ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Ազգային առաջնորդարանի և ՀԲԸՄ տեղական մասնաճյուղի աջակցությամբ հոկտեմբերի 18-19-ը տեղի ունեցավ Կահիրեի համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի` «Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ բանասերներ, պատմաբաններ, լեզվաբաններ և մշակութաբաններ` Հայաստանից, Եգիպտոսից, Լիբանանից և Միացյալ Թագավորությունից։
Հայագիտության, հայ-արաբական պատմամշակութային կապերի, Եգիպտոսում և, ընդհանուր առմամբ, արաբական աշխարհում հայերի ունեցած ներդրման, Հայոց ցեղասպանությունը վերապրածներին արաբ ժողովրդի ցուցաբերած աջակցության և այլ թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը, ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, Կահիրեի Համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն Սալահ Մահգուբը և այլք։
Գիտաժողովի բացման խոսքով ներկաներին դիմեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով բարձր գնահատեց Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը, կարևորեց Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների և Կենտրոնի միջև համագործակցության ամրապնդումը։