ԱՎՏՈՎԹԱՐ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեւան-Սեւան ավտոճանապարհին բախվել են Opel եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն նրանցից 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ Հռիփսիմե Գասպարյանը Վարսեր գյուղից էր: Կատարվածի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարութունյանի հետ. «Կրթված ընտանիք են, մայրն ուսուցչուհի է, հայրն էլ՝ ինժիներ: Երկու երեխա ունեին, երկուսն էլ սովորում էին Երեւանում»: Գյուղապետի խոսքով՝ մահացած Հ. Գասպարյանը սովորում էր Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետում, իսկ եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը, ով միջին ծանրության վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Հավելենք, որ վերջիններիս հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ վթարից տուժածներից 3 հոգի Հրազդանի ԲԿ-ից տեղափոխվել են «Հերացի» հիվանդանոցային համալիրի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Նա նաեւ տեղեկացրեց, որ մահացած աղջկա եղբոր մոտ կասկածվում է գանգուղեղային տրամվա, այս պահին կատարվում են լրացուցիչ հետազոտություններ:

 

 

 

 

4 ԸՆՏԱՆԻՔ ԳԱԶ ՈՒՆԻ
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Պետրովկա գյուղի հիմնական խնդիրը ամբողջական գազաֆիկացումն է: Համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանի խոսքով՝ 213 բնակիչ ունեցող գյուղում միայն 4 ընտանիք է կարողանում օգտվել կապույտ վառելիքից: Գյուղում գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են տարիներ առաջ, սակայն ամբողջությամբ ավարտին չեն հասցվել: Ներկայումս մի քանի կմ խողովակաշար է հարկավոր, որպեսզի բոլորին հասանելի լինի կապույտ վառելիքը, իսկ ծրագիրը կյանքի կոչել համայնքի բյուջեով հնարավոր չէ: Գյուղի դպրոցն ունի 30 աշակերտ եւ 18 աշխատակից: Ձմռանը ջեռուցում են էլեկտրականությամբ: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող Պետրովկայից 16 տարվա ընթացքում, ըստ համայնքի ղեկավարի, արտագաղթել են միայն 4-5 ընտանիքներ: Գյուղը մարզկենտրոնին ու շրջկենտրոն Տաշիրին կապող ավտոբուս չունի, բնակչությունն օգտվում է Մեծավանի ավտոբուսից՝ մինչ այդ մեկ կմ քայլելով: Պետրովկայում նաեւ մանկապարտեզ չկա:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 




Լրահոս