ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՕՆԼԱՅՆ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր եւ վաղը եթե Հայաստանում արտակարգ պատահարներ տեղի չունենան, ապա կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության եւ քվեարկության ամփոփման ողջ գործընթացը կտեսագրվի:

Երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր հենց ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխություններին, որոնք բխում են իշխանական կոալիցիայի եւ ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ ու ՕԵԿ համաձայնությունից: Ըստ այդմ, նախատեսվում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասի տարածքը, մուտքը եւ դիմացի հատվածը` 50 մետր շառավղով, պետք է տեսանկարահանվեն եւ իրական (օնլայն) ռեժիմում պետք է համացանցով հեռարձակվեն: Ավելին՝ նախատեսվում է, որ տեսանկարահանված նյութերը ընտրական փաստաթղթերի հետ պետք է պահպանվեն: Մասնավորապես, հիշեցնենք, որ ընտրական փաստաթղթերը պետական արխիվում պահպանվում են հինգ տարի` մինչեւ հաջորդ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալը: Սակայն ամենակարեւոր խնդիրը, որն ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան լուծել, Հայաստանի բոլոր երկու հազար տեղամասերում վերահսկողություն ունենալն է: Այդ վերահսկողության առկայության դեպքում հնարավոր կլինի թոթափել ընտրողների շրջանում վախն առ այն, թե իբր այդ տեսախցիկներով իր քվեարկությունը վերահսկելու են: Իսկ առանց վերահսկողության ընտրողները տեսախցիկների ներքո կգնան տեղամաս եւ կքվեարկեն իշխանությունների օգտին:
Իրականում եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան ընտրական բոլոր տեղամասերը վերահսկել, ապա տեսախցիկների գործոնն ընդամենը կդառնա լրացուցիչ փաստական տվյալների շտեմարան: Այլ կերպ ասած՝ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերի վստահված անձինք տեղամասերում վերահսկողություն կիրականացնեն, եւ այդ ընթացքում օրինախախտումներ տեղի կունենան, նրանք հնարավորություն կունենան իրենց հետ տեղի ունեցածն ապացուցել` վեր հանելով այդ տեղամասի տեսագրությունները:
Հաջորդ խնդիրը, որը այս փոփոխություններով փորձ է արվում լուծել, ընտրողների կողմից ստորագրված ընտրական ցուցակները հրապարակելն է: Նախկինում, մինչեւ ընտրողների ստորագրած ցուցակները «գաղտնի» փաստաթուղթ դարձնելը, ինչը տեղի ունեցավ 2003-ի նախագահական ընտրություններից հետո, ընտրողների ստորագրած ցուցակների պատճենները փակցվում էին տեղամասերում: ԸՕ փոփոխություններով ստորագրված ընտրական ցուցակները քվեարկության հաջորդ օրը կսկանավորվեն եւ կտեղադրվեն ԿԸՀ կայքում ու ցանկացողները հնարավորություն կունենան դրանք բեռնել եւ ուսումնասիրել:
ԸՕ ներկա փոփոխություններով առաջարկվում է ներդնել հատուկ վարչարարությունը` ուրիշի փոխարեն քվեարկության մասին դիմում ներկայացնելու դիմումներ ներկայացնելու համար: Այլ կերպ ասած՝ ընտրողը, կուսակցության վստահված անձը կամ ընտրական հանձնաժողովի անդամը եթե տվյալներ ունեն ուրիշի փոխարեն քվեարկության մասին, նրանք կարող են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին գրավոր դիմում ներկայացնել: Այս «նորամուծության» խոցելի կողմերից մեկն այն է, որ դիմումատուն նախազգուշացվելու է սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ որեւէ քաղաքացի չհիմնավորված դիմում ներկայացնի առ այն, որ Հայաստանից բացակայող ինչ-որ մեկի փոխարեն ուրիշը քվեարկել է, բայց պարզվում է՝ բերված տվյալներն իրականությանը չեն համապատասխանել, ապա նա կարող է պատասխանատվության ենթարկվել` ընտրակեղծարարության մասին սուտ տվյալներ հաղորդելու համար: Այսինքն՝ սուտ մատնության համար նախազգուշացնելը կարող է զսպիչ գործոն հանդիսանալ, որպեսզի ուրիշի փոխարեն քվեարկության մասին տվյալներ ունեցողները մի պահ մտածեն, նոր դիմում ներկայացնեն: Մյուս կողմից էլ, եթե այդպես չլինի, ապա ամենեւին էլ բացառված չէ, որ բազմաթիվ մարդիկ կգտնվեն, որոնք հենց այնպես` առանց կոնկրետ փաստի, դիմումներ կներկայացնեն իրենց հայտնի բացակայողների փոխարեն քվեարկելու մասին, եւ արդյունքում ընտրական ողջ գործընթացը շիլաշփոթի կվերածվի:
Ինչեւէ, կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխիքը լինելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից տեղամասերն ամբողջությամբ վերահսկելը, ինչի մասին վերջին երկու տարիներին պարբերաբար խոսվում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
«ԹԱՓԹՓՎԱԾ» ԵԼՈՒՅԹ ԱԺ-ՈՒՄ
Երեկ Աժ-ում մեկնարկեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր: Հիմնական զեկուցողը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանն էր: Նրա ելույթն այնքան անպատրաստ ու վախվորած էր, որ անգամ ՀՀԿ-ականները չկարողացան իրենց զսպել եւ այդ մասին չարտահայտվել: Այսօր պետք է տեղի ունենա այդ նախագծի քվեարկությունը, ըստ այդմ, պարզ կդառնա, թե ՀՀԿ-ականներին որքանով է «խոցել» իրենց նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը, ինչի էությունը կայանում է նրանում, որ ինչպես էլ ներկայացնեն, միեւնույն է, նրանք վերջում կողմ են քվեարկելու:

 

 

ԳՈՐԾԱՐԱՐ  ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկական անհատական բնակելի տուն եւ հողամաս: Նա մեկ ընկերությունում ունի 634 մլն 65 հազար դրամի բաժնետոմս եւ 17 մլն 950 հազար դրամի պարտատոմսեր: Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 165 հազար 791 դոլար եւ 29 մլն 29 հազար դրամ: Նորանշանակ նախարարը հայտարարագրել է 802 հազար դրամ եւ 44 դոլար (թյուրիմացություն չկա, հենց այդ թիվն է նշված) դրամական միջոց: Ալթունյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ մոտ 79 մլն 885 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ ավելի քան 3,6 մլն դրամ, «այլ եկամուտներ»՝ 583 հազար դրամ, ստացած փոխառությունները՝ 141 հազար 460 դոլար: Ի դեպ, նախարարը որպես եկամուտ հայտարարագրել է նաեւ մեկ ընկերությունից ունեցած շահաբաժինը՝ 100 մլն դրամի չափով:

 

 

ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՇՎԻՆ՝ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ կարտոֆիլի մթերման խնդրին, որը վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Նա տեղեկացրեց, որ ՊՆ-ին կարտոֆիլ մատակարարողները գյուղացուց այն գնում են 40-45 դրամով, սակայն հետագայում 80-104 դրամով վաճառում գերատեսչությանը: «Ժողովուրդ»-ը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը չի պատրաստվում քայլեր ձեռնարկել այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Մեր մատակարարումները անցկացվում են ՀՀ համապատասխան օրենսդրության սահմաններում, որի ժամանակ նվազագույն գին ներկայացնող մատակարարը մատակարարում է իրականացնում ՊՆ ապակենտրոնացված պահեստներ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Գեղարքունիքի մարզի ֆերմերները փակել էին ճանապարհը եւ բողոքում էին կարտոֆիլի մթերման աննախադեպ ցածր գներից: Եթե այս խնդիրը չլուծվի, ապա ըստ Փաշինյանի՝ գյուղացիները սնանկացման վտանգի առաջ կհայտնվեն:

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ
«Հանուն օրենքի» շարժումը պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս հակահայկական դիրքորոշում ունի։ Շարժման անդամները երեկ բողոքի ակցիա են անցկացրել ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի դիմաց՝ դատապարտելով հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահի պահվածքը հայկական պատվիրակության անդամների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ազատ քննարկման ժամանակ Պեդրո Արգամունտն անջատել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Նաիրա Զոհրաբյանի խոսափողները՝ այդպիսով, ըստ շարժման անդամների, ոտնահարելով հայկական պատվիրակության իրավունքները եւ խոսքի ազատությունը: Ի նշան բողոքի՝ երիտասարդները ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի ներկայացուցչին են հանձնել Ագրամունտի հրաժարականի պահանջագիր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկարով ԱՄՆ դոլարներ:

 

 

ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Այդ մասին ԱԺ երեկվա արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմում է ներկայացրել, որով հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը»,- ասել է նա:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Պավել Սաֆարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական: Հիշեցնենք, որ Սաֆարյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնել էր 2008 թվականի մայիսի 19-ին: Մինչ այդ՝ 2001-2008 թվականներին, նա զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները:

 

 

ՍԱՆԻԿԻՆ ՊԱՇՏՈՆ ԿՏԱ
hraparak.am-ի տեղեկություններով՝ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին պաշտոն կստանա կառավարությունում: Առաջիկայում նրան կնշանակեն վարչապետի օգնական կամ խորհրդական: Նարեկ Ադոնցը Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, երբ վերջինս Երեւանի քաղաքապետն էր: Այնուհետեւ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու, «Եվրատեսիլ» մրցույթում hայաստանյան պատվիրակության ղեկավար: Ի դեպ, Կարեն Կարապետյանը եղել է Նարեկի հարսանիքի քավորը: Վերջինս ամուսնացած է ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի դստեր հետ:

 

 

 

ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, երեկ ասել է. «Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն կոնսենսուսով: Մենք դրան դեմ ենք, որովհետեւ այս տարիներին Թուրքիան ունեցել է միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում: Պարոն Լավրովին հիշեցնենք իր իսկ հնչեցրած միտքը, որ ապրիլի 22-ին Երեւանում ասել է՝ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ ենք: Այս տարիներին Թուրքիան ցուցաբերել է հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում եւ անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:




Լրահոս