«ՈՉԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Անի Լուպեի (Անի Գրիգորյան) հետ, որին հեռուստադիտողները շուտով կտեսնեն «Ազիզյանները» նոր ընտանեկան սիթքոմում:

-Անի՛, սիթքոմում խաղալով` հաջողվո՞ւմ է ինքներդ Ձեզ նորովի բացահայտել:
-Այո՛, ի դեպ, ասեմ, շատ հետաքրքիր խաղընկերներ ունեմ: Բայց, այնուամենայնիվ, թատրոնում ներկայացվող հումորն ավելի կենդանի է: Բեմում դու զգում ես հանդիսատեսի էներգիան եւ դրանից ոգեւորվում ես, խաղդ էլ բնական է ստացվում: Սիթքոմի պարագայում իրավիճակն այլ է, թեեւ թեթեւ հումորն էլ իր տեղն ունի:
-Թատրոնում նոր դերեր ունե՞ք:
-Այո՛, Կամերային թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել, շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին: Կարծում եմ` այն թեմատիկ առումով եւ ասելիքով կտարբերվի խաղացանկում ներառված մյուս ներկայացումներից: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերից, սերիալներից առաջարկներ ունե՞ք:
-Սերիալներից ունեմ հրավերներ, բայց ասեմ, որ դրանց սցենարներն ինձ դուր չեն գալիս: Բոլոր երկրների սերիալներում էլ ներկայացված է կենցաղ, սակայն հայկական տարբերակի դեպքում կենցաղի գործոնը շատ է շեշտված: Ես չեմ կարող նկարահանվել մի նախագծում, որտեղ կերպարները միմյանց հետ «ախչի»-ով ու «արա»-ով են խոսում: Փոխարենը երազում եմ որեւէ պատմական ֆիլմում կամ սերիալում խաղալ: Այնքա՜ն եմ նախանձում այն երկրներին, որոնք նմանատիպ նախագծերի միջոցով անդրադառնում են իրենց պատմությանը: Եթե նույնիսկ դա ծախսատար լինի, արժի այդ քայլին գնալ:
-Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետում: Այնպես որ, երգելը Ձեզ համար հոբբի չէ, այլ մասնագիտություն: Շարունակո՞ւմ եք ներկայանալ նաեւ որպես երգչուհի:
-Այո՛, երգում եմ տարբեր ակումբներում, առաջին հերթին նախընտրում եմ հանդես գալ լատինոամերիկյան երգերով:
-Թե՛ Ձեր արտաքինով, թե՛ կենսակերպով ու ներաշխարհով տարբերվող տեսակ եք: Դա ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Շատ հաճելի է գիտակցել, որ բոլորին նման չես: Նույնիսկ ինձ հաճախ հարցնում են. «Դու հա՞յ ես»: Բայց լինում է նաեւ այնպես, որ ասում են. «Դու իսկը հայուհու կերպար ես»… Այնքան հետաքրքիր է… Առհասարակ, տարբերվելու միտումը լավ է անդրադառնում դերասանական կարիերայի վրա: Այլապես Հայաստանում ձեւավորվել է մի սերունդ, որի ներկայացուցիչները նմանվել են միմյանց:
-Հետաքրքիր է` արտերկրում աշխատելու վերաբերյալ գայթակղիչ առաջարկներ ստացե՞լ եք:
-Ավելի վաղ Մոսկվայի թատրոններից մեկից եղել է նման առաջարկ, որը, սակայն, իմ սրտով չէր եւ ես մերժեցի: Բայց չեմ փոշմանել դրա համար: Իսկ, առհասարակ, ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի, կպած չեմ իմ հողից (հատկապես մեր ասպարեզի մարդու պարագայում դա սխալ է), թեեւ շատ եմ սիրում հայրենիքս:
-Դուք այն քիչ արտիստներից եք, որը չի խուսափում ընդգծել իր անհատականությունը անկեղծ ֆոտոշարքերի միջոցով, համարձակ կերպարներում ներկայանալով: Ինչպե՞ս էր այդ երեւույթին արձագանքում հայ հանրությունը, օրինակ, 5 տարի առաջ, եւ ինչպիսին է արձագանքն այսօր:
-Ես վստահ եմ` որ երկրում էլ ապրեի, այսպիսին էի լինելու: Ճիշտ է` տվյալ երկրում ընդունված սովորույթներն ինչ-որ չափով սահմանափակում են դրսեւորումներդ, բայց մեծ հաշվով, ամեն բան կախված է մարդու անհատականությունից: Ես չեմ վախենում ոչնչից եւ իմ անձնական կարծիքն ունեմ այդ հարցերի վերաբերյալ: Այն, ինչ ես անում եմ այստեղ, նույնը կանեի Եվրոպայում, ո՛չ ավել, ո՛չ պակաս:
-Ձեր ընտանիքի անդամնե՞րն էլ են նույնքան լայնախոհ:
-Նրանք շատ լավն են, բացի այդ` ես ոչինչ չեմ արել, որ նրանք հանկարծ իրենց ինչ-որ առումով վատ զգան: Ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի, չնայած ես այդ երկու բառերը չեմ սիրում, միշտ ասում եմ, որ ոչինչ չափի մեջ գեղեցիկ չէ: Ուրիշ բան, որ մարդ պետք է «հոտառություն» ունենա:
-Անի՛, հետաքրքիր է` տղամարդիկ Ձեր մեջ առաջինը ո՞ր հատկանիշներն են նկատում:
-Երեւի անմիջականությունը: Գուցե պետք չէ այդպիսին լինել, բայց բնավորություն է, ինչ արած:
-Կողքից դիտելով Ձեր եւ դերասան Սենիկ Բարսեղյանի հարաբերությունները՝ կարելի է ենթադրել, որ Ձեր միջեւ սիրավեպ կա: Ի՞նչ կասեք:
-Չէ՛, Սենիկն իմ մոտ ընկերն է, ավելի ճիշտ` մեր տան անդամը, ես էլ` իրենց տան: Օրը 24 ժամ իրար հետ աշխատում ենք, Սենիկին ասում եմ. «Դու որ ամուսնանաս, գալու եմ, ձեր տանը ապրեմ, իսկ եթե ես ամուսնանամ, դու ես գալու» (ծիծաղում է):
-Հայ տղամարդու կերպարը Ձեզ հոգեհարազա՞տ է:
-Իհարկե, մեր տղամարդիկ շատ «ջիգյարով են»: Եթե խոսքը իսկական հայ տղամարդկանց մասին է, ապա շատ եմ սիրում նրանց:
-Անձնական կյանքում Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
-Առհասարակ, ես հաջողակ եւ երջանիկ մարդ եմ, միշտ ասում եմ. «Աստվա՛ծ ջան, շնորհակալ եմ, որ ինձ այսքան շատ ես սիրում»: Ինձ թվում է` նա ինձ մի փոքր ավելի շատ է սիրում, քան մյուսներին (ծիծաղում է):
-Հիմա Ձեր կողքին տղամարդ կա՞:
-Այո՛, կյանքի մի փուլում եմ, որի ընթացքում հանդիպում ես մեկին, շփվում ես, որ տեսնես` ձեր հարաբերությունները ստացվում են, թե ոչ: Փառք Աստծո, իմ պարագայում ստացվում է:
-Ասում են` սիրո համար վատագույն հանգուցալուծումն ամուսնությունն է: Դուք ի՞նչ կասեք:
-Ես միշտ զարմացել եմ, երբ մարդիկ ասել են. «Վա՜յ, ամուսնանալով` մարդը թողնում է իր ազատ կյանքը»: Ինձ համար ամուսնությունը հենց ազատություն է: Այսինքն` դու քո կողքին ունես մեկը, որի վրա կարող ես հենվել, որի հետ դու ապահով ես զգում, ուստի ավելի ազատ ու համարձակ ես ապրում: Հենց դա է ազատությունը…

 

 

 
«ՄՏԱԾՈՒՄ ԵՆ` ԸՆԿԵԼ ԵՄ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԻՑ»

Դուդուկահար Կամո Սեյրանյանը պատրաստվում է 2017-ին Երեւանում ներկայանալ մեծ մենահամերգով, որի ընթացքում հանդես կգան նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Լոս Անջելեսի «Forbidden Saints» խումբը (վերջինս ազգային տարբեր պատկանելության եւ տարբեր տարիքի հանդիսականի առաջ ներկայացել է աշխարհի մի շարք բեմերում):

«Համերգին հրավիրված է լինելու 100-120 երաժիշտ, որոնց մի մասին բախտ է վիճակվել նվագակցել աշխարհահռչակ հույն երաժիշտ Յանիին: Բավական խիտ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում ներառված են միջնադարյան, ժողովրդական գործերից մինչեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները` նոր գործիքավորմամբ, դասական մոտեցումներով: Օրինակ` քոչարին ներկայացնելու ենք ակումբային ռիթմերով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դուդուկահարը:
Կ. Սեյրանյանը պատմեց, որ երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանն իր համար մի ստեղծագործություն է հեղինակել, որը կոչվում է «Կարոտ»: Այն եւս կհնչի մենահամերգի ընթացքում: Բացի այդ` դուդուկահարը մի անակնկալ է պատրաստում երգիչ, երգահան Հայկոյի համար. «Նա դեռ չգիտի իր գլխի գալիքը (ծիծաղում է): Պատրաստվում եմ նոր գործիքավորմամբ ներկայացնել «Սպանված աղավնի» եւ «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմերի սաունդթրեքերը (հեղինակ` Հայկո): Պատկերացնո՞ւմ եք` ինչ հետաքրքիր կստացվի, եթե լատինոամերիկյան ոճը ներկայացնող երաժիշտներն իրենց ձեռագիրը դնեն այդ գործերի մեջ»,-մեկնաբանեց դուդուկահարը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք Կամո Սեյրանյանը երկրպագուների համար նոր տեսահոլովակ պատրաստում է. «Մեկ տարի է` տեսահոլովակ չեմ ներկայացրել, մարդիկ երեւի մտածում են` ընկել եմ փող աշխատելու հետեւից, մոռացել եմ, բայց դա այդպես չէ: Մտադիր եմ հանդիսատեսի դատին հանձնել երաժշտություն` Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործության հիման վրա»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՐԿԻՆ ԿՇՐՋԱԳԱՅԵՆ
Հոկտեմբերի 10-ին աշխարհահռչակ System of a Down խումբը հայտարարեց իր վերամիավորման եւ եվրոպական նոր շրջագայությունների մասին։ Այժմ արդեն հայտնի է, որ տեւական դադարից հետո խմբի անդամները` մենակատար Սերժ Թանկյանը, կիթառահար Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդաջյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը, համերգներով հանդես կգան Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում եւ Չեխիայում` 2017-ի հունիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում:

 

 

 

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան նոյեմբերի 19-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում վարպետության դաս կանցկացնի:
Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռ. Ստուրուան ծնվել է 1938 թ. հուլիսի 31¬ին Թբիլիսի քաղաքում, վրացի հայտնի նկարչի ընտանիքում: Ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: 1962¬2011թթ. աշխատել է Շ. Ռուսթավելու անվան թատրոնում: 1979 թ. սկսած նույն թատրոնում զբաղեցրել է գլխավոր բեմադրիչի, իսկ 1980-ին` գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Ստուրուային Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացրել են այլատյացություն հրահրող հայտարարություններ անելու համար:

 

 

ԳԱՅԼԱԽՏԸ  ՍՐՎԵԼ Է
Ամերիկյան հայտնի երգչուհի Թոնի Բրեքսթոնը հայտնվել է Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նրա ներկայացուցիչը հայտնել է The Hits շրջագայության շրջանակում կայանալիք համերգների չեղարկման մասին: Tatler-ի փոխանցմամբ` երգչուհու հոսպիտալացման պատճառը գայլախտ հիվանդության սրացումն է: Այն երգչուհու մոտ հայտնաբերվել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, Բրեքսթոնը գայլախտով հիվանդ միակ աստղը չէ: Ավելի վաղ հայտնել էինք, որ անբուժելի աուտոիմունային հիվանդությամբ տառապում է նաեւ 24-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը:




Լրահոս