«Դեմը Նոր տարի ա, էլ խաղ կա՞ր խաղալու գլխներիս». առևտրականները` «կարգոնների» դադարեցման մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն երկու շաբաթ  ժամանակ է տվել «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։ Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին։

Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երեւույթների դեմ:

Սակայն այս համակարգը տարիներ շարունակ դարձել է իսկական գլխացավանք, քանի որ «կարգոների»  տերերը առեւտրականներից Հայաստան մտնող հագուստի կամ կոշիկի փոխարեն փաստաթղթերում հաճախ լրացրել են սկոտչ կամ օրինակ, ծեփամածիկ, որոնք առավել էժան մաքսատուրք ունեն, որպեսզի կիլոգրամով մաքսազերծվող ապրանքները էժան մաքսային գին ունենան: Ահա այսպես մութ սխեմաներով տարիներ շարունակ իրականացվել է մաքսազերծման գործընթացը: Հիմա ՊԵԿ-ը փոխում է կանոնները:

ArmLur.am-ին ՊԵԿ-ից այսպիսի պարզաբանում տվեցին.  «Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հանձնարարական է տվել մաքսային ծառայության աշխատակիցներին ինչպես բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների, այնպես էլ առևտրականների հետ շփումներում օրենսդրության բոլոր պահանջները խստորեն պահպանելու վերաբերյալ: Առևտրականներն իրենք են իրավասու որոշելու դիմե՞լ բեռնափոխադրող ընկերությունների ծառայություններին, թե՞ անձամբ մասնակցել մաքսային ընթակարգերին: Հավաստիացնում ենք, որ և′ անհատապես, և′ բեռնափոխադրող ընկերությունների միջոցով իրականացվող գործընթացներում տարբերակված մոտեցումները բացառված են. երկու դեպքում էլ օրենքի նույն պահանջներն են կիրառելի»:

Այս առիթով ArmLur.am-ն առևտրականների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու համար, թե այսուհետ նրանք ինչպե՞ս են բերելու իրենց ապրանքները և ինչպե՞ս են դրանք մաքսազերծելու:

Հուսանք՝ իրավիճակը առավել շուտ կհանգուցալուծվի եւ ամենակարեւորը՝ մաքսազերծման գործող կանոնների փոփոխությունը չի հանգեցնի մանրածախ շուկայում վաճառվող ապրանքների թանկացմանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս