Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: Այս ուղղությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լեզվի պետական տեսչության հետ համատեղ խնդրին տալ համապատասխան իրավական լուծում:

«Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված հսկողության արդյունքում մի շարք տնտեսվարողների ենթարկել ենք վարչական պատասխանատվության, սակայն արդյունքը դեռևս գոհացուցիչ չէ: Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը: Պատկերը պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակ, կոշտ քայլեր ձեռնարկել: Այն տնտեսվարողները, ովքեր, խախտելով օրենքի պահանջը, անգամ զգուշացումից հետո չեն կատարում համապատասխան փոփոխություններ, նրանց գովազդային վահանակներն ու ցուցանակները պետք է անմիջապես ապամոնտաժվեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս