«ԵՐԵՎԻ ԹԵ ԴԱ ՀԱՐՎԱԾ Է ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Կենցաղ, սովորություններ, մարդկային բնավորության բնորոշ գծեր, առօրյայից վեր «ճամփորդություններ». այս ամենը կարող է դառնալ խոսակցության թեմա: «Ժողովուրդ»-ի այսօրվա զրուցակիցը Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն է:

-Պարո՛ն Մանուկյան, օրը սկսում եք…
-Առանց զարթուցիչի արթնանալով եւ մեկ բաժակ մուգ թեյի ուղեկցությամբ: Առանց թեյ խմելու տանից դուրս չեմ գալիս:
-Ձեր մասնակցությամբ ամենասիրելի ֆիլմերը:
-«Մեռիր ձիու վրա», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը»:
-Բեմը նման է…
-Միայն բեմին (ծիծաղում է): Դա սուրբ տեղ է, բայց չեմ ուզում խոսքերս շեշտել. կարող են կեղծ հնչել: Այսօր բառերն այնքան են ծեծվել, որ կորցրել են իրենց նշանակությունը:
-Կյանքն անիմաստ կլիներ` առանց…
-Առանց արվեստի:
-Մտածկոտ եք, պարծենկոտ, թե բծախնդիր:
-Նշվածներից իմ էությանը ամենամոտ որակը բծախնդրությունն է: Ընդհանրապես, ես մեծ ուշադրություն եմ դարձնում թվացյալ մանրուքների վրա:
-Մարդկային որակ, որը բարկացնում է Ձեզ:
-Ստախոսությունը: Դա չի կարելի մարսել, հատկապես, եթե դիմացինիդ թվում է, թե դու դա չես նկատում: Բայց չէ՞ որ դերասանները հոգեբաններ են եւ ամեն բան զգում են: Իմ տուն գողեր էին մտել, մի կին եկավ, ծնկներին խփելով ցավակցեց ինձ, բայց ես զգացի, որ իր մատը խառն է կատարվածի մեջ:
-Ո՞վ է վստահելի մարդը:
-Գուրգուրած գաղտնիք պահողը:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են:
-Պարզապես նեղվում եմ: Նեղվում եմ նաեւ, երբ ինձ գովեստի խոսքեր են շռայլում. «Երկրպագում ենք Ձեզ», «Ծնկի ենք գալիս Ձեր առաջ»… Խնդրում եմ, որ նման բաներ չասեն, հատկապես` չհամեմատեն մեծ դերասանների հետ. ես այդքան կյանք կապրե՞մ, որ հասնեմ նրանց…
-Վերադառնում եք նրանց մոտ, ովքեր…
-Համենայն դեպս` ոչ սիրուհու (ծիծաղում է): Վերադառնում եմ նրանց մոտ, ովքեր իմ օգնության կարիքն ունեն: Աշխատում եմ նրանց հնարավորությանս սահմաններում ձեռք մեկնել:
-Երբեմն չեք կարողանում զսպել Ձեր…
-Իմ զայրույթը` օրինախախտների, անկարգների հանդեպ: Այսքան ժամանակ բեմում եմ, նաեւ նկարահանվում եմ, չեմ հիշում, որ որեւէ մեկին սպասեցրած լինեմ: Իսկ, առհասարակ, հավասարակշռված մարդ եմ, նույնիսկ կարող եմ վիրավորանք կուլ տալ, որ բարդություններ չառաջանան:
-Հարված, որ չեք մարսել:
-Այս ասպարեզում հարվածները շատ են: Դրանք, իհարկե, թողնում են իրենց նստվածքը: Ակնհայտ կերպով իմ թիկունքից չեն հարվածել, բայց եղել են պարագաներ, որոնց դեպքում ես զգացել եմ իմ անձի հանդեպ դիտավորություն: Օրինակ` իմ մասնակցությամբ ֆիլմերից շատերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրում: Հաստատ չեմ կարող ասել, բայց, այնուամենայնիվ, երեւի թե դա հարված է իմ թիկունքից:
-Միշտ վախեցել եք, որ…
-Չեմ վախեցել, բայց Աստծուն աղոթել եմ, որ չհիվանդանամ, երկար կյանք ունենամ: Դա խնդրել եմ ոչ թե ինձ համար, այլ հարազատներիս, որ նրանց գլխից անպակաս լինեմ:
-Կարոտը կարող է ստիպել անգամ…
-Անգամ բանաստեղծություն գրել: Ինձ հետ եղել է նման բան: Երկու ամիս ու կես մնացի Լոս Անջելեսում եւ այնքան էի կարոտել իմ տունը, օջախը, կնոջս ու դստերս, որ նույնիսկ աքրոստիկոս գրեցի…
-Տանել չեք կարողանում, երբ կինը…
-Երբ նա անխելք է, բայց իրեն խելոքի տեղ է դնում: Ընդհանրապես, փոքր մարդիկ միշտ մեծ բաներից են խոսում:
-Ձեր` սիրո առաջին խոստովանությունը:
-Նման բան չի եղել, պարզապես գործով ցույց եմ տվել զգացածս:
-Կյանքը հիասքանչ է, եթե…
-Եթե առողջ ես, ապրում ես քո երկրում, չես փնտրում քո երջանկությունը օտար ափերում (իսկ ես դրա հնարավորությունը բազմիցս ունեցել եմ) եւ աշխատում ես քո ունեցածը տալ հանդիսատեսին:

 

 

 
«ԿՈՒԶԵՆԱՄ, ՈՐ ԻՄ ՏՂԱՄԱՐԴՆ ԻՆՁ ԹԵՎԵՐ ՏԱ»

Դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը շարունակում է նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում եւ հեռուստադիտողներին խոստանում է, որ հումորային սերիալի երրորդ եթերաշրջանը լի է լինելու անակնկալներով. «Ունենք նոր հերոսներ, իսկ իմ կերպարը հետաքրքիր զարգացումներ է ապրել. նա կարողացել է իր ամուսնուն փոխել, վերջինիս դարձնել բարի եւ կամեցող»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասնեց Աննան:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նկարահանվել է նոր ֆիլմում, այն կոչվում է «Լորիկ» (արկածային, ֆանտաստիկ տրագիկոմեդիա, սցենարիստ եւ գլխավոր դերակատար` Միքայել Պողոսյան). «Թեեւ կերպարս գլխավորներից չէ, սակայն նա թե՛ իր արտաքինով, թե՛ խառնվածքով բավական աչքի ընկնող, գունագեղ, ակտիվ մեկն է, որը փորձում է ընկերուհուն օգնել` դառնալ ավելի համարձակ ու ինքնավստահ: Իրական կյանքում էլ ես գունագեղ կերպար եմ, բայց իմ մարդ տեսակի մեջ հակասությունները շատ են. մեկ կարող եմ թվալ ակտիվ ու ուրախ, մեկ ճիշտ հակառակը: Կոնտրաստային տարբերություն է նկատվում նաեւ այն երկու աշխատանքների միջեւ, որոնք կատարում եմ. ռադիոյում իրականացրած գործունեությունս շատ է տարբերվում սիթքոմային կյանքից»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նա նշեց, որ իր ստեղծագործական կյանքում եկել է այն փուլը, երբ ինքը կարող է դրսեւորվել թատրոնում. «Կամերային թատրոնում աշխատելու շատ մեծ ցանկություն ունեմ, բազմիցս պատկերացրել եմ ինձ այնտեղ: Ուզում եմ, որ գա այն պահը, երբ ուժերս կկենտրոնացնեմ թատերական աշխարհի վրա»,-անկեղծացավ Աննան:
Քանի որ մեր զրուցակիցը բավական բազմազբաղ անձնավորություն է, հետաքրքրվեցինք` արդյոք նա մտավախություն չունի, որ հետագայում կարող է խնդիրներ ունենալ անձնական կյանքում. «Կուզենամ, որ իմ տղամարդը թեւեր տա, հասկանա ինձ: Քաջ գիտակցում եմ, որ կնոջ կյանքը ամուսնությունից առաջ եւ հետո չի կարող նույնը լինել: Բայց ուզում եմ հանգամանքների բերումով գալ այդ եզրահանգմանը, ոչ ստիպողաբար: Բացի այդ` կարծում եմ` կնոջ կարիերային առնչվող հարցերի դեպքում հայ տղամարդկանց շրջանում իշխող կարծրատիպերն ինչ-որ չափով կոտրվել են: Ամեն դեպքում, տղամարդը պետք է կայացած ու ինքնավստահ լինի, որ վստահի դերասանուհի զուգընկերուհուն»,-պատասխանեց նա:
Իսկ հարցին, թե ինչով կարող է տղամարդը զարմացնել անձնական կյանքում փորձառություն ունեցած կնոջը (դերասանուհին դեռ վաղ տարիքում հասցրել է ամուսնալուծվել), Աննան պատասխանեց. «Ուղղակի սիրելով: Ես չեմ կենտրոնանում կոնկրետ որակների վրա եւ գիտեմ, որ կգա ժամանակը, երբ ամեն բան իր տեղը կընկնի»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է
Բրիտանական հայտնի The Rolling Stones ռոք խումբը չեղարկել է Լաս Վեգասում կայանալիք համերգը։ Պատճառը խմբի մենակատար Միք Ջագերի հիվանդությունն է՝ կոկորդաբորբը։ Բժիշկները նրան խորհուրդ են տվել խնայել ձայնը։ Այս մասին նշվում է խմբի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ։ Համերգը նախատեսված էր հոկտեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին լույս է տեսել խմբի նոր ալբոմը։ Այն դարձել է վերջին 10 տարվա ընթացքում խմբի կողմից թողարկված առաջին ստուդիական ալբոմը:

 

 

ԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում տեղի կունենա «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը: Այն կանցկացվի հոկտեմբերի 22-ին։ Փառատոնը նպատակ ունի նպաստել համայնքում եւ տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը։
Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
«Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

 

 

ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
Մասնագետները ռուս երգչուհի Ալլա Պուգաչովային խորհուրդ են տվել սահմանափակել իր ֆիզիկական ակտիվությունը։ «Նրանք ինձ վերջերս են թույլ տվել քայլել ու մի քիչ էլ լողալ»,- ռուսական dni.ru կայքի հետ զրույցում ասել է երգչուհին։
«Բարեբախտաբար, դրա համար երգչուհին ունի բոլոր պայմանները։ Նա 3 հազ. քմ մակերեսով ամրոց ունի, իսկ բակում լողավազանով մարզական համալիր կա»,- գրում է կայքը։
Երեկ երեկոյան նա ներկա է եղել Մոսկվայի նորաձեւության շաբաթին, որի շրջանակներում ցուցադրվել է Վալենտին Յուդաշկինի հավաքածուն։
Հիշեցնենք՝ Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ յոթ տարվա դադարից հետո վերադառնում է բեմ։




Լրահոս