Ընտրություններում հաղթանակն իր գինն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանրային գիտակցության մեջ ընտրությունների վերաբերյալ պատկերացումները շատ դեպքերում իրականությունից կտրված են, եւ կան հարցեր, որոնց մասին քաղաքական ուժերը նախընտրում են լռել: Մինչդեռ չքննարկվող թեմաների մեջ կան այնպիսիք, որոնք իրականում կանխորոշում են ընտրությունների ելքը:

Նման կարեւոր, բայց «արգելված» թեմաներից մեկը ընտրությունների ֆինանսավորման հարցն է: Եթե իշխանական կուսակցութունների դեպքում այդ «գաղտնապահությունը» ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում, ինչի իրավունքը չունեն, եւ մյուս կողմից էլ չեն կարող պարզաբանել, թե այդ գումարները իրենց որտեղից, ապա ընդդիմադիր քաղաքական ուժերի դեպքում ընտրությունների ֆինանսավորման մասին չբարձրաձայնելը անհասկանալի է: Մինչդեռ ընտրական գործընթացների մասին պատկերացում ունեցող ցանկացած ոք կփաստի, որ առանց պատշաճ ֆինանսավորման հնարավոր չէ ընտրություններում լուրջ արդյունքների հասնել:
Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ գումարների մասին է խոսքը, փորձենք ընտրություններին մասնակցության մի փոքր նախահաշիվ ներկայացնել:

Այսպես՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ամեն մի կուսակցություն կամ դաշինք պետք է վճարի 10 միլիոն դրամ նախընտրական գրավ: ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրությունների ամեն մի մասնակից քարոզարշավի վրա կարող է ծախսել մինչեւ 500 միլիոն դրամ: Ընտրություններում լուրջ հաջողության հասնելու համար հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան օրենքով ընձեռնված այդ հնարավորությունը ամբողջությամբ օգտագործել: Դա նշանակում է օգտվել նախընտրական վճարովի հեռուստաեթերից, որի համար հիմնականում աստղաբաշխական թանկ գներ են սահմանվում: Ինչպես հայտնի է՝ հեռուստաեթերը ամբողջությամբ տնօրինում են իշխանությունները կամ նրանց մերձավոր անձինք ու քաղաքական ուժերը: Ուստի ընդդիմությունը լուրջ ակնկալիքներ ունենալու համար պետք է կարողանա գոնե վճարովի հիմունքներով օգտվել հեռուստաեթերից: Առավել եւս, որ հատկապես գյուղական բնակավայրերի ընտրողների համար հեռուստաեթերը շարունակում է մնալ տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրը:
Քարոզչության համար կարեւոր գործիքներից են ընտրական շտաբները:

Ընտրություններում հաջողության հասնելու համար քաղաքական ուժը պետք է կարողանա շտաբներ հիմնել բոլոր գյուղական համայնքներում, իսկ մեծ ու փոքր քաղաքներում էլ շտաբների թիվը պետք է լինի առնվազն 4 տեղամասի համար մեկական հաշվարկով: Ըստ այդմ, ստացվում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ողջ հանրապետությունում պետք է ձեւավորեն առնվազն հազար հատ շտաբ, որոնցից 800-ը կգործեն գյուղական համայնքներում, իսկ մնացած 200-ը՝ քաղաքներում: Մեկ շտաբի համար միջինը անհրաժեշտ կլինի 100 հազար դրամ գումար, որը իր մեջ կներառի ինչպես տարածքի վարձակալության, այնպես էլ կոմունալ եւ մնացած մանր ծախսերը: Ըստ այդմ, ստացվում է, որ միայն շտաբներ ձեւավորելու համար քաղաքական ուժը պետք է հատկացնի 100 մլն դրամ: Ի դեպ, այս գումարը պետք չի ներառել վերը նշված 500 մլն դրամի մեջ:

Բացի այդ՝ առանձին ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում նաեւ քվեարկության օրը տեղամասերում քաղաքական ուժի շահերը պաշտպանող վստահված անձանց համար: ԱԺ ընտրությունների ժամանակ ամեն մի մասնակից կարող է յուրաքանչյուր տեղամասում ունենալ երկուական վստահված անձ: Դա նշանակում է, որ հանրապետության բոլոր տեղամասերը «ծածկելու» համար մասնակից քաղաքական ուժը պետք է ունենա առնվազն 5 հազար վստահված անձ, որոնցից 4 հազարը կլինեն մշտական ներսում գտնվողները, իսկ մնացած հազարը անհրաժեշտության դեպքում կփոխարինեն նրանց: Ընտրությունների փորձը ցույց է տվել, որ քաղաքական ուժը քվեարկության օրը վստահված անձանց «պահելու» համար պետք է հատկացնի առնվազն 15 հազար դրամ ամեն մի տեղամասի կտրվածքով, որը իր մեջ կներառի ինչպես վստահված անձանց սնունդը, այնպես էլ կապի միջոցները, ճանապարհածախսը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ընտրությունների վերահսկման միայն մեկ օրվա համար մասնակից քաղաքական ուժը պետք է կարողանա հատկացնել եւս 30 մլն դրամ: Ի դեպ, այս գումարը եւս չի ներառվում վերը նշված 500 մլն դրամի մեջ:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Աժ ընտրություններում հաղթելու համար ընդդիմադիր քաղաքական ուժի տրամադրության տակ պետք է լինի առնվազն 650 մլն դրամ, կամ նույնն է, թե 1 մլն 300 հազար դոլար:

Այն պահին, երբ Հայաստանի որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ նման գումար կունենա, կարելի է ակնկալել, որ այդ կուսակցությունը կարող է լուրջ հաջողության հասնել, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն իրականացնելը: Իսկ քանի դեռ ընդդիմադիր կուսակցությունները նման գումար չունեն, նրանց հաջողությունները միշտ մասնակի են լինելու` իշխանափոխությունից «5 պակաս» վիճակով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս