ԿԲԱԽՎԻ ԱՐԴՅՈ՞Ք ԱՄՆ-Ն ՆԱԽԱԳԱՀԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԽՆԴՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, եւ բնական է, որ ամեն անցնող օրվա հետ ընտրարշավն էլ ավելի պիտի թեժանա: Իրենց յուրօրինակությամբ աչքի ընկած այս ընտրությունների վերջին փուլն էլ է խոստանում լինել խիստ տարօրինակ` ԱՄՆ-ի պետական համակարգին պատուհասող լրջագույն վտանգների հեռանկարով: Խնդիրն այն է, որ պատմության մեջ թերեւս եզակիորեն հիմնական թեկնածուներից մեկը կանխավ հայտարարում է ընտրությունների կեղծման հավանականության մասին:

Դեռ ամիսներ առաջ հպանցիկ անդրադառնալով ընտրությունների կեղծմանը` Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հրապարակավ իր թերահավատությունն էր արտահայտել ընտրությունների արդարության շուրջ: Վերջին օրերին, երբ մի շարք ԶԼՄ-ներ շարունակաբար հրապարակում են հարցումների արդյունքները, որոնցով Թրամփը 5-10 տոկոսով զիջում է իր հիմնական մրցակցին, Հանրապետական թեկնածուի բառապաշարը զգալիորեն կոշտացել է: Բավականին հիմնավոր է հնչում այն կարծիքը, որ Թրամփն իր անխուսափելի պարտության համար ցանկանում է հող նախապատրաստել: Գործարար-թեկնածուն նկատում է, որ տարածված հարցումներով իբր ինքը կորցրել է կանանց աջակցությունը վերջին օրերին դաժանորեն թմբկահարվող սկանդալների պատճառով: Թրամփը պնդում է, որ հնարովի բոլոր ասեկոսեները տարածվում են միայն մեկ նպատակով` ընտրությունները կեղծելու ու դրանց լեգիտիմություն հաղորդելու համար:
Նախընտրական վերջին հանրահավաքներում քանիցս բարձրաձայնելով ընտրությունների հնարավոր կեղծման մասին` Թրամփը սարսափի է մատնել ոչ միայն ընտրողներին, այլեւ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: ԱՄՆ-ի կառավարող վերնախավը լուրջ մտահոգություն ունի, որ նոյեմբերի 8-ին պարտվելով` Թրամփը կարող է հանրահավաքներ հրավիրել եւ կասկածի տակ դնել ընտրության արդյունքը: Հանրապետական սենատոր Սթիվ Իսրայելը շեշտում էր. «Մարդիկ վտանգավոր բաներ են անում, երբ վտանգավոր առաջնորդները խորը զայրույթ են բորբոքում»: Այլեւս ակնհայտ է, որ Թրամփի հռետորաբանությունը ոչ միայն կուսակցական պայքարում արձանագրեց իր տխրահռչակ արդյունքները, այլեւ վերածվում է ռումբի` տեղադրված ամերիկյան քաղաքական-կառավարման համակարգի ակունքներում: Հիշատակելի է, օրինակ, 2000թ. Ֆլորիդայի նահանգի քվեարկությունը, որը վճռորոշ էր եղել նախագահական ընտրությունների ելքի համար, ԱՄՆ Գերագույն դատարանում բողոքարկվել էր Քլինթոնի փոխնախագահ եւ նախագահի թեկնածու Ալ Գորի կողմից: Սակայն Գերագույն դատարանի որոշումը, որով Ջորջ Բուշն էր համարվում ընտրված նախագահ, ստիպեց Գորին ընդունելու ընտրության արդյունքն ու ճանաչելու նոր նախագահի լեգիտիմությունը:
Եթե Հիլարի Քլինթոնը հաղթում է, իսկ Թրամփը չի ընդունում ընտրությունների արդյունքները` կասկած հայտնելով կեղծիքների առնչությամբ, պարզ է, թե նոր նախագահն ինչպիսի ծանրագույն բեռ է վաստակելու: Կասկածից վեր է, որ նման քայլը հարվածելու է տասնամյակների ընթացքում ձեւավորված ավանդույթների հիմքերին ու ամերիկյան ժողովրդավարության բացառիկությանը: Նման քայլից հետո ԱՄՆ նոր կառավարությունը անխուսափելիորեն բախվելու է լեգիտիմության ճգնաժամին ճիշտ այնպես, ինչպես ամերիկյան աջակցությամբ պահպանվող բազմաթիվ բռնապետություններ կամ կիսաժողովրդավարությունները: ԱՄՆ-ն պատմության ընթացքում առաջին անգամ կարող է հանդիպել մի աննախադեպ իրավիճակի, երբ իր գործադիր իշխանության ղեկավարի ընտրությունը որակվելու է կեղծված կամ առնվազն անարդար: Հատկանշական է, որ բազմաթիվ երկրներում կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանությունների հետ ԱՄՆ կառավարությունը ջերմեռանդորեն համագործակցում է` դրանց լեգիտիմության բացակայությունն օգտագործելով որպես դամոկլյան սուր եւ խաղարկելով հօգուտ իր ազգային շահերին: Այսօր արդեն ԱՄՆ-ի լարած թակարդը խոստանում է գերել պաշտոնական Վաշինգտոնին:
Շատերը կհիշեն, թե ինչպես էին ամերիկյան դիվանագետներն արտահայտվում Հայաստանի՝ 2008թ. նախագահական ընտրությունների մասին: «Վիկիլիքսի» շնորհիվ հանրության ուշադրությանը արժանացած դիվանագիտական գաղտնի փաստաթղթերում ամերիկյան պաշտոնյաները անթաքույց արձանագրում էին, որ Սերժ Սարգսյանը իրականում չէր ընտրվել ՀՀ նախագահ, նրա հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հրապարակված տվյալներից կրկնակի ավել ձայն էր ստացել եւ այլն: ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն էլ նույնիսկ պնդում էր, որ Մարտի 1-ի ոճրագործության ողջ պատասխանատվությունն իշխանության վրա է: Բայց մի՞թե այսպիսի ծանր հանցանքների մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո ԱՄՆ կառավարությունը փորձեց գործնականորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը: Իհարկե` ոչ: ԱՄՆ կառավարությունը, անշուշտ, հիմնված սեփական շահերի վրա, նախընտրեց գործակցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Այդ համագործակցության արդյունքներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տապալված փորձն էր:
Եվ, ահա, այժմ ԱՄՆ-ն կանգնել է նույնպիսի խնդրի առաջ, երբ նախագահի լեգիտիմության բացակայությունը կարող է ոչ միայն խնդիրներ առաջացնել երկրի ներսում, այլեւ հատկապես արտաքին հարաբերություններում: Ելնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրադրությունից եւ սպասվող անխուսափելի մարտահրավերներից, հանձին արեւմուտք-ՌԴ հակասությունների նոր շրջափուլի, ԱՄՆ կառավարության լեգիտիմության դեֆիցիտը առանց չափազանցության կարող է ունենալ համաշխարհային հետեւանքներ: Հուսով ենք, որ Քլինթոնի շրջապատը կգիտակցի պահի լրջությունը եւ կլանային կապերը չի օգտագործի ցանկալի արդյունքին հասնելու համար: Դրա հետ մեկտեղ Թրամփն էլ պետք է վեր դասի անձնական հավակնությունները պետական շահից` հասկանալով, որ ընտրությունների կեղծման պարագայում իր հանրահավաքներն ու ըմբոստությունը ոչ միայն թուլացնելու են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիրքերը, այլեւ նախանշելու են համաշխարհային նոր լարվածության եւ նույնիսկ քաոսի ուղի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻ ՀՈՒՅՍԻՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղը սահմանակից է Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերին: Դեբեդավանում բնակվում են Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղից, Կուտկաշենի եւ Խանլարի շրջաններից 1988թ.-ին վերաբնակվածները:
Համայնքների խոշորացման արդյունքում Դեբեդավանն այժմ Այրում համայնքի մաս է կազմում: Դեբեդավանի ամենամեծ հիմնահարցը եղել ու մնում է խմելու ջրի բացակայությունը: 798 բնակիչ ունեցող Դեբեդավանը գյուղամիջում գտնվող աղբյուրի հույսին է, որի մոտ միշտ հերթեր են գոյանում: Դեբեդավան համայնքի նախկին ղեկավար Վանա Դամիրչյանն ասաց, որ արտեզյան հորից երկու օրը մեկ գյուղի առանձնատներ ջուր է մատակարարվում, սակայն այն խմելու համար պիտանի չէ, օգտագործվում է տնային կարիքների համար: Նա հայտնեց, որ խմելու ջրի խնդիրը լուծելու համար բազմիցս դիմել են պետական տարբեր ատյանների: Ստեփանավանից ձգվող խմելու ջրագիծը ներկայումս միացվում է Պտղավան եւ Բագրատաշեն գյուղերին: Վ. Դամիրչյանն ասաց, որ այս տարվա ընթացքում այդ գյուղերը կօգտվեն Ստեփանավանի ջրագծից, որից հետո այդ ջրատարը կհասցվի Դեբեդավան, եւ, ի վերջո, դեբեդավանցիները եւս կօգտվեն սարերում բխող որակյալ ջրից:
Նշենք, որ Դեբեդավանը 800 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր ունի, որից 380 հեկտարը՝ այգիներ եւ վարելահողեր: Ամռանն այնտեղ շատ շոգ է, այգիներն ու ցանքատարածությունները ոռոգման ջրի խիստ կարիք են զգում: Սակայն ոռոգման ջուրը եւս խնդիր է: Գործում է Դեբեդ գետից սնուցվող ոռոգման ինքնահոս ջրագիծ, որը ոռոգում է ընդամենը 120 հեկտար տարածք: Գործում է նաեւ պոմպի միջոցով սնուցվող ոռոգման ջրատար, որի միջոցով եւս 120 հեկտար տարածք է ոռոգվում: Համայնքի նախկին ղեկավարի վկայությամբ՝ այն 1960թ.-ին է գործարկվել, մաշված պոմպը հաճախ շարքից դուրս է գալիս, կեսդարյա հնության խողովակաշարի տարբեր հատվածներում պատռվածքներ են գոյանում, ինչի պատճառով լինում են ջրի մեծ կորուստներ: Արդյունքում՝ գյուղի այգիները ու ցանքատարածությունները, որոնք ամռան ընթացքում առնվազն 3-4 անգամ պետք է ոռոգվեին, 2 անգամ են ջրվել:
Դեբեդավանցիների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը խաղողի այգիներն են: Սակայն այս տարի բերքը քիչ է եղել, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղ է հանձնվել 700 տոննա խաղող: Գործարանը խաղողն ընդունել է շատ ցածր գնով՝ կիլոգրամը 110 դրամով: Այն էլ մթերված խաղողի դիմաց դեբեդավանցիները գումար չեն ստացել, գործարանից խոստացել են մինչեւ տարեվերջ վճարել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ է

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը այս տարվա փետրվար-մարտ ամիսներին հանդերձանքի, անկողնային պարագաների, դեղորայքի, քիմիական նյութերի ձեռքբերման գնումների գործընթաց պետք է իրականացներ, որը, սակայն, հետաձգվել է:

Բանն այն է, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ գնումների պլանում եւ անվանացանկում հանդերձանքի եւ անկողնային պարագաների ձեռք բերման համար որոշ ապրանքների գնման ձեւը նախատեսված է եղել ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ առանց հայտարարության) եղանակով եւ անհրաժեշտություն է առաջացել անվանացանկում կատարել փոփոխություններ, որից հետո միայն կազմակերպել գնման գործընթացը: Իսկ մյուս չափաբաժիններով գնման գործընթացը չի իրականացվել շուտ, քանի որ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ արգելվում է գնումը տրոհել առանձին չափաբաժինների:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քիմիական նյութերի գնման գործընթացի ուշ կազմակերպումը պայմանավորված է եղել ԱՆ ՔԿՎ գնումների պլանում եւ անվանացանկում ապրանքների անվանումների փոփոխությունների, ինչպես նաեւ չափման միավորների ճշգրտման անհրաժեշտությամբ. գնումների անվանացանկում կատարվել են փոփոխություններ, ինչից հետո անմիջապես կազմակերպվել է գնման գործընթաց: Ինչ վերաբերում է դեղորայքի եւ պատվաստանյութերի գնման գործընթացին, ապա այն կազմակերպվել է օրենսդրության պահպանմամբ, քանի որ տվյալ չափաբաժինները ձեւավորվել են նախկինում կազմակերպված եւ չկայացած գնումների արդյունքում: Ըստ արդարադատության նախարարության` այս ընթացակարգն ունի խիստ կարեւոր նշանակություն քրեակատարողական վարչության, քրեակատարողական հիմնարկների բնականոն գործնեության ապահովման համար: Քանի որ պահանջվող ապրանքները՝ հանդերձանքը, անկողնային պարագաները, քիմիական նյութերը՝ ախտորոշիչ բժշկական հավաքածուները, դեղորայքը, պատվաստանյութերը, իրենց կարեւորությամբ անհրաժեշտ են ամենօրյա աշխատանքում:
Ի դեպ, նշված ապրանքների գնման գործընթացի կազմակերպման մասին որոշման նախագիծը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պետք է ներկայացնի ՀՀ կառավարության այսօրվա նիստին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս