ԿԵՆԱՑ` ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը երեկ հրավիրված արտահերթ նիստում հաստատեց ծրագիրը: Հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով: Եւ ի՞նչ է առաջարկում նոր կառավարությունը:
Հանրահայտ փաստ է, որ Հայաստանում առաջնային խնդիրը կոռուպցիան է, որը պատել է պետական կառավարման ողջ համակարգը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին: Սակայն, ինչպես նախորդները, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության համար եւս կոռուպցիան տասներորդ խնդիրների ցանկում է, իսկ ծրագրում կոռուպցիային վերաբերող ձեւակերպումները ավելի շատ կենաց են հիշեցնում: Մասնավորապես ծրագրում կարդում ենք. «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»: Իսկ ով է ասում, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունները բավարար «ջանք» չէին գործադրում: Լավ էլ ջանում էին, դրա արդյունքում էլ իրենց նշանակած իշխանական մեծամասնությունը տարեցտարի երկրի ողջ կապիտալը կուտակեց իր ձեռքում: Հենց այդ իշխանության շնորհիվ էլ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ:
Ինչեւէ, վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ նոր կառավարությունը պատրաստվում է նվազեցնել գազի եւ էլէներգիայի սակագինը: Կառավարության ծրագրից տեղեկանում ենք, որ իրականում կառավարությունը պատրաստվում է «մինչեւ 2016 թվականի ավարտը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ» ներդնել: Այլ կերպ ասած՝ եկող տարի հնարավոր է, որ ըստ սպառման ծավալների՝ գազի եւ էլէներգիայի սակագները տարբեր լինեն: Չհաստատվեցին նաեւ այն սպասումները, որ նոր կառավարությունը մաքսային ձեւակերպումներում պատրաստվում է «հսկիչ գներ» համակարգից հրաժարվել. այստեղ լուծումները միանշանակ չեն:

 

 
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ակտիվը ծրագրում է ՀԱՕԿ նախագահ եւ իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» գործընթաց կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ ԲՀԿ-ականները նախաձեռնում են գնալ իր տուն եւ խնդրել վերադառնալ քաղաքականություն, ու եթե նման բան տեղի ունենա, ինքը ինչպես է արձագանքելու: «Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի: Իսկ հարցի մնացած մասով կասեմ, որ սկզբունքորեն չեմ մեկնաբանում եթե-ապա հարցադրումները, կանխատեսումները ու հավանականության տեսությամբ համեմված տեղեկատվությունները»,- պատասխանեց Տոնոյանը:

 

 

 
Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե արդյոք իրենց կուսակցությունն արդեն որոշել է, թե գալիք ԱԺ ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու՝ դաշինքո՞վ, միայնա՞կ, թե՞ որեւէ կուսակցության ընտրացուցակով, եւ որ քաղաքական ուժի հետ է հնարավոր նման միավորումը: «Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք այս հարցերին լուծում կտանք: Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեւավորվի արդյունավետ դաշինք»,- պատասխանեց ՀԺԿ նախագահը:

 

 

 
Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձեւաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում: Թեեւ ՀՀԿ երիտթեւը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե: Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն՝ Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե: Երկու քաղաքներում էլ իշխանական լծակների գործադրմամբ հնարավոր եղավ արդյունք ապահովել: Հավելենք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքի օգտին քվեարկածներից եւ անգամ նրանց շտաբի ներկայացուցիչներից շատերը ՀՀԿ-ի անունը լսել չեն ցանկանում եւ խուսափում էին ՀՀԿ անունից հանդես գալ: Ուստի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի կարող լուրջ ակնկալիքներ չունենալ:

 

 

 
ԶԻՋՈՒՄԱՓՈԽ
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը նախօրեին ռուս լրագրող Դ. Կիսելեւին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է փոխզիջում, տարածաշրջանը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն,- ապա մանրամասնել,- դա ներառում է ԼՂ բնակչության անվտանգության ապահովում, ինքնակառավարում, տարբեր ներդրումային նախագծերի իրականացում Ադրբեջանի կողմից։ Եվ երկու ժողովուրդների խաղաղ համագործակցություն՝ պայմանով, որ ինքնավար ԼՂ-ի սահմաններից դուրս տարածքները կազատագրվեն։ Այսպիսին ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»: Ռուսական քարոզչամեքենայի առանցքային դեմքերից մեկին տրված այդ հարցազրույցը Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ էր: Զուգահեռաբար հիշեցնենք, որ ՀՀ եւս վերջերս տոնեց իր անկախության 25-ամյակը, սակայն Սերժ Սարգսյանից ռուսական լրատվամիջոցները նման հարցազրույցներ չվերցրին, փոխարենը օրերս Երեւանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի կապակցությամբ իրենց թույլ տվեցին հեգնախառը որակումներ: Սա՝ ի միջիայլոց:
Վերադառնալով Ղարաբաղի հարցով Ալիեւի արած հայտարարությանը՝ նշենք, որ «Արբեջանի կազմում ինքնավար հանրապետության» թեզը Ադրբեջանի նախագահի կողմից տեւական ժամանակ է՝ չէր հնչեցվել, եւ այն, որ այդ երկրի ղեկավարը, այն էլ՝ ռուսական թիվ մեկ քարոզչամիջոցով ամրագրում է այն սահմանագիծը, մինչեւ ուր իրենք պատրաստ են գնալ «փոխզիջումների», բավականին ուշագրավ է: Հիշեցնենք, որ անցած օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե քանի դեռ Բաքվում չեն հստակեցնում, թե մինչեւ ուր են իրենք պատրաստ գնալ փոխզիջումների, Երեւանում փոխզիջումներից խոսելը պարտվողականություն է: Եվ հիմա Ալիեւը հստակեցնում է, ինչպիսի՞ն է լինելու Երեւանի արձագանքը: Արդյո՞ք սրանից հետո եւս ՀՀ իշխանություններն ամեն առիթով տարբեր ամբիոններից չեն խոսելու փոխզիջումների մասին. սպասենք եւ կտեսնենք:
Մինչ այդ, սակայն, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները որեւէ լավ բան չեն խոստանում: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 14-ին արած հայտարարությունը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, մեղմ ասած, մտահոգիչ է: Հիշեցնենք, որ դեռ հուլիսին, Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկվելու մասին էր խոսել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, եւ հիմա Լավրովի այս երկրորդումը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ քննարկումները խորանում են, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել պաշտոնական Երեւանին:
Իհարկե, առայժմ ՀՀ իշխանություններն այս հարցում բավականին կոշտ հակադարձում են Կրեմլին, ինչը, սակայն, չի նշանակում, որ այս ուղղությամբ ճնշումներն առաջիկայում չեն մեծանալու:




Լրահոս