Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունից ամենամեծ սպասելիքներից մեկը, որը տածում են Հայաստանի գործարարները, վերաբերում է, այսպես կոչված, «հսկիչ գների» համակարգը կիրառությունից հանելուն: Սակայն կառավարության երեկ հրապարակված ծրագրից պարզ է դառնում, որ այս խնդիրն այդպես էլ ամբողջությամբ չի լուծվելու:
Հիշեցնենք, որ հենց այդ «հսկիչ գների» միջոցով է մաքսային ծառայությունը վերահսկում ապրանքների ներկրման շուկան: Բանն այն է, որ մաքսային օրենսդրությամբ մաքսային ծառայողին իրավունք է տրվում ինքնուրույն որոշել` ներկրված ապրանքի մաքսատուրքը հաշվարկելիս հիմք ընդունել գործարարի ներկայացված հաշիվ-ապրանքագրերը, թե դրանք համարել անարժանահավատ եւ կիրառել «հսկիչ գնի» մեթոդը: Արդյունքում, եթե հաշիվ-ապրանքագրերով գործարարը պետք է մեկ միավոր հարկ վճարեր, ապա «հսկիչ գներով» նրանից կարող են մինչեւ անգամ կրկնակի կամ եռակի անգամ ավել հարկ պահանջել: Հենց այս գործիքի միջոցով է, որ արտոնյալ գործարարներն իրենց մրցակիցների նկատմամբ առավելություն են ստանում, քանի որ նրանց ապրանքները մաքսազերծվում են հաշիվ-ապրանքագրերով, մյուսներինը` «հսկիչ գներով»: Այսպես կոչված՝ «անտեր» գործարարների կողմից առանց «թույլտվության» ապրանք ներկրելու դեպքում «հսկիչ գների» միջոցով նրանց ապրանքի ինքնարժեքը կտրուկ բարձրանում է, եւ նրանք ֆինանսական վնասներ կրելուց հետո երկրորդ անգամ չեն փորձում առանց թույլտվության ապրանք ներկրել:
Այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ շուկան ազատ է, եւ ով ինչ ցանկանում է, կարող է ներկրել, ապա առաջնահերթ պետք է խոստանա «հսկիչ գների» համակարգը կիրառել միայն այն դեպքերում, երբ ներկրողի կողմից մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության երեկ հրապարակած ծրագրի հարկային եւ մաքսային ոլորտներին վերաբերող բաժնում այսպիսի ձեւակերպում կա. «մաքսային հսկողության տեսանկյունից ոչ ռիսկային համարվող երկրներից ներմուծվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի մեխանիզմների կատարելագործում` գործարքի գնի մեթոդով (օրինակ՝ հիմք ընդունելով արտահանման հայտարարագրի համար հիմք հանդիսացած փաստաթղթերը)»: Այլ կերպ ասած՝ կառավարությունը չի պատրաստվում խնդիրը հիմնովին լուծել եւ կրկին հայեցողական գործիքներ է թողնում, որպեսզի հետագայում կարողանա գործարարներին «զսպել»:
Բնական հարց է ծագում՝ ՀՀ մաքսային ծառայության տեսանկյունից ո՞ր երկրներն են համարվելու «ոչ ռիսկային», ինչպե՞ս են միայն ծագման երկրով պայմանավորված որոշելու՝ տվյալ փաստաթղթերը արժանահավա՞տ են, թե՞ ոչ, եւ այսպես շարունակ: Վերցնենք Չինաստանի օրինակը. այդ երկրում տասնյակ հազարավոր ձեռնարկություններ զբաղված են հայտնի ապրանքանիշները կեղծելով: Միեւնույն ժամանակ կան նաեւ հազարավոր չինական ընկերություններ, որոնք ոչ միայն հայտնի ապրանքանիշ են ներկայացնում, այլ նաեւ առավել քան խստապահանջ են իրենց հեղինակությունն ու բարի համբավը պահպանելու հարցում: Այսինքն՝ ռիսկայնությունը զուտ երկրով պայմանավորելն ինքնին անարդարացի է: Մյուս կողմից, երբ մաքսային ծառայությունն ի սկզբանե ներկայացված փաստաթղթերը կասկածի տակ է դնում, արդեն իսկ խախտում է տվյալ գործարարի անմեղության կանխավարկածը, քանի որ նրան ակամա մեղադրում են փաստաթղթեր կեղծելու կամ առնվազն կեղծված փաստաթղթերը պետական մարմնին ներկայացնելու մեջ:
Իսկ ինչու ՀՀ կառավարությունը չի ցանկանում, որ մաքսային ծառայությունը պարզապես, մաքսազերծումն ի սկզբանե իրականացնել փաստաթղթերով` անկախ նրանից, թե տվյալ ապրանքի ծագման երկիրը որն է: Իսկ եթե մաքսային ծառայությունը կասկածներ կունենա, ապա կարող է ծագման երկրից հարցում կատարել` պարզելու համար փաստաթղթերը կեղծված են, թե ոչ:
Իրականում ՀՀ կառավարությունը փորձում է գործարարներին սիրաշահել. մյուս կողմից չեն ցանկանում եղած լծակներից ի սպառ հրաժարվել: Ի դեպ, ՀՀ կառավարությունը չի խոստովանում, բայց «հսկիչ գներից» ի սպառ չեն կարող հրաժարվել, քանի որ արտաքին առեւտուրն իրականացվում է ԵՏՄ օրենսդրությամբ: Այսինքն՝ հայկական կողմը եթե անգամ ցանկանա, ապա փաստացի չի կարողանա միակողմանի հրաժարվել այդ համակարգից: Մյուս կողմից, եթե անգամ ԵՏՄ անդամ երկրները համաձայնեն ընդհանուր օրենսդրությունում փոփոխություններ կատարել, ապա մինչեւ դրանք ուժի մեջ մտնեն, կարող է մոտ մեկ տարի տեւել: Մի խոսքով, իրականում գործարարների ոգեւորությունն այս դեպքում եւս արդարացված չէ: Բայց հաշվի առնելով այն, որ առաջիկա ամիսները նախընտրական են, գործարարները կարող են առիթն օգտագործելով օգտվել ժամանակավոր «ազատությունից»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՉՀԱՍՑՐԵՑ ՏԵՍՆԵԼ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն սեպտեմբերի 16-ին պայմանագիր է կնքել «Ոսկանյանշին» ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում կոմիտեի վարչական շենքի որոշ հարկեր պետք է վերանորոգվեն եւ հարդարվեն: Այդ աշխատանքների համար պետբյուջեից ընդհանուր հատկացվելու է 700 հազար դրամ: «Ժողովոիւրդ»-ը տեղեկացավ, որ այս պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը: Սակայն նա այդպես էլ չի հասցրել վերանորոգված շենքը «վայելել»: Հիշեցնենք, որ նա զբաղեցրած պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 4-ին, իսկ վերանորոգման աշխատանքները, ըստ պայմանագրի, ավարտվելու են հոկտեմբերի 20-ին:
ՀԱՂՈՐԴՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
«Ժողովուրդ» օրաթերթի` հոկտեմբերի 12-ին լույս տեսած «Ծեծի հետքերով» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք` հրապարակումը վերաբերում էր shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի դեպքին: Մասնավորապես, հայտնել էինք, որ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից ընդամենը փոխանցել էին մի լուսանկար, որտեղ Արտյոմ Խաչատրյանն է մի աղջկա հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կատարվածի վերաբերյալ նյութեր նախապատրաստել: Հարկ ենք համարում հիշեցնել նաեւ, որ Տ. Ուրիխանյանի գրասենյակի կողմից մեզ փոխանցված լուսանկարը, չնայած երկու կողմի համաձայնությանը, «Ժողովուրդ» օրաթերթը նպատակահարմար չի գտել հրապարակել` ելնելով լրագրողական էթիկայի նորմերից:
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նախարարը հայտարարագրել է մեկական ամառանոց եւ հասարակական նշանակության շինություն: Բացի այս, նախարարը հայտարարագրել է երեք հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz 320 S», «BMW X5 4.81» եւ «Toyota Land Cruieser 200 4.0» մակնիշի: Հրաչյա Ռոստոմյանի դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ըստ հայտարարագրի, կազմել են 12 հազար դոլար եւ 3 մլն 400 հազար դրամ: Ըստ նրա հայտարարագրի՝ այս տարվա ինն ամիսներին նրա եկամուտը կազմել է 3 մլն 200 հազար դրամ, որը նա ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից:
Ի ՎԵՐՋՈ՝ ԸՆԴՈՒՆԵՑԻ՞Ն
ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաեւ ՀԱՊԿ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ հայերեն եւ ռուսերեն լեզուներով հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների՝ հոկտեմբերի 14-ով թվագրված հայտարարությունը: «Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե ԼՂ հարցով հայտարարություն երեւանյան գագաթնաժողովը չի ընդունի:
ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ
ԱԻՆ տեղեկացմամբ՝ երեկվա դրությամբ Հայաստանում մի շարք ճանապարհներ դժվարանցանելի էին: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքներում ձյան տեղումներ են գրանցվել: Դժվարանցանելի է եղել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է եղել մերկասառույց: Վրաստանի ԱԻ ծառայության փոխանցմամբ՝ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին է փոխանցել Իրանի ՊՆ եւ ԶՈւ աջակցման նախարար, բրիգագի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ:
240 ԿՐԱԿՈՑ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):