Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, իսկ մինչ այդ նրանք Ադրբեջանում էին: Տարածաշրջան այցի շրջանակում համանախագահները Բաքվում մի շարք հանդիպումներ են անցկացրել, այդ թվում նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բաքվում շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. – «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»։
Ուորլիքը նաև հավելել է. – «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»։
Երբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ Ուորլիքը դեռ չգիտի։ Սակայն համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում։
Այս կապակցությամբ, Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության»-ը պարզաբանել է․ – «Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ ծրագրվում է արտգործնախարար Նալբանդյանի այցելությունը Համբուրգ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպումներին, ապա դեռ շատ վաղ է դրա մասին խոսել»: