Կառավարությունը ներկայացրել է իր եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահան Կարապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Եզրակացության մեջ նշված է, որ նախագիծը իրավական տեսանկյունից թերի է, առկա են կառուցվածքային եւ բովանդակային բացթողումներ:
Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված բովանդակությամբ եւ կառուցվածքով օրենքի նախագծի ընդունումը: Թե որքանով է հիմնավոր կառավարության եզրակացությունը, եւ ի՞նչ են պատրաստվում այս պարագայում անել նախագծի հեղինակները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Լյովա Խաչատրյանից:
-Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունը ներկայացրել է իր եզրակացությունը Ձեր եւ Ձեր գործընկերների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարությունը կարծում է, որ այս նախագիծը իրավական տեսակյունից թերի է: Ձեր արձագանքը:
-Մենք հասարակ բան ենք առաջարկում. վարկերը արտոնյալ տալ, արտոնյալ ժամկետ սահմանել եւ այլն, հասարակ առաջարկություններ ենք արել, թերիի խնդիր չկա, երեւի անթերի միայն Աստծո ձեռքով ստեղծվածն է լինում, մեկ էլ երեւի մեր կառավարության որոշումները:
-Եզրակացության մեջ նաեւ նշված է, որ նախագծում առկա են կառուցվածքային եւ բովանդակային բացթողումներ:
-Ախր բովանդակայինի հետ ինչ խնդիր կարող է լինել, մենք ուղղակի ասում ենք՝ տանք 14%-անոց վարկ, վարկի ստացման արտոնյալ ժամկետ, որ գյուղացին վերցնի եւ իմանա, որ որոշ ժամանակ տոկոս չի վճարելու, գումարը դնելու է գործի մեջ, ոտքի է կանգնելու: Մենք պարզ բաներ ենք այստեղ առաջարկում, ես չեմ հասկանում, ինչ են ուզում, ուրիշ ինչ են ուզում դրանք:
–Նշված է նաեւ, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման խնդիրն արդեն իսկ կարգավորված է ՀՀ կառավարության 31.03.2011թ. N 349-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգով եւ անհրաժեշտության դեպքում կարող եք ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված կարգում կատարել համապատասխան փոփոխություններ:
-Այդ խնդիրը կարգավորված չէ, իրենք տալիս են 14%-անոց վարկ, մինչեւ 6% սուբսիդավորում են տալիս, արտոնյալ ժամկետ չեն հատկացնում, արտոնյալ սահմանաչափ չեն տալիս: Մենք առաջարկում ենք 8% սուբսիդավորել, առաջարկում ենք որոշակի ժամանակահատվածի համար տոկոս չվերցնել, մենք առաջարկում ենք լրիվ արտոնյալ տալ, առանց տոկոսի, հասկանու՞մ եք, մենք այն ենք առաջարկում, ինչ պետք է գյուղացուն ոտքի կանգնելու համար: Մենք զգում ենք, որ վերջին տարիներին գյուղացին ոտքի չի կանգնում, որովհետեւ քիչ է աջակցությունը:
–Իսկ Դուք նախագծի վերաբերյալ քննարկումներ անցկացրե՞լ եք կառավարության ներկայացուցիչների հետ:
-Ես ոչ, համահեղինակներն անցկացրել են, թե ոչ, տեղյակ չեմ: Ես գտնում եմ, որ այս նախաձեռնությունն այսօր շատ ակտուալ է, թող նույն շաբլոնով նույն պատասխանները չտան, մենք նախագծեր ենք ներկայացնում, պատասխանները միշտ նույնն են լինում, ասում են` չի ընդունվում, թերի է, պակաս է, ապագայում կանդրադառնանք եւ այլն: Իրենց անթերի գործողությունները, իրենց անթերի օրենքների նախագծերը, որոնք ընդունվում են իրենց անթերի թիմակիցների կողմից.. այ, էդ ամենի արդյունքում այսօր նախադեֆոլտային իրավիճակ են ստեղծել Հայաստանում: Եթե իրենց ներկայացրածները անթեր լինեին, մենք այս վիճակը չէինք ունենա: Մեր առաջարկածն է անթերի, որն իրենց համար թերի է:
-Առանց կառավարության եւ, ըստ այդմ, խորհրդարանական մեծամասնության համաձայնության իմաստ ունի՞ այն փորձել մտցնել օրակարգ:
-Դե, եթե մենք այդպես մտածենք, որ մեծամասնությունը չի ընդունելու, ուրեմն մանդատներս պիտի վայր դնենք եւ դուրս գանք խորհրդարանից, մենք պիտի պայքարենք: Մենք ներկայացնում ենք, այս կառավարությունը չի ընդունի, մյուսը կընդունի, չենք կարող չաշխատել, չենք կարող չառաջարկել, չենք կարող չմտահոգվել: Եթե մտածում ենք, որ ճիշտը սա է, չենք կարող պարզապես չառաջարկել եւ մեր աշխատանքը չկատարել որպես ոլորտին տեղյակ եւ մտահոգված անձ:
-Այնուամենայնիվ, այն կընդգրկվի՞ ԱԺ օրակարգ:
-Ես չգիտեմ` հանձնաժողովը ինչպես կարձագանքի, դեռ հանձնաժողովը պիտի քննարկի, բայց կարծում եմ՝ կընդգրկվի, պարզ բան ենք առաջարկել, որն այսօր ակտուալ է:
զրուցեց Վահագն Հակոբյան