ՍՊԱՌՈՂԸ ԽԱԲՎՈՒՄ Է` ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԻՄԱՆԱԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը: Բանն այն է, որ այս տարվա ապրիլին պարզվել էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում: Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել, որ մինչեւ օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը: Սակայն դա չի իրականացվել, եւ պարզվում է՝ մոտ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն: Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մոտ 30 հազար սպառող ՀԷՑ-ի կողմից խաբվում է, քանի որ նրա սպառած էլէներգիայի վարձավճարը ճիշտ չի հաշվարկվում: Ավելին՝ սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են:
Ինչեւէ: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանից փորձեց պարզել, թե արդյոք իրենք առարկում են նշված նախագծի դեմ: Ի պատասխան՝ մամուլի պատասխանատուն ասաց, որ նիստի ընթացքում իրենց ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց փաստարկները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստարկները երկու տեսակի են լինում՝ բացատրության կամ առարկությունների տեսքով: Երբ փորձեցինք այս հանգամանքը ճշտել, Նատալիա Սարջանյանը պատասխանեց. «Մինչեւ նիստ չեմ կարող ասել»:

 

 
ՀՀ վարչական դատարանը նախօրեին մերժեց ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության՝ թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը չեղյալ ճանաչելու մասին բողոքները: Սակայն ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն դեռեւս կարող են ՀՀ ընտրական օրենսգրքի 165 հոդվածի սահմանադրականությունը բողոքարկել ՍԴ, քանի որ այդ նորմի կիրառման արդյունքում նրանք տուժել են. ավագանու անդամի մեկական մանդատ են կորցրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԸՕ համապատասխան նորմը հակասահմանադրական ճանաչելու համար: ՀՎԿ-ից, այսինքն՝ ՕԵԿ-ից եւս հավաստիացրեցին, որ իրենք դիմելու են ՍԴ: Սակայն ամենաուշագրավն այն է, որ եթե անգամ ՍԴ-ն բավարարի դիմումները, եւ ԸՕ այդ նորմը հակասահմանադրական ճանաչի, միեւնույն է՝ դրանից իրավիճակը չի փոխվելու: «Բալասանյան» դաշինքի 17 մանդատները չեն դառնա 15, իսկ ԲՀԿ-ի 8-ը` 9, ՀՎԿ-ի 4-ն էլ` 5:

 

 

 
Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը: Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված: Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում: Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ. Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից որեւէ մեկից հաշիվ պահանջել: Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը երբ 2014-ի մայիսին իր ծրագիրը ներկայացրեց, տարեկան առնվազն 5 տոկոսի տնտեսական աճ էր խոստանում: Երբ 2014-ին պարզվեց, որ տնտեսական աճը ընդամենը 4.1 տոկոս է կազմում, իսկ 2015-ին՝ 3.1 տոկոս, ակնհայտ էր, որ ծրագիրը չի կատարվել: Բացի այդ՝ նախորդ կառավարությունը խոստանում էր, որ երեք տարում աղքատության ցուցանիշը 10 տոկոսով կնվազի, բայց նվազեց 2 տոկոսով, այս տարվա ցուցանիշն էլ դեռ հայտնի չէ, եւ այսպես շարունակ: Նման «խոստումներ» Կ. Կարապետյանի կառավարության ծրագրում չկան, հետեւաբար նրանց ոչ ոք էլ չի կարող մեղադրել տնտեսությունը չզարգացնելու մեջ:

 

 

 
ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից: Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն եւ ավտոմեքենա չունի: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 7 մլն դրամ: Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երեւույթ լիներ, եթե իրականում հենց այդպես էլ լիներ: Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային: Բայց ողջ խնդիրն այն է, որ Խաչատուրովի եւ նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երեւանում լեգենդներ են շրջանառվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին մեր իրականությունը եւ փաստաթղթերով մատուցվող պատկերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է:

 

 

 
ԴԵՖՈԼՏՈԳԵՆԻԿ
Ընդամենը մի քանի օր առաջ՝ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարելիք այցի նախօրեին ՀՀ-ին սպասվող դեֆոլտի մասին «գուժած» Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել նոր կառավարությանն ուղղված 2 առաջարկներով՝ դրանց իրագործմամբ պայմանավորելով երկիրն այս վիճակից հանելու հնարավորությունը: Ընդ որում, իր երեկվա ուղերձը Տեր-Պետրոսյանը սկսում է վստահությամբ, որ «Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով»: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության փոփոխությունը Տեր-Պետրոսյանը որակել էր որպես «թատերական արարողություն»: Թե հատկապես ինչն է այսքան կարճ ժամանակահատվածում նման բեկում մտցրել Կ. Կարապետյանի հանդեպ Տեր-Պետրոսյանի վերաբերմունքում, դժվար է ասել: Համենայնդեպս, երեկ արդեն նա խոսում էր ոչ թե դեֆոլտի, այլ այս կառավարությունից իր սպասելիքների մասին եւ առաջարկում. «1. Վերացնել նախարարությունների, պետական այլեւայլ գերատեսչությունների, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները: 2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով: Եթե կառավարության ծրագրում այս երկու դրույթները չընդգրկվեն, ապա ՀՀ-ի տնտեսական վիճակի բարելավման ու զարգացման հույս փայփայելն անիմաստ կդառնա, իսկ նոր կառավարությունը կարժանանա նախորդ երկուսի բախտին»,- եզրափակել էր Տեր-Պետրոսյանը:
Դժվար է ասել, թե ինչու էր նա հատկապես նշել վերջին 2 կառավարություններին եւ ոչ թե, ասենք, 3-ին: Արդյոք ոչ այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանից եւ Տիգրան Սարգսյանից առաջ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Ս. Սարգսյանը, որի շուրջը համախմբվելու եւ նրան բանակցային սեղանի մոտ ուժեղացնելու կոչով Տեր-Պետրոսյանը հանդես եկավ անցած ապրիլի 9-ին: Սա մի հարց է, որի պատասխանը շատ դժվար է տալ հատկապես 2015թ. փետրվարի 12-ից հետո, երբ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը՝ յուր բուրժուադեմոկրատական ատրիբուտիկայուվ, հօդս ցնդեց, ինչի արդյունքում ՀՀ առաջին նախագահն իրեն նվիրեց իշխանություններին ուղղված բաց նամակների, հանդիպման առաջարկների, հրապարակային աջակցության կոչերի քերթմանը: Եվ հիմա էլ, փաստորեն, երկրորդելով Ս. Սարգսյանի մոտեցումը, թե Կ. Կարապետյանը կարող է լինել «փոփոխությունների սիմվոլ», Տեր-Պետրոսյանն է խոսում «զարգացման հույսերի» մասին եւ փորձում իր խորհրդով օգնել «սիմվոլին»:
Անկախ դրդապատճառներից՝ նկատենք, որ Տեր-Պետրոսյանի 2 առաջարկն էլ միանգամայն տեղին են, սակայն ամենեւին ոչ բավարար: Էլ չասած, որ ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի վավերացումը ոչ թե կառավարության, այլ Աժ գործառույթն է, հետեւաբար՝ Կ. Կարապետյանի լիազորություններից դուրս է: Դժվար թե Տեր-Պետրոսյանն այդ մասին չիմանար:




Լրահոս