւէ անձնական խնդիր չկա, մենք պարզապես մեքենան փոխանցեցինք հետ, այսպես ասած, տիրոջը:
-Իսկ Արմեն Աշոտյանը այդ կապակցությամբ Ձեզ չի դժգոհե՞լ:
-Չէ՛, ի սկզբանե բացատրեցի, որ անձնավորված խնդիր չկա, պարզապես մտածողությունս այսպիսին է, ինչ մեքենա վարում են մյուս նախարարները, եւ ինչը նախատեսված է կառավարության կողմից, այդ մեքենան ենք վարում: Հիմա վարում եմ կառավարության կողմից նախատեսված մեքենան:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՐՔՎԵԼ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 20-ին առեղծվածային պայմաններում մահացավ Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդին՝ Արշակ Գրիգորյանը: Դեպքի փաստի առիթով հարուցվեց քրեական գործ՝ ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով: Ողբերգական դեպքի նախորդ օրը Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գովազդային պաստառ էր փակցվել, որի վրա զառեր էին պատկերված եղել՝ «Հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Պաստառը փակցրել էին Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի կողմից հովանավորվող «Գյումրեցու ոգի» կուսակցության անդամները: Այդպիսով նրանք հիշեցրել էին, թե երիտասարդ տարիներին Վարդեւան Գրիգորյանը գյումրեցիների շրջանում ինչ որակների շնորհիվ է հայտնի եղել:
Այս դեպքից անցել է մոտ 1 ամիս, եւ մինչ օրս իրավապահները հարցաքննության չեն հրավիրել Սամվել Բալասանյանի որդուն: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Վարդեւան Գրիգորյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ իր որդու ինքնասպան լինելու հարցում վստահ է:
ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Ֆիրդուսի, Կոնդի եւ Տիգրան Մեծ փողոցների այն բնակիչների հետ, որոնց բնակարանները իբրեւ գերակա շահ խլել են նրանցից: ՄԻՊ մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպումից հետո քաղաքացիների բարձրացրած հարցերի մասին ամբողջական գրություն է կազմվել, որն արդեն այսօր կուղարկվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Հանդիպումները եւ այդ մարդկանց հետ տարվող աշխատանքները լինելու են շարունակական»,- հավելեց Եգանյանը:
ՈՎՔԵՐ ԴՈՒՐՍ ԿՄՆԱՆ
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 26-ին պետք է տեղի ունենա ՀՀԿ-ն համագումարը, որի ընթացքում նոր գործադիր մարմին է ընտրվելու, ինչպես նաեւ նոր խորհուրդ է կազմավորվելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում է 19 հոգանոց ԳՄ կազմը եւ 206 հոգանոց խորհուրդի թվաքանակը նվազեցնելու հարցերը: Մասնավորապես, ենթադրվում է, որ ՀՀԿ-ի ապագա ԳՄ կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանն ու առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը: Ի դեպ, Ռազմիկ Զոհրաբյանի հարցը դեռեւս վերջնական չի որոշվել: «Ժողովուրդ»-ը երեկ նրանից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ ինքը ՀՀԿ նոր ԳՄ կազմում չի լինելու: Ի պատասխան՝ նա ասաց, որ նման բան առաջին անգամ է լսում: Մեր այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն իրեն չի կանչել իր մոտ եւ տեղեկացրել ապագա ԳՄ-ում չլինելու մասին, Ռազմիկ Զոհրաբյանը չցանկացավ պատասխանել: