Նոր կառավարությունը կկարողանա՞ իրագործել հասարակության սպասումները. տնտեսագետի դիտարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծրագրում չափելի գործողությունների բացակայությունը բացասական է
ՀՀ նոր կառավարության ծրագրում չկան այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն հասարակության բարեկեցության աճի եւ բիզնես միջավայրի առաջընթացին. կարծում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, ում հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է կառավարության նոր ծրագրի եւ արդի տնտեսական իրավիճակի շուրջ:

-Պարո՛ն Առաքելյան, ի՞նչ կկարողանա անել ՀՀ նոր կառավարությունը առաջիկա 4 ամիսների ընթացքում, որպեսզի ընտրությունների քարոզարշավի փուլում արդյունքները մատուցի ընտրողներին:

-Չեմ կարծում, որ նոր կառավարության ծրագիրը առաջիկա ամիսների համար հնարավորություն կտա հանրապետությունում փոփոխություններ անել: Քանի որ հասարակության հիմնական մասի ակնկալիքը դա սոցիալական խնդիրների հաղթահարումն է, բարեկեցության որոշակի մակարդակի բարձրացումը: Կարելի է ասել, որ նոր կառավարության ծրագրում այդ խնդրի լուծումները նախատեսված չեն: Դրան ավելացնենք նաեւ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որտեղ չի նախատեսվում կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ տնտեսական այնպիսի աճ է կանխատեսվում, որը հնարավորություն չի տա պետությունում ունենալ օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծում: Հաշվի առնելով սա, չեմ կարծում, որ այն սպասումները, որոնք ունի հասարակության մի հատվածը, նոր կառավարությունը կկարողանա ինչ-որ կերպ իրականացնել:

-Հայաստանի տնտեսության ներկա վիճակը հաշվի առնելով՝ ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր դրական դինամիկա ապահովելու համար:

-Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը դա նախորդ տարիներից եկող խնդիրներ են, եւ սրանք միանգամից կարգավորելը բավականին բարդ է: Հիմնական խնդիրը, որը աստիճանաբար խորանում է, դա անվստահության մթնոլորտն է ներդրումների համար, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ներդրումների համար: Եւ հասարակ քաղաքացուց մինչեւ միջազգային հեղինակավոր ընկերություն Հայաստանի տնտեսության նկատմամբ չունի վստահություն: Հետեւաբար մի քանի միլիոն դրամի եւ հարյուր հազարավոր դոլարների ներդրումները բավականին մշուշոտ են երեւում Հայաստանի տնտեսության համար: Բայց ամենակարեւորը՝ այդ ներդրումները պետք է միտված լինեն արտահանման աճին, քանի որ դա տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է:

-Նոր կառավարության ծրագրի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ տնտեսությանը վերաբերող ոչ մի չափելի խոստում այն չի պարունակում: Ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատճառաբանում է, որ իրենց դեռեւս պետք է ախտորոշել երկրի տնտեսության վիճակը: Ձեր կարծիքով, արդյոք 40 օրը բավարար չէր դա անելու համար:

-Նոր կառավարության ծրագրում չափելի գործողությունների բացակայությունը բավականին բացասական երեւույթ է, քանի որ այն բերում է հետագա անպատասխանատվության: Դրանք ոչ թե նպատակներ են, որոնք պարտավորվում է կառավարությունը իրականացնել, այլ ցանկություններ, բարեմաղթանքներ են, որոնք կատարել-չկատարելու արդյունքը բավականին լղոզված կարելի է ներկայացնել:

Եւ չի կարելի 4-6 ամիս անց ասել, որ ծրագրում նշված շատ կետեր կատարվել են կամ հակադարձել, թե դուք այսպես եք մեկնաբանում, մենք այլ կերպ: Այսինքն՝ այս տեսանկյունից չափելի ցուցանիշները բավականին կարեւոր են: Իսկ ինչ վերաբերում է խնդիրների բացահայտմանը, ապա ոչ միայն կառավարության գործունեության այս 40 օրերին, այլեւ մինչ այդ էլ կային բազմաթիվ բացահայտված խնդիրներ: Այսինքն՝ գոնե առկա այդ խնդիրների ֆոնին կարելի էր նոր կառավարության ծրագրում ներառել չափելի գործողություններ, որոնք, կարծում եմ, բավական կլինեին առաջիկա 4-5 ամիսներին կառավարության գործունեության համար:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս