Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նոր գլխավոր տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարած պատվիրակությունը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել Ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։

«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Հարությունյան, նոր պաշտոնի նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնում մեր համատեղ աշխատանքի, համագործակցության համար», – ասել է Ալեքսեյ Միլլերը:

Ներկայացնելով Հրանտ Թադևոսյանին՝ «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահը նշել է, որ նա իր աշխատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է Հայաստանի գազի ոլորտին: Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրենին և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու և բարդ պաշտոնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:

«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում», -նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը:

Խոսելով ձմռան շրջանին նախապատրաստվելու մասին՝ Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:




Լրահոս