ՆԱԽԱԴԵՖՈԼՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը ներկայացրել է իր եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահան Կարապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Եզրակացության մեջ նշված է, որ նախագիծը իրավական տեսանկյունից թերի է, առկա են կառուցվածքային եւ բովանդակային բացթողումներ: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված բովանդակությամբ եւ կառուցվածքով օրենքի նախագծի ընդունումը: Թե որքանով է հիմնավոր կառավարության եզրակացությունը, եւ ի՞նչ են պատրաստվում այս պարագայում անել նախագծի հեղինակները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Լյովա Խաչատրյանից:

-Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունը ներկայացրել է իր եզրակացությունը Ձեր եւ Ձեր գործընկերների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարությունը կարծում է, որ այս նախագիծը իրավական տեսանկյունից թերի է: Ձեր արձագանքը:
-Մենք հասարակ բան ենք առաջարկում. վարկերը արտոնյալ տալ, արտոնյալ ժամկետ սահմանել եւ այլն, հասարակ առաջարկություններ ենք արել, թերիի խնդիր չկա, երեւի անթերի միայն Աստծո ձեռքով ստեղծվածն է լինում, մեկ էլ երեւի մեր կառավարության որոշումները:
-Եզրակացության մեջ նաեւ նշված է, որ նախագծում առկա են կառուցվածքային եւ բովանդակային բացթողումներ:
-Ախր բովանդակայինի հետ ինչ խնդիր կարող է լինել, մենք ուղղակի ասում ենք՝ տանք 14%-անոց վարկ, վարկի ստացման արտոնյալ ժամկետ, որ գյուղացին վերցնի եւ իմանա, որ որոշ ժամանակ տոկոս չի վճարելու, գումարը դնելու է գործի մեջ, ոտքի է կանգնելու: Մենք պարզ բաներ ենք այստեղ առաջարկում, ես չեմ հասկանում, ինչ են ուզում, ուրիշ ինչ են ուզում դրանք:
-Նշված է նաեւ, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման խնդիրն արդեն իսկ կարգավորված է ՀՀ կառավարության 31.03.2011թ. N 349-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգով եւ անհրաժեշտության դեպքում կարող եք ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված կարգում կատարել համապատասխան փոփոխություններ:
-Այդ խնդիրը կարգավորված չէ, իրենք տալիս են 14%-անոց վարկ, մինչեւ 6% սուբսիդավորում են տալիս, արտոնյալ ժամկետ չեն հատկացնում, արտոնյալ սահմանաչափ չեն տալիս: Մենք առաջարկում ենք 8% սուբսիդավորել, առաջարկում ենք որոշակի ժամանակահատվածի համար տոկոս չվերցնել, մենք առաջարկում ենք լրիվ արտոնյալ տալ, առանց տոկոսի, հասկանու՞մ եք, մենք այն ենք առաջարկում, ինչ պետք է գյուղացուն ոտքի կանգնելու համար: Մենք զգում ենք, որ վերջին տարիներին գյուղացին ոտքի չի կանգնում, որովհետեւ քիչ է աջակցությունը:
-Իսկ Դուք նախագծի վերաբերյալ քննարկումներ անցկացրե՞լ եք կառավարության ներկայացուցիչների հետ:
-Ես ոչ, համահեղինակներն անցկացրել են, թե ոչ, տեղյակ չեմ: Ես գտնում եմ, որ այս նախաձեռնությունն այսօր շատ ակտուալ է, թող նույն շաբլոնով նույն պատասխանները չտան, մենք նախագծեր ենք ներկայացնում, պատասխանները միշտ նույնն են լինում, ասում են` չի ընդունվում, թերի է, պակաս է, ապագայում կանդրադառնանք եւ այլն: Իրենց անթերի գործողությունները, իրենց անթերի օրենքների նախագծերը, որոնք ընդունվում են իրենց անթերի թիմակիցների կողմից.. այ, էդ ամենի արդյունքում այսօր նախադեֆոլտային իրավիճակ են ստեղծել Հայաստանում: Եթե իրենց ներկայացրածները անթերի լինեին, մենք այս վիճակը չէինք ունենա: Մեր առաջարկածն է անթերի, որն իրենց համար թերի է:
-Առանց կառավարության եւ, ըստ այդմ, խորհրդարանական մեծամասնության համաձայնության իմաստ ունի՞ այն փորձել մտցնել օրակարգ:
-Դե, եթե մենք այդպես մտածենք, որ մեծամասնությունը չի ընդունելու, ուրեմն մանդատներս պիտի վայր դնենք եւ դուրս գանք խորհրդարանից, մենք պիտի պայքարենք: Մենք ներկայացնում ենք, այս կառավարությունը չի ընդունի, մյուսը կընդունի, չենք կարող չաշխատել, չենք կարող չառաջարկել, չենք կարող չմտահոգվել: Եթե մտածում ենք, որ ճիշտը սա է, չենք կարող պարզապես չառաջարկել եւ մեր աշխատանքը չկատարել որպես ոլորտին տեղյակ եւ մտահոգված անձ:
-Այնուամենայնիվ, այն կընդգրկվի՞ ԱԺ օրակարգ:
-Ես չգիտեմ` հանձնաժողովը ինչպես կարձագանքի, դեռ հանձնաժողովը պիտի քննարկի, բայց կարծում եմ՝ կընդգրկվի, պարզ բան ենք առաջարկել, որն այսօր ակտուալ է:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ

Ինչպես հայտնի է` այսօր` ժամը 12:00-ին, նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը: Ու, մինչ երեկ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք քննարկում եւ վերլուծում էին կառավարության ծրագիրը, ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ անհաղորդ սպասում էին, թե երբ է ԱԺ ներկայացվելու նորանշանակ վարչապետի ծրագիրը, որպեսզի իրենք էլ ծանոթանան եւ կարողանան իրենց գնահատականը տալ:

Արդյունքում, երեկ՝ ժամը 15:00-ի դրությամբ, ծրագիրը դեռեւս Ազգային ժողով չէր ներկայացվել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերն էլ նշում էին, թե այն միայն այսօր կներկայացվի Ազգային ժողովի պատգամավորներին: Ստացվում է, որ այսօրվա արտահերթ նիստում քննարկվելիք ծրագրին պատգամավորներից շատերը չեն հասցնելու ծանոթանալ: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը եւս ծրագրին ծանոթ չէին, եւ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ժամանակ պատգամավորներին կառավարության ծրագիրը ներկայացվել էր:
Փաստորեն հանրապետականներից շատերը «զբաղված» լինելով՝ չեն հասցրել կամ ցանկություն չեն ունեցել կարդալ կառավարության ծրագիրը, իսկ, ահա, ընդդիմության ներկայացուցիչներն էլ դժգոհում էին, թե ինչո՞ւ իրենք պետք է մտնեն ՀՀ կառավարության պաշտոնական կայք եւ այնտեղ ծանոթանան ծրագրին, եթե օրենքով այն ժամանակին պետք է բերվեր Ազգային ժողով եւ բաժանվեր պատգամավորներին:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ազգային ժողովում քննարկվելիք կարեւորագույն փաստաթղթերը պատգամավորներին տրամադրվում են ուշացումով: Վերջերս հարկային օրենսգրքի շուրջ եւս մեծ աղմուկ էր բարձրացել: Արդեն գրել ենք, որ տնտեսական այդ կարեւորագույն փաստաթուղթը խորհրդարան էր ներկայացվել քվեարկությունից մեկ օր առաջ եւ պատգամավորներից շատերը չէին էլ հասցրել ծանոթանալ շուրջ 700 էջից բաղկացած նոր օրենսգրքին: Ինչեւէ, այսօր որոշ պատգամավորներ պատրաստվում են այս խնդիրը բարձրաձայնել եւ, ի վերջո, պարզել, թե ինչո՞ւ հատկապես կարեւոր փաստաթղթերը ԱԺ չեն բերվում ժամանակին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԴԵՌ ՉԳԻՏԻ՝ ԻՆՉ ԿԼԻՆԻ
«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր, «ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, նախկին ՀՅԴ-ական, այնուհետեւ «Ժառանգության» անդամ, իսկ այժմ անկուսակցական Ռուբիկ Հակոբյանից փորձեց պարզել՝ առաջիկայում 2017թվականի խորհրդարանական ընտրություններն են, նա իր ապագան ո՞ր քաղաքական ուժի հետ է պատկերացնում: «Ոչինչ չեմ ծրագրել, որեւէ բան չեմ ծրագրել, ահագին ժամանակ ունենք»,- պատասխանեց Ռուբիկ Հակոբյանը: Ի դեպ, ուշագրավ էր, որ նա չցանկացավ պատասխանել, թե արդյոք կան ուժեր, որոնց հետ ինքն իր համագործակցությունը բացառում է: Այլ կերպ ասած՝ չցանկացավ ոչ մի դուռ «փակել», մեծ աշխարք է, ով գիտի՝ իրադարձություններն ինչպես կզարգանան:

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ Է ՍՏԻՊԵԼ
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, որտեղ հանդիպել է կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների հետ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վարդենիսի կարտոֆիլագործները բողոքի ակցիա անցկացրին. նրանք դժգոհում են կարտոֆիլի ցածր գնից եւ ՊՆ մատակարարների առաջարկներից: Ինչպես հայտնի է՝ ՊՆ մատկարարները գյուղացիներին 1 կգ կարտոֆիլի դիմաց առաջարկում են 40-45 դրամ, սակայն նախարարությանը այն վաճառում են 80-104 դրամով: Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպումներ է ունեցել Վարդենիսում եւ Գավառում: Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մարզպետարանի շենքում: Նա ֆերմերներին խոստացել է լրջորեն զբաղվել խնդրով: «Ժողովուրդ»-ը ֆերմերներից տեղեկացավ, որ գյուղնախարարը խոստացել է ՊՆ մատակարարների հետ քննարկել կարտոֆիլի գները եւ հարկ եղած դեպքում ստիպել, որպեսզի նրանք գյուղացիներից գնեն 60 դրամով: Իհարկե, 60 դրամ գինը նույնպես չի գոհացնում ֆերմերներին, բայց ամեն դեպքում 40 դրամից ավելի լավ առաջարկ է:

 

 

ԲՅՈՒՋԵԻ 3/4-Ը ԾԱԽՍՎԵԼ Է
Երեկվա դրությամբ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 74 միլիարդ 500 միլիոն դրամ: Կարելի է ասել, որ պետական բյուջեի երեք քառորդ մասն արդեն ծախսվել է: Պետական բյուջեով այս տարվա համար նախատեսված, բայց դեռեւս չիրականացված ծախսերի չափը երեկվա դրությամբ կազմում էր 371 միլիարդ 613 միլիոն դրամ: Երեկվա դրությամբ դեռ անհայտ էր, թե այս տարվա 9 ամիսների արդյունքներով որքան հարկեր եւ տուրքեր է մուտք եղել պետական բյուջե: Այլ կերպ ասած՝ անհայտ է, թե մինչ օրս իրականացված ծախսերի որ մասն է «վաստակած» գումարներով իրականացվել, որ մասը՝ «պարտքով»:




Լրահոս