Հոկտեմբերի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Սեյմում հանդիպում ունեցավ Լեհաստանի խորհրդարանում նոր ձևավորված Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Թադեուշ Վոժնիակի և խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանն իր գոհունակությունը հայտնեց Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներից կազմված Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման առնչությամբ և շնորհավորեց խմբի անդամներին` մաղթելով հաջողություն իրենց կարևոր առաքելությունում:
Իր խոսքում ՀՀ դեսպանը մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Դեսպան Ղազարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:
Պատգամավորական խմբի անդամները, բարձր գնահատելով հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը, պատրաստակամություն հայտնեցին շարունակել դրանց հետագա ամրապնդմանը և զարգացմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները կարևորեցին միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության սերտացումը: