Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը` կրթության ոլորտում ազգակցական կապերը, հովանավորչությունը բացառելու վերաբերյալ, անհանգստության պատճառ է դարձել այդ գործիքակազմով տնօրենի պաշտոնին հասած կամ որեւէ մեկի միջոցով դպրոցում աշխատանքի «տեղավորված» անձանց, հատկապես վերեւներում ազգակցական լուրջ կապեր ունեցողների համար:
«Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակացության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ, ում դուստրը տնօրինում է Երեւանի թիվ 125 հիմնական դպրոցը:
-Տիկի՛ն Մուրադյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց բացառել հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթները: Դուք, որպես կրթական ոլորտում երկար տարիներ աշխատած անձնավորություն, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս հանձնարարականը:
-Ես կարեւորում եմ պրոֆեսիոնալիզմը: Այսօր մենք շատ դպրոցներ ունենք, որտեղ ամուսինը տնօրենն է, իսկ կինն աշխատում է դպրոցում, շատ լավ մասնագետ է, մանկավարժների ընտանիք են նրանք, եւ դրանից ոչ մի բան չի տուժում: Վարչապետի հրահանգը դրական եմ գնահատում այն առումով, եթե դա վերաբերում է վարչական անձնակազմին, ենթադրենք՝ ամուսինը տնօրենն է, կինը` ուսմասվարը, բնականաբար, որպեսզի շահերի բախում չլինի, ես դրան համաձայն եմ:
Այսօր շատ կարեւոր է, որ եթե մարդը պրոֆեսիոնալ մանկավարժ է, դա կլինի աղջիկը, ամուսինը, կինը թե, չգիտեմ, հորաքրոջ աղջիկը, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ դու գնա, որովհետեւ դու այսինչի հետ ազգակցական կա՞պ ունես: Սա չէ այսօր կրթական համակարգի այն կարեւոր գերագույն խնդիրը, որի վրա մենք բոլորս պիտի մեր ուշադրությունը կենտրոնացնենք:
-Ձեր աղջիկը` Լիլիթ Անտոնյանը եւս աշխատում է կրթական համակարգում, ավելին` դպրոցի տնօրեն է…
-Այո՛, իմ աղջիկը թիվ 125 հիմնական դպրոցի տնօրենն է: Իմ աղջիկը տնօրեն է դարձել ոչ թե իմ փոխարեն, երբ ես 43 դպրոցի տնօրենն էի… այսօր հարցը քննարկվում է այն կոնտեքստում, երբ մայրը գնում է եւ իր աղջկան է բերում իր տեղը տնօրեն: Մեր պարագայում այդպես չէր, որովհետեւ ինձնից հետո տնօրեն դարձավ մեր դպրոցի ուսմասվարը:
-Հարցս այլ է` Դուք որեւէ կերպ չե՞ք միջամտել, նպաստել, որ նա տնօրեն դառնա:
-Գիտեք, ես հիմա Ձեզ ասեմ էլի, իմ օգնությունը նրա տնօրեն դառնալու հարցում եղել է ամբողջ իմ գիտակցական կյանքում իմ ընտանիքում մանկավարժական մթնոլորտ ստեղծելը, իմ օգնությունը եղել է նրա մասնագիտության ընտրության վրա անուղղակի ազդեցությունը: Ես շատ կուզեի, որ իմ աղջիկը լիներ բժիշկ, իրավաբան, ավելի լավ մասնագիտություններ այսօր կան, իհարկե, չեմ փնովում մանկավարժությունը:
Բայց, ցավոք սրտի, երբ դու քո ոլորտում շատ մտահոգ ես եւ ստիպված ես լինում քո ոլորտի խնդիրները նաեւ ընտանիք տեղափոխել, դա ակամայից ազդում է քո երեխայի մասնագիտության ընտրության վրա: Դե, բնականաբար, ինքը, շատ պատրաստված մարդ լինելով հանդերձ, իր գործունեության ընթացքում հետեւելով նաեւ ծնողի օրինակին, մասնակից լինելով կրթական համակարգում ակտիվ կյանքին՝ փորձեց շարունակել մանկավարժի գործը: Մեր ընտանիքում միայն այս աղջիկս չէ, մյուսն էլ է մանկավարժ, մեր ընտանիքում բոլորը մանկավարժներ են, եւ այդպես էլ պիտի լիներ:
-ԿԳՆ-ն մեխանիզմներ է մշակում այդ երեւույթը բացառելու համար: Երբ հարցը հասնի Ձեր աղջկան կամ, ինչպես ասացիք, աղջիկներին, կփորձե՞ք միջամտել:
-Այսինքն՝ ինչ է նշանակում երեւույթը բացառվի, ո՞ր երեւույթը, մասնագիտական շարունակությա՞ն, թե՞ նույն աշխատավայրում իրեն փոխարինելու երեւույթը, դրանք տարբեր երեւույթներ են:
-Խոսքը հովանավորչության շնորհիվ տնօրենի պաշտոնին հասած մարդկանց մասին է, «արտոնյալ» մարդկանց մասին:
-Գիտեք, հովանավորչություն բառը ինքը շատ հարաբերական բառ է: Եւ առավել եւս կրթության ոլորտում դա հենց այդպես չասենք, փորձենք ավելի արգումենտներով ասել: Եթե նայենք, թե տարիների ընթացքում ով ինչ ճանապարհ է անցել, մենք կունենանք տարբեր ցուցանիշներ:
Պիտի կարեւորությունը տալ պրոֆեսիոնալիզմին, իսկ երբ մարդը պրոֆեսիոնալ է, երբ մարդը կարող է եւ պատրաստված է, արդեն Ձեր ասած հովանավորչության կարիքը բացարձակապես չի զգացվում, որովհետեւ հովանավորում են նրան, ով անգրագետ է, հովանավորում են նրան, ով որ կարող չէ, հովանավորում են նրան, ում փոխարեն դու ինչ-որ բան պիտի անես: Ա՛յ, դրան, այո, կողմ եմ, դա վերջնականապես պետք է բացառվի, որովհետեւ կրթական համակարգի միջոցով մենք պետք է կարողանանք ապահովել մեր ապագա սերունդների բարձր որակը: Այս առումով անգրագիտությունը հովանավորողներ դժվար թե գտնենք:
-Տիկի՛ն Մուրադյան, բայց, եթե հիշում եք, շատ դժգոհություններ կային Ձեր դստեր գործունեությունից, պաշտոնավարման հենց սկզբից…
-Չկա նման բան: Ես Ձեզ ասեմ՝ ինչ-որ գնահատական տալուց առաջ պետք է նաեւ տեսնել կատարված աշխատանքը, պետք է տեսնել, թե ինչ փոփոխություններ են արվել կարճ ժամանակահատվածում, պետք է տեսնել, թե ինչպես են կարողացել իրագործել կրթությունը կյանքի հետ կապելու եւ այդ նոր պահանջների հետ կապելու գործընթացը: Եվ դա հետաքրքիր ձեւով է ստացվում այսքան գիտակ երիտասարդների մոտ, ես չասեմ՝ իմ աղջկա մոտ, ես ասեմ՝ ընդհանրապես:
Էլի նրա նման կան շատ ու շատ գիտակ երիտասարդներ, ովքեր սերնդափոխության արդյունքում… սերնդափոխությունը վատ բան չէ, երբ արժանիներն են գալիս արժանիներին փոխարինելու: Հարցին մոտենանք այս տեսանկյունից: Ի վերջո, ամեն մեկը մեկի կա՛մ աղջիկն է, կա՛մ տղան է, կապ չունի, թե այդ մեկն ով է, ուրիշ բան, երբ այդ մեկը փորձի հովանավորել անգրագիտությունը, անգործությունը եւ դրանցից բխող մնացած բոլոր հետեւանքները:
Զրուցեց Վահագն Հակոբյանը