2016 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ եւս ընդգծեց երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ավանդույթը՝ շեշտելով, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը բնավ չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները: «Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը 3 միլիոն դոլար է, Հյաստանից Իրան՝ 250 հազար դոլար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առեւտրային ներուժը» :
Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել մեր հարեւան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով.«Մեր հարեւանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա, եւ մենք այս մասին մշտապես ահազանգել ենք մեր եվրոպացի գործընկրներին: Հիմա ունենք նոր իրականություն, ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ, եւ վստահ եմ, որ համատեղ կարող ենք հասնել ավելի մեծ ցուցանիշների» :
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն իր հերթին շնորհավորեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ մեկ տարի առաջ հանդիպել է նախորդ նախարարի հետ եւ քանի որ այս ընթացքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինքը կցանկանար տեղեկանալ նախարարության ենթակայության տակ գտնվող ներկա գործառույթներին, մաքսային եւ բանկային հատույթի փոփոխություններին: Դեսպանը մասնավորապես հետաքրքված էր ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական հարթակներում փոխադարձ համագործակցությամբ:
Նախարար Արամյանը հակադարձել է, որ Հայաստանը մշտապես սատարել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում.« Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, անուղղակիորեն այն կազդի նաեւ Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետեւաբար, Հայաստանին ձեռնտու է հարեւան երկրի կայուն տնտեսական աճը», – նշել է նախարարը :
Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել եւ լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով, խթանել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների առավել արդյուանվետ աշխատանքը: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշեց, որ այժմ գործում է հիմնականում մեկը՝ էներգետիկ պրոեկտը, մինչդեռ կա ընդլայնման հեռանկար այլ ոլորտնրում եւս. օրինակ՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կամ սպանդանոցների կառուցումն ու գյուղատնտեսական, արդյունաբերական ենթակառուցվաքծները, որոնք կարելի է զարգացնել պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ: