Անի Լուպեն և Սենիկ Բարսեղյանը սիրավեպ ունե՞ն. պատասխանում է դերասանուհին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Անի Լուպեի (Անի Գրիգորյան) հետ, որին հեռուստադիտողները շուտով կտեսնեն «Ազիզյանները» նոր ընտանեկան սիթքոմում:

14801181_1180007108747020_1323222270_n

-Անի՛, սիթքոմում խաղալով` հաջողվո՞ւմ է ինքներդ Ձեզ նորովի բացահայտել:

-Այո՛, ի դեպ, ասեմ, շատ հետաքրքիր խաղընկերներ ունեմ: Բայց, այնուամենայնիվ, թատրոնում ներկայացվող հումորն ավելի կենդանի է: Բեմում դու զգում ես հանդիսատեսի էներգիան եւ դրանից ոգեւորվում ես, խաղդ էլ բնական է ստացվում: Սիթքոմի պարագայում իրավիճակն այլ է, թեեւ թեթեւ հումորն էլ իր տեղն ունի:

-Թատրոնում նոր դերեր ունե՞ք:

-Այո՛, Կամերային թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել, շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին: Կարծում եմ` այն թեմատիկ առումով եւ ասելիքով կտարբերվի խաղացանկում ներառված մյուս ներկայացումներից: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող:

-Իսկ գեղարվեստական ֆիլմերից, սերիալներից առաջարկներ ունե՞ք:

-Սերիալներից ունեմ հրավերներ, բայց ասեմ, որ դրանց սցենարներն ինձ դուր չեն գալիս: Բոլոր երկրների սերիալներում էլ ներկայացված է կենցաղ, սակայն հայկական տարբերակի դեպքում կենցաղի գործոնը շատ է շեշտված: Ես չեմ կարող նկարահանվել մի նախագծում, որտեղ կերպարները միմյանց հետ «ախչի»-ով ու «արա»-ով են խոսում: Փոխարենը երազում եմ որեւէ պատմական ֆիլմում կամ սերիալում խաղալ: Այնքա՜ն եմ նախանձում այն երկրներին, որոնք նմանատիպ նախագծերի միջոցով անդրադառնում են իրենց պատմությանը: Եթե նույնիսկ դա ծախսատար լինի, արժի այդ քայլին գնալ:

-Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետում: Այնպես որ, երգելը Ձեզ համար հոբբի չէ, այլ մասնագիտություն: Շարունակո՞ւմ եք ներկայանալ նաեւ որպես երգչուհի:

-Այո՛, երգում եմ տարբեր ակումբներում, առաջին հերթին նախընտրում եմ հանդես գալ լատինոամերիկյան երգերով:

14813725_1180007105413687_906873048_n

-Թե՛ Ձեր արտաքինով, թե՛ կենսակերպով ու ներաշխարհով տարբերվող տեսակ եք: Դա ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

-Շատ հաճելի է գիտակցել, որ բոլորին նման չես: Նույնիսկ ինձ հաճախ հարցնում են. «Դու հա՞յ ես»: Բայց լինում է նաեւ այնպես, որ ասում են. «Դու իսկը հայուհու կերպար ես»… Այնքան հետաքրքիր է… Առհասարակ, տարբերվելու միտումը լավ է անդրադառնում դերասանական կարիերայի վրա: Այլապես Հայաստանում ձեւավորվել է մի սերունդ, որի ներկայացուցիչները նմանվել են միմյանց:

-Հետաքրքիր է` արտերկրում աշխատելու վերաբերյալ գայթակղիչ առաջարկներ ստացե՞լ եք:

-Ավելի վաղ Մոսկվայի թատրոններից մեկից եղել է նման առաջարկ, որը, սակայն, իմ սրտով չէր եւ ես մերժեցի: Բայց չեմ փոշմանել դրա համար: Իսկ, առհասարակ, ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի, կպած չեմ իմ հողից (հատկապես մեր ասպարեզի մարդու պարագայում դա սխալ է), թեեւ շատ եմ սիրում հայրենիքս:

-Դուք այն քիչ արտիստներից եք, որը չի խուսափում ընդգծել իր անհատականությունը անկեղծ ֆոտոշարքերի միջոցով, համարձակ կերպարներում ներկայանալով: Ինչպե՞ս էր այդ երեւույթին արձագանքում հայ հանրությունը, օրինակ, 5 տարի առաջ, եւ ինչպիսին է արձագանքն այսօր:

-Ես վստահ եմ` որ երկրում էլ ապրեի, այսպիսին էի լինելու: Ճիշտ է` տվյալ երկրում ընդունված սովորույթներն ինչ-որ չափով սահմանափակում են դրսեւորումներդ, բայց մեծ հաշվով, ամեն բան կախված է մարդու անհատականությունից: Ես չեմ վախենում ոչնչից եւ իմ անձնական կարծիքն ունեմ այդ հարցերի վերաբերյալ: Այն, ինչ ես անում եմ այստեղ, նույնը կանեի Եվրոպայում, ո՛չ ավել, ո՛չ պակաս:

14797519_1180007122080352_151926099_n

-Ձեր ընտանիքի անդամնե՞րն էլ են նույնքան լայնախոհ:

-Նրանք շատ լավն են, բացի այդ` ես ոչինչ չեմ արել, որ նրանք հանկարծ իրենց ինչ-որ առումով վատ զգան: Ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի, չնայած ես այդ երկու բառերը չեմ սիրում, միշտ ասում եմ, որ ոչինչ չափի մեջ գեղեցիկ չէ: Ուրիշ բան, որ մարդ պետք է «հոտառություն» ունենա:

-Անի՛, հետաքրքիր է` տղամարդիկ Ձեր մեջ առաջինը ո՞ր հատկանիշներն են նկատում:

-Երեւի անմիջականությունը: Գուցե պետք չէ այդպիսին լինել, բայց բնավորություն է, ինչ արած:

14813484_1180007118747019_2007033026_n-1

-Կողքից դիտելով Ձեր եւ դերասան Սենիկ Բարսեղյանի հարաբերությունները՝ կարելի է ենթադրել, որ Ձեր միջեւ սիրավեպ կա: Ի՞նչ կասեք:

-Չէ՛, Սենիկն իմ մոտ ընկերն է, ավելի ճիշտ` մեր տան անդամը, ես էլ` իրենց տան: Օրը 24 ժամ իրար հետ աշխատում ենք, Սենիկին ասում եմ. «Դու որ ամուսնանաս, գալու եմ, ձեր տանը ապրեմ, իսկ եթե ես ամուսնանամ, դու ես գալու» (ծիծաղում է):

-Հայ տղամարդու կերպարը Ձեզ հոգեհարազա՞տ է:

-Իհարկե, մեր տղամարդիկ շատ «ջիգյարով են»: Եթե խոսքը իսկական հայ տղամարդկանց մասին է, ապա շատ եմ սիրում նրանց:

-Անձնական կյանքում Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

-Առհասարակ, ես հաջողակ եւ երջանիկ մարդ եմ, միշտ ասում եմ. «Աստվա՛ծ ջան, շնորհակալ եմ, որ ինձ այսքան շատ ես սիրում»: Ինձ թվում է` նա ինձ մի փոքր ավելի շատ է սիրում, քան մյուսներին (ծիծաղում է):

-Հիմա Ձեր կողքին տղամարդ կա՞:

-Այո՛, կյանքի մի փուլում եմ, որի ընթացքում հանդիպում ես մեկին, շփվում ես, որ տեսնես` ձեր հարաբերությունները ստացվում են, թե ոչ: Փառք Աստծո, իմ պարագայում ստացվում է:

14813724_1180007112080353_668660971_n

-Ասում են` սիրո համար վատագույն հանգուցալուծումն ամուսնությունն է: Դուք ի՞նչ կասեք:

-Ես միշտ զարմացել եմ, երբ մարդիկ ասել են. «Վա՜յ, ամուսնանալով` մարդը թողնում է իր ազատ կյանքը»: Ինձ համար ամուսնությունը հենց ազատություն է: Այսինքն` դու քո կողքին ունես մեկը, որի վրա կարող ես հենվել, որի հետ դու ապահով ես զգում, ուստի ավելի ազատ ու համարձակ ես ապրում: Հենց դա է ազատությունը…

Աննա Բաբաջանյան




Լրահոս