ՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ 5 ՀՈԳՈՒ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել էր ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասն էլ բախվել էր առջեւում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով մահացել էին ավտոբուսի վարորդը եւ 4 ուղեւոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի:

Երեկ «Ժողովուրդ»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ), ստեղծվել է քննչական խումբ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, այդ թվում՝ ավտոբուսի 26 ուղեւոր: Քրեական գործով հարցաքննվել է նաեւ «Սկանիա R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը որպես կասկածյալ:
Ով պետք է պատասխան տա
Կատարվածից հետո հանրության մոտ տրամաբանական հարց էր առաջացել՝ որ երթուղին է սպասարկել տվյալ ուղեւորափոխադրումը: Եվ ի զարմանս բոլորի՝ պարզվում է՝ Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չի եղել: Ավելին՝ նման ուղեւորափոխադրումները դուրս են վերահսկողությունից: Վարորդը մեկն է լինում, ով երբեմն աշխատում է առանց հերթափոխի, հետեւաբար նաեւ առանց քնելու: Իսկ թե ով պետք է նման հանգամանքներում պատասխանատվության կանչվի, դժվար է ասել: Համենայնդեպս, ՌԴ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ որպես կասկածյալ հարցաքննվել է այն վարորդը, որի մեքենային բախվել է մարդատար ավտոբուսը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների գծով փաստաբան Ռուբեն Բալոյանը, անդրադառնալով կատարվածին, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե այն փաստը, որ ավտոբուսը գրանցված է եղել վարորդի որդու անունով, որեւէ դեր չի խաղա: Որդին մեղավորության դեպքում կարող է կրել նյութական պատասխանատվություն:
Գերատեսչությունների թերացումները
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի՝ նոյեմբերի 3-ին, Տուլայում Մոսկվա-Երեւան երթուղի իրականացնող մարդատար ավտոբուս էր վթարի ենթարկվել: Այն պատկանում էր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը: Վթարի արդյունքում 59 ուղեւորից զոհվել էր 9-ը, 43-ն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել: Ռուս իրավապահները որոշել էին, որ վթարի մեղավորը վարորդ Գառնիկ Հարությունյանն է, որը քնել էր ղեկին: Իսկ տեղական դատարանը եկել էր այն եզրահանգման, որ ավտոմեքենան անսարք է եղել, շրջապտույտ կատարելիս վարորդը չի ընտրել ավտոբուսի երթեւեկության անվտանգ հետագիծ եւ շարունակել է երթեւեկությունը նախկին արագությամբ, ինչի հետեւանքով ավտոբուսը բախվել է մետաղական ցանկապատին: Հարությունյանն այդպիսով դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, 3 տարով զրկվել մեքենա վարելու իրավունքից: Հարկ ենք համարում նկատել, որ այդ ժամանակ ՀՀ առողջապահության եւ տրանսպորտի նախարարությունները անմիջապես արձագանքել էին կատարվածին, շտապ կազմակերպել տուժածների տեղափոխությունն ու բուժման ընթացքը, իսկ մի քանի օր անց բարձրացվել էր ընկերությանը պատասխանատվության կանչելու հարցը: Դեպքի հենց հաջորդ օրը Հայաստանի պատվիրակությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ, մեկնել էր Տուլա՝ ավտոբուսի վթարի վայր:
Իսկ, ահա, հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո «Կատարվածը գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում» բովանդակությամբ պաշտոնական հաղորդագրություններից զատ այլ գործերի ականատես չեղանք: Եվ եթե ՌԴ եւ ՀՀ ԱԻՆ-ների կողմից իրականացված աշխատանքները չլինեին, դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր տուժածների հետ: Ավելին՝ ինչպես արդեն նշեցինք՝ նման ուղեւորափոխադրումները դուրս են վերահսկողությունից. ինչն է պատճառը, եւ որ գերատեսչության թերացման հետեւանքն է սա: Փաստաբան Ռուբեն Բալոյանի խոսքով՝ վարորդի արտոնագրի առկայությունը սահմանին պետք է ստուգվի: Փաստաբանը օրենքի կոպիտ խախտում է համարում այն, որ օրենքով ամրագրված լիցենզիաների պարտադիր առկայությունը խախտվում է հենց պետական կառույցի կողմից:
Անուշադրության մատնված գերխնդիրը
Լիցենզիաների պարտադիր առկայության դեպքում, թերեւս, կվերահսկվեր նաեւ վարորդների՝ երթեւեկության չափորոշիչներին համապատասխանությունը: Ասել կուզի, եթե մարդատար ավտոբուսի վարորդը չի համապատասխանում սահմանված նորմերին, նա չպետք է իրավունք ունենա նման հեռավորության ճանապարհ անցնել: Հիշեցնենք՝ Տուլայում տեղի ունեցած վթարից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ վարորդը քնել է ղեկին, սրտի անբավարարվածությամբ է տառապել: Հետագայում դատարանի վճռով նշվեց, որ վթարը տեղի է ունեցել վարորդի անփութության հետեւանքով: Արժի հիշեցնել, որ ըստ կանոնադրության՝ վարորդը վեց ժամից ավել չպետք է վարի մեքենան, նրան պետք է փոխարինեն, էլ չասած, որ նա պետք է պարբերաբար բժշկական ստուգում անցնի: Ցավոք, Բեսլանում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է նաեւ վարորդը, եւ այս պարագայում առավել դժվար կլինի պարզել՝ ինչն է, ի վերջո, եղել ողբերգության պատճառը, եւ ում մեղքով են մարդկային զոհեր եղել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌԻՈՒՄ
Հոկտեմբերի 16-ին դանակահարության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում: Ստեփանավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք քաղաքացի, որոնցից երկուսը անմիջապես վիրահատվել են. նրանց վիճակը երեկվա դրությամբ ծանր էր: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դանակահարվածներից մեկը անչափահաս է՝ 2002 թվականին ծնված:
Միջադեպի մասնակիցները Լոռու մարզի Լեջան գյուղից են: Թե որն է եղել դանակահարության իրական պատճառը, դեռեւս հայտնի չէ: Սակայն գյուղում արդեն իսկ մի քանի վարկած է շրջանառվում: Ըստ այդմ, խոսակցություններ կան, որ երիտասարդներն իրար չեն հասկացել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Ի դեպ, ասում են, որ նրանք բոլորն էլ ազգականներ են:
Ըստ նույն լուրերի՝ վիճաբանության բոլոր մասնակիցները Լեջան համայնքի բնակիչներ են:
Լեջան համայնքի ղեկավար Սասուն Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց: Այսպես՝ դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Նա սովորաբար այնտեղ արտագնա աշխատանքի է մեկնում: Իսկ վիճաբանության պատճառը, համայնքապետի փոխանցմամբ, ըստ երեւույթին՝ եղել է գումարային հարցի շուրջ. «Տնտեսական հարցեր են ունեցել. 13 հազար դրամի անհասկացվածություն է եղել: Տեսնենք՝ իրավապահներն ինչ կպարզեն: Նրանց հետ էլ դեռեւս չեմ զրուցել»:
Ստեփանավանի բժշկական կենտրոնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ բուժօգնության դիմածներից մեկը ստացել է կրծքավանդակի, մյուսը՝ որովայնի հատվածում վնասվածքներ, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ նրա լյարդը: Մյուս տղայի վիճակն համեմատաբար թեթեւ է:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լոռի

 

 

 

ԱՎՏՈՎԹԱՐ
Գյումրիում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների եւ հավաքված անձանց միջեւ, որը վերաճել է զենքի գործադրմամբ խուլիգանության։
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։
ՔԿ-ից հայտնում են նաեւ, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի չկրակված փամփուշտներ, իսկ Շիրակացի փողոցում գտնվող մանկապարտեզի տարածքում՝ ՏՏ տեսակի ատրճանակ, որը, ըստ քննության տվյալների, նշված տարածք է նետել միջադեպի մասնակիցներից մեկը՝ դեպքի վայրից դիմելով փախուստի։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նա իրեն մեղավոր է ճանաչել միայն ապօրինի զենք կրելու մասով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է եւս երկու անձ՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն Է
Թեեւ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը» երեկ բոյկոտեցին Վանաձորի ավագանու նիստը, բայց դա չխանգարեց, որ նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդմնակալության արարողությունը տեղի ունենա: ԼՀ քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը Aravot.am-ին ասել է, որ Վանաձորում տեղի ունեցած «արարողությունը» սահմանված չէ որեւէ օրենքով, հետեւաբար՝ հայտարարված միջոցառումն անօրինական է. «Ըստ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ավագանու անդամների համար երդման արարողություն կարող էր նախատեսված լինել ավագանու կանոնակարգի մեջ, եթե նորընտիր ավագանիների կողմից հաստատված լիներ նման փաստաթուղթ, սակայն, ինչպես հասկացաք, Վանաձորի ավագանու առաջին խայտառակ նիստում որեւէ կանոնակարգ չի հաստատվել»:

 

 

ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ
Շաբաթ օրը Գյումրի այցելած Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում այդպես էլ չի հստակեցրել, թե, ի վերջո, որտեղ է կրելու պատիժը գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։ «Քանի որ դա մի քանի պայմաններ է իր մեջ ենթադրում, այսինքն՝ եթե-ներ ունենք, հետեւաբար, կարծում եմ, որ այսօր ուղղակի ժամանակի վատնում կլինի այդ եթե-ների մասին խոսել: Կհասնենք դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո իմ ասած եթե-ների իրավիճակներ կունենանք, անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի լուծումները դուք կտեսնեք», -խուսանավել էր գլխավոր դատախազը:

 

 

ՁՄԵՌԸ ՄՈՏ Է
Հոկտեմբերի 18-19-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 6-8 աստիճանով:

 

 

ԴԻՄԵԼ Է
ՄԻՊ Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման եւ վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:




Լրահոս