Եկեք այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք ու մտածենք, որ նրանք փոքրիկ քաղքենիներ են. Դավիթ Ամալյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայ երգարվեստի ներկայիս վիճակի, հիասթափված արտիստների եւ հոգնած հանդիսատեսի, ինչպես նաեւ քաղաքական դաշտում առկա խնդիրների մասին զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ:

-Դավի՛թ, վերջին հինգ տարվա կտրվածքով հայ երգարվեստի վիճակն ինչպե՞ս կգնահատեք:

-Թեեւ դեռ գրվում են ապուշ խոսքեր եւ ծիծաղելի մեղեդիներ, այսպես ասած` բստրած երգեր, ամեն դեպքում որակի բարձրացման խնդիր է առաջ եկել. անորակ պրոդուկտները սկսել են աչք ծակել: Ընդ որում, բոլորովին կապ չունի` տվյալ երգը Հայաստանի անկախությանն է նվիրված, թե ինչ-որ մեկի հարեւանին. բոլոր դեպքերում ասելիք չունեցող երգերը տհաճ են: Եթե մի երգի մեջ «հայրենիք» բառը հազար անգամ կրկնվում է, բայց այն ոչ մի իմաստ չունի, դա չի կարող հայրենասիրական երգ համարվել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ մենք կմաքրվենք այս աղբից:

14797354_1180007572080307_528741531_n

-Որպես հեղինակ-կատարող` երգերի ի՞նչ թեմաներ ունեք Ձեր մտքում:

-Թեմաները գլոբալ բնույթ ունեն: Առհասարակ, ստեղծագործելու իմ նյութը կապված է ապրելու եւ սիրելու հետ: Որքան էլ ապրելու եւ մեռնելու առումով կյանքն օրինաչափ լինի, այն լի է առեղծվածներով, որոնք առկա են նույնիսկ մարդու ծնունդից առաջ եւ նրա մահից հետո:

-Մի շարք սոցիալական խնդիրների բախվելով` այսօր Հայաստանում արվեստագետները երբեմն իրենց գործով զբաղվելու սիրտ չեն ունենում: Դուք տեսնո՞ւմ եք այդ խնդիրը:

-Մի անեկդոտ հիշեցի: Հայրը գալիս է տուն, երեխայից պահանջում է նրա օրագիրը, տեսնում է` բոլոր առարկաների դիմաց ցածր գնահատականներ են նշանակված եւ միայն երգ-երաժշտություն առարկայի դիմաց է դրված բարձր գնահատական, խփում է երեխայի գլխին ու ասում. «Էսքանից հետո դու երգում էլ ե՞ս»: Կա նաեւ երգելու մեկ այլ տարբերակ` «Խոշոր շահում» ֆիլմում որ Գառնիկը դարդից երգում է, կինն էլ ասում է. «Խաչի՛կ ջան, արդեն երգո՜ւմ է…»: Երգել էլ կա, երգել էլ: Հիմա զարմանալի է, որ «տուֆտա» տեքստերով «պապսա» երգողները այդքանից հետո դեռ երգում են…

-Ձեր կոլեգաներից շատերը լքել են Հայաստանը: Մենք ունենք հիասթափված արտիստների եւ հոգնած, նոսրացած հանդիսատեսի մի ստվար զանգված: Ի՞նչ անել:

-Շատ կապված եմ իմ այն ընկերների հետ, որոնք արտերկրում են, որեւէ մեկին չեմ մեղադրում Հայաստանից գնալու համար, բայց չեմ էլ կարող արդարացնել նրանց: Գիտեմ, որ մեզ մոտ մարդկանց սոցիալական վիճակը վատ է, շատ անարդարություններ կան, առկա է պատերազմի վտանգ, բայց այդ խնդիրները թողնել-գնալն ավելի վատ է: Ի դեպ, մի փոքր անկեղծանալով՝ ասեմ, որ իմ ընկերներից որ մեկը գնացել է Հայաստանից, ինձնից ավելի լավ սոցիալական պայմաններում է ապրելիս եղել: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա վերջինիս շրջանում անհրաժեշտ է փնտրել որակ. մենք չենք կարող լսարանի անդամների քանակով տվյալ երգչի ներկայացրած արվեստի մասին դատողություններ անել: Այլապես տեսեք, թե այսօր ովքեր եւ ինչ հաճախականությամբ են կարողանում լցնել մարզահամերգային համալիրի դահլիճը:

14555665_1180007568746974_812428894_n

-Մեր քաղաքական դաշտում ինչ-որ չափով Ձեզ հոգեհարազատ ուժեր, գործիչներ տեսնո՞ւմ եք:

-Ես կուզենայի այդ դաշտում տեսնել մի տղայի, որը բարոյական արժեքներ կքարոզեր, ոչ թե արհեստածին կերպով ագրեսիվ վարք կցուցաբերեր: Չնայած, ես հույս ունեմ, որ քաղաքական դաշտը ինչ-որ ժամանակ անց պարապուրդի կմատնվի, եւ գուցե բարոյականությունը մտնի այնտեղ: Իմ ընկերներից մեկը վերջերս ասաց. «Հիշեք, թե ԱՄՆ-ում ժամանակին ինչ ավազակախմբեր էին ղեկավարում, իսկ այսօր այն ամենաօրինավոր պետությունն է»: Եկեք, այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք ու մտածենք, որ նրանք փոքրիկ քաղքենիներ են, որոնք վերանալու են:

-Վերջերս իմ զրուցակիցներից մեկը կարծիք հայտնեց, որ տնտեսապես աղքատ երկրում չի կարող լավ արվեստ ծնվել: Դուք ի՞նչ կասեք:

-Տնտեսապես աղքատ երկրում, ցավոք, դա բացառվում է: Իհարկե, այդ պարագայում կունենանք ստեղծագործություններ, աղքատությունը կնպաստի ավելի լավ գործերի ծնունդին, բայց, գուցե, նման պայմաններում դրանք պարզապես մնան թղթի վրա:

-Վերջում կցանկանայի իմանալ` ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություններ ունեք:

-Հեղինակային նոր երգեր ունեմ, որոնք դեռ չեմ ներկայացրել հանրությանը: Իսկ նոյեմբերին պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ «Գոյ» թատրոնում: Սիրով կսպասեմ իմ լսարանին…

Աննա Բաբաջանյան




Լրահոս