Խորհրդարանը հոկտեմբերի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի փաթեթը ներառում է հետաքրիր մի կետ, որով սահմանվում է, որ եթե նկատում եք ընտրակեղծարարի, սակայն չեք հասցնում բավարար ապացույցներ ձեռք բերել, ապա պետք է լռեք, հակառակ դեպքում քրեական պատասխանատվույթունն անխուսափելի է:
Այսպիսով դիտավորությամբ սուտ մատնության դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում 2-5 տարի, իսկ անփութությամբ դրա տարածման դեպքում պատիժն ավելի մեղմ է: Այս դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-800-ապատիկի չափով տուգանք կամ մինչև 2 տարի ազատազրկում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց փաստաբան Սեդա Սաֆարյանի, ով նշեց, որ սրանով ցանկանում են բեռնաթափել նախաքննական մարմնի աշխատանքը. «Նախաքննական մարմինները դժգոհություն ունեն, որ մարդիկ նկատում են այդ կարգի խեղաթյուրված իրավիճակներ և հաղորդում են ներկայացնում, և սա ընդամենը արվում է մարդկանց վախացնելու համար, որպեսզի իրենք էլ այդ ծանրաբեռնվածությունը չուենան այլևս: Գործերի քննությունը իրականում չի էլ տարվում իդեալական վիճակով, քանի որ ներկայացված հաղորդումների շատ քիչ մասն է դառնում քրեական գործ հարուցելու հիմք»:
Փաստաբանի խոսքով` ամփոփումները ցույց են տալիս, որ խախտումների մասին հաղորդումների մեծ մասը բացառապես տարվում է իշխանությունների գծած սահմանագծով. «Նրանց նպատակն այն է, որ մարդիկ այլևս հաղորդում չտան: Մարդուն կաշկանդել և ապացուցման բեռ դնել նրա վրա, նշանակում է վախեցնել ժողովրդին:»
Սաֆարյանը կարծում է, որ սա պատահական որոշում չէ. «Սրանով բեռնաթափում են նախաքաննական մարմինններին հնարավոր գործերից: Ընտրակեղծարարաներին չեն պատժում, փոխարենը՝ նրանց նկատողներին են պատժում»:
Լիլիթ Շաբոյան