Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին յոթ տարվա մեջ ամենացածրն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին յոթ տարվա մեջ ամենացածրն է եղել` 1,6 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2016թ. սեպտեմբերին (2016թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ)» տեղեկագրից:

Փաստորեն, մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը: Մասնավորապես, այդ տարի նույն ինն ամիսների արդյունքներով արձանագրվել էր 18,3 տոկոսի անկում: Իսկ հաջորդ` 2010 թվականին արդեն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2,8 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել: 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել է 7,6 տոկոս, 2013-ին` 3,2, 2014-ին` 4,3 եւ 2015-ին` 3,7 տոկոս (2011-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը ԱՎԾ-ն հրապարակել է միայն մեկ ամսվա կտրվածքով):

Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս ինն ամիսների արդյունքներով արձանագրվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է, որը կազմել է 2,6 տոկոս: Սա նշանակում է, որ այս տարվա ինն ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Հարկ է նկատել, որ, օրինակ, 2009-ին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանում տնտեսական անկումը, ինչպես արդեն նշել ենք, ավելի քան 18 տոկոս է կազմել, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի անկումն ընդամենը 1,3 տոկոս է եղել: Այսինքն՝ ներկա պայմաններում եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել են, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ինն ամիսների կտրվածքով աճել են 7,1 տոկոս:

Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության կամ ավելի կոնկրետ պղնձի խտանյութի արդյունահանման տվյալները, որոնք մոտ 35 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում շատ տխուր պատկեր կստացվի:
Շինարարության ծավալները եւս գնալով ավելի են նվազում: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9,3 տոկոսով: Նախորդ ժամանակահատվածում` ութ ամիսների կտրվածքով, շինարարության ծավալների անկումը կազմել էր 7,5 տոկոս:

Առեւտրի շրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շարունակել է անցած տարվա համեմատ անկում արձանագրել: Առեւտրի շրջանառությունը գումարային արտահայտությամբ կազմել է 1 միլիարդ 400 մլն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի բնակչությունն այս տարվա ինն ամիսների արդյունքներով անցած տարվա համեմատ 1,4 մլրդ դրամով աղքատացել է:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ինն ամիսների արդյունքներով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 6,5 տոկոսով: Նախորդ ժամանակահատվածում` ութ ամիսների արդյունքներով էլէներգիայի արտադրության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել էին 5,9 տոկոսով: Այսինքն՝ այն փաստը, որ Հայաստանում գնալով ավելի քիչ էլեկտրական էներգիա է սպառվում, մեղմ ասած, լավ օրից չէ:

Հասկանալի է, չէ, որ եթե արդյունաբերությունն աճում է, այդ ոլորտի կողմից էլէներգիայի սպառումն ավելանում է, եթե բնակչությունը հարստանում է ու տեխնիկայի քանակն ավելանում է, ապա կրկին էլէներգիայի սպառումն ավելանում է: Իսկ երբ էլէներգիայի սպառումն անկում է ապրում, դա ուղղակի փաստում է, որ երկրի տնտեսությունը եւս անկում է ապրում, անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագիրները որքան են ջանում գոնե չնչին աճ «նկարելու» համար:

Ի դեպ, ինչպես նախորդ ժամանակահատվածում ինն ամիսների կտրվածքով եւս արտահանման ծավալներն, անցած տարվա համեմատ, աճել են, այս անգամ այդ ցուցանիշը կազմել է 19,6 տոկոս: Հիշեցնենք, որ արտահանման ծավալների՝ այս տարի արձանագրված աճը պայմանավորված է անցած տարվա անկմամբ: Անցած տարվա սկզբից հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ նվազել էին, սակայն տարվա վերջից սկսած այդ ցուցանիշը վերականգնվեց, ինչով պայմանավորված էլ այս տարի արտահանման երկնիշ աճ է արձանագրվում:
Հանուն արդարության հարկ է նկատել, որ ինն ամսվա կտրվածքով վիճակագրական վերը բերված արդյունքները գործնականում արտացոլում են նախորդ կառավարության գործունեությունը:

Իսկ ներկայիս` Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից` հոկտեմբերի արդյունքներով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս