Միհրան Պողոսյանի գործով զարգացումները շարունակվում են. ՀՔԾ-ն հարցեր է ուղարկել միջազգային կառույցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով զարգացումները դեռ շարունակվում են: Ըստ ամենայնի, այն, ինչ իրավապահներին հայտնել է ԴԱՀԿ նախկին պետը միջազգային կառույցներում իր անվան հետ, ՀՔԾ-ին չի բավարարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ-ն հարցեր է ուղարկել հայտնի մի քանի ընկերությունների, որոնք առնչվում են ԴԱՀԿ պետի անվան հետ:

Դեռեւս հունիսին գրել էինք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը 2 անգամ ներկայացել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր` համաձայն որոնց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայի օֆշորային գոտում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի: Սակայն այս հարցաքննությունից հետո ՀՔԾ Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են քննչական գործողությունների, որտեղ, ըստ ամենայնի, վերջինս հայտնել է, որ միջազգային վերոնշյալ ընկերությունը ինչպես եւ ինչ հիմնավորմամբ է հերքել իր հաշիվների հետ կապված հատվածը: Սակայն, ըստ էության, այս պատասխանը չի բավարել իրավապահներին, վերջինիս հարցաքննության են հրավիրել միջազգային, ինչպես նաեւ տեղական մի շարք կառույցների ներկայացուցիչների եւ փորձել ստուգել ԴԱՀԿ նախկին պետի տված ցուցմունքները: Ավելին՝ օրերս ՀՔԾ-ն հարցերի փաթեթ է կազմել եւ ուղարկել է միջազգային կազմակերպությունների, իսկ ովքեր են այդ կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ ըստ «Հետք»-ի գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Պանամայում գրանցված հետեւյալ ընկերությունների բաժնետեր է` «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ-ին (BANGIO INVEST S.A.), իսկ, ահա, «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» եւ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Ի դեպ , «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում՝ այն գնահատելով ընդամենը 25,8 մլրդ դրամ, ուստի պարզ է, թե ինչու էր գնահատողի հետ մեկտեղ 2014 թ. հուլիսին ամբողջ ԴԱՀԿԾ-ն գտնվում համալիրում:

Եւ հիմա լուրեր կան, որ ՀՔԾ-ն հարցաքննել է «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի համապատասխան մասնագետներին, ու բանը հասել է միջազգային կառույցներին: Իսկ թե ինչ պատասխաններ կներկայացնեն միջազգային կառույցները, ցույց կտա ժամանակը:

Ի դեպ, ինչպես հայտնի է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ, սակայն գործն այդպես էլ գլուխ չեկավ, իսկ թե ինչ կլինի ԴԱՀԿ նախկին պետի գործի ճակատագիրը, դժվար չէ կանխատեսել:

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ քաղաքական որոշումը՝ Միհրան Պողոսյանին այդ պատմությունից «մաքրելու» վերաբերյալ, կայացված է:

Քնար Մանուկյան




Լրահոս