ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատական նիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից եւ շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին եւ դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել եւ կալանավորվել է:
ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործըմեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն