Ի՞նչն է պատճառը, որ զինվորին հաշմանդամության կարգ չեն տալիս. մանրամասնում է զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին զինծառայող Արմենակ Առուստամյանը 2014թ. զորակոչվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հադրութի զորամաս: Հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել 2015 թ. դեկտեմբերի 20-ին:

Արմենակ Առուստամյանն այսօր ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրան  կարգ չեն տալիս: Վերջինիս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու անգամ դիմել է հաշմանդամության կարգի համար, երկու անգամ էլ մերժվել է:

«Մուրացանի հոսպիտալում եմ բուժվել մի քանի ամիս: Բոլոր վիրահատություններս այնտեղ են արել: Այնուհետև տան պայմաններում եմ բուժվել: Դեռ լրիվ չեմ ապաքինվել: Ոտքերիս հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան:Աջ ոտքիս ծունկը չի ծալվում կարճ է ու ծուռ, իսկ ձախ ոտքիս ոտնաթաթը չեմ կարողանում  լիարժեք շարժել»,-ասաց նա:

Արմենակը նաև ասաց, որ իրեն անհրաժեշտ է վիրահատություն, որպեսզի աջ ոտքը երկարացնեն, ուղղեն:

«Պաշտպանության նախարարությունը մի հինգ-վեց ամիս առաջ է փոքրիկ օգնություն  ցուցաբերել (100 հազար դրամով): Չորս վիրահատություն եմ տարել, չորսն էլ պետության հաշվին»,-նշեց նա:

Իսկ, թե ինչո՞ւ Արմենակին հաշմանդամության կարգ չեն տալիս, այս հարցին ի պատասխան նա ասաց. «Բացատրում են, որ լուրջ վնասվածք չունեմ, պետք է կամ ոտքս մի 7 սմ-ով կարճ լիներ, կամ էլ կտրված»:

Նշենք, որ Արմենակ Առուստամյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս