Այս տարվա մայիսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ժամանակավորապես դադարեցվել նրա պաշտոնավարումը: Կատարված նախաքննության արդյունքներով` հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել նշված քրեական գործով Ռ. Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս մասին «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` հայտնեց ՔԿՀ պետի շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՔԿՀ նախկին պետը մեղադրվում էր պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա այլեւս չի վերականգնվի նախկին պաշտոնում, քանի որ նախաքննության ընթացքում պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել;