«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարում գործադիր մարմնի եւ խորհրդի անդամներից ոմանց հեռացմանը, ասաց.«Որեւէ անձի մասին ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել»:
-Պարո՛ն Շարմազանով, Դուք խոսել էիք նոյեմբերի 26-ի համագումարում ՀՀԿ ղեկավար կազմում սպասվող փոփոխությունների մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, որի հարցը դեռ քննարկվում է, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյանը: Ի՞նչ կասեք:
-Նախ ուզում եմ, որպեսզի իմ ելույթը թյուրըմբռման առիթ չհանդիսանա, ուստի եւս մեկ անգամ ամբողջացնեմ: Լրագրողի հարցին ի պատասխան՝ բացառվում են ՀՀԿ համագումարի ժամանակ կադրային փոփոխությունները, եւ պատասխանել եմ ուղիղ, չեն բացառվում: Չեն բացառվում մի շարք պատճառներով. նախ՝ որովհետեւ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է եւ մշտապես նոր ավյունի եւ նոր արյան կարիք ունի:
Երկրորդ` մեր կուսակցության համագումարների փորձը ցույց է տալիս, որ գոնե երեք-չորս նախորդ համագումարներում մեզ մոտ մշտապես եղել է համալրում նաեւ գործադիր մարմնում: Այսօր պատրաստ չեմ եւ կոռեկտ չեմ համարում իմ որեւէ գործընկերոջ մասին խոսելը, միգուցե այդ մարդը ես կլինեմ, չեմ կարող ասել, դա ժամանակը կգա, կնստենք, կքննարկենք: Դա հանրապետության նախագահը կորոշի, թիմը կորոշի:
Այս պահին ընդամենը չեմ բացառում, ոչ թե ասում եմ՝ այդ մարդիկ չպետք է լինեն, այդ թվում եւ ես, այնպես չի, որ ես իմ տեղը ապահովագրած եմ համարում, այլ որեւէ անձի մասին ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, քանի որ իմֆորմացիա չունեմ: Երկրորդը՝ ժամանակը չէ, եւ երրորդը՝ նոյեմբերի 26-ին կարեւորը լինելու է ոչ թե գործադիր մարմնի համալրումը կամ փոփոխությունը, այլ նոյեմբերի 26-ին կարեւորը լինելու է նախագահ Սարգսյանի ծրագրային ելույթի շուրջ անելիքների քննարկումը, եւ ոչ թե այն՝ վարչապետ Կարապետյանը կհամալրի, թե չի համալրի ՀՀԿ շարքերը: Կհամալրի, թե չի համալրի, դա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետը միասին կքննարկեն, կորոշեն: Ո՛չ համալրելուց զարմացեք, ո՛չ էլ չհամալրելուց:
-Հակառակ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած հորդորին, թե «նեղանալ եւ նեղսրտել չկա», կարծե թե ՀՀԿ ԳՄ-ում նեղացողների պակաս չկա: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը ԳՄ նիստին չեն մասնակցել եւ տեղեկություններ կան, որ նրանք չեն լինի ԳՄ նոր կազմում:
-Չեմ ուզում այդ մարդկանց գործադիր մարմնում լինելու-չլինելու հարցին նորից անդրադառնալ: Արդեն ասացի՝ որոշողը հանրապետության նախագահն է, կուսակցության նախագահն է, մեր գործընկերների հետ կքննարկի: Բացի այդ՝ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնանկությունից հետո եղել է ԳՄ նիստում, Գագիկ Բեգլարյանը չի եղել, որովհետեւ, ինչքան ես տեղյակ եմ, Հայաստանում չէ, եւ առաջին անգամը չէ, որ այս կամ այն քաղաքական գործիչը, այդ թվում նաեւ ես, հանրապետությունում չեմ լինում եւ հարգելի պատճառով չեմ մասնակցում նիստերին:
-Վստա՞հ եք, որ նեղացողներ, նեղսրտողներ չեն եղել:
-Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, մեր թիմը նեղացողների թիմ չէ, մեր թիմը կուռ, միասնական թիմ է՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ինչպես նախագահը կորոշի, այդպես էլ կլինի, մենք բոլորս մեր կուսակցության, մեր նախագահի զինվորներն ենք, եւ նավի հրամանատրը ինչպես կորոշի, այդպես էլ կլինի: Նշանակողն էլ է նախագահը, ազատողն էլ:
-Բայց Սերժ Սարգսյանն է նեղացողներից խոսել, ուրեմն Ձեր թիմում եղել են այդպիսիք:
-Ես կարող եմ իմ փոխարեն խոսել. մեկ անգամ ասել եմ, որ չեմ հասկանում, չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր պաշտոն ստանալուց ոգեւորվում, երջանկանում են, իսկ պաշտոնից զրկվելուց տխրում եւ դժբախտանում: Պաշտոնով չի, պաշտոնը նախ եւ առաջ պատասխանատվություն է, պաշտոնը դա, ինչու չէ, նաեւ առաքելություն է, որ դու կարողանաս քո ներդրումը բերես թիմի եւ պետության առաջընթացին, բայց միեւնույն ժամանակ այդ պաշտոնը այնպես չի, որ ես իմ հոր տնից բերել եմ եւ ես էլ պետք է մնամ:
Այդ պաշտոնը ինձ վստահել է թիմը` հանրապետության նախագահի գլխավորությամբ, եւ այսօր վստահել է, վաղը կարող է գտնի, որ ինչ-որ մեկը ինձնից ավելի լավ կարող է աշխատել: Քաղաքականության մեջ այդ նեղանալ-չնեղանալ մանկապարտեզային բաները չպետք է լինեն:
զրուցեց Քնար Մանուկյանը