Երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) դստեր ծնունդից հետո տեւական ժամանակ է` երգարվեստի բնագավառում ակտիվություն չէր ցուցաբերում: Եվ ահա վերջերս հեռուստադիտողները հնարավորություն ունեցան տեսնելու նրան Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագծում:
«Ժողովուրդ»-ը, ընդառաջ գնալով երկրպագուների ցանկությանը, Լայանայից հետաքրքրվեց նրա ստեղծագործական կյանքի մանրամասների մասին: Մենք նախ հարցրինք` «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մեներգչուհին համերգային ինչ ծրագրերում է ներառված եւ առաջիկայում որտեղ է հանդես գալու. «Ասեմ, որ «Գոհարը» նոր ծրագրեր է մշակում, աշխատանքը, կարելի է ասել, եռում է: Ես արդեն 14 տարի է` «Գոհարում» հանդես եմ գալիս որպես սոլիստ (ի դեպ, ասեմ, «Գոհարում» սոլիստների կազմը հաճախ է փոփոխության ենթարկվում, եւ ես այդ առումով համարվում եմ հնաբնակ): Շարունակվում են կազմակերպվել համերգներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Վերջին անգամ մենք հանդես ենք եկել Բեյրութում, մեկ տարի առաջ»,-տեղեկացրեց Լայանան:
Մեր այն դիտարկմանը, որ «Գոհարը», կարծես, այնքան էլ հաճախ հանդես չի գալիս համերգներով, Լայանան պատասխանեց. «Գիտեք` դրանց կազմակերպման համար ահռելի գումարներ են ծախսվում. միայն 200 հոգու համար ճամփորդության ծախսերը հոգալու խնդիրը բավական է, որ համերգները հաճախակի բնույթ չկրեն»:
Անդրադառնալով մայրանալուց հետո շոու-բիզնեսում պասիվանալու հանգամանքին, Լայանան պատմեց, որ դուստրն արդեն մանկապարտեզ է հաճախում, եւ ինքն ավելի շատ ազատ ժամանակ ունի: Մենք հետաքրքրվեցինք` ինչը գրավեց երգչուհուն «Ամենակարող երգիչ» նախագծում, ինչպես ստացվեց, որ նա որշեց մասնակցել դրան. «Ինձ հրապուրեց այն հանգամանքը, որ նախագծի շրջանակում մասնակիցները հանդես են գալիս ամենատարբեր երաժշտական ժանրերում եւ կենդանի երգեցողությամբ»,-ասաց նա:
Ի դեպ, վերջերս նախագծի շրջանակում կատարելով «Երազ իմ երկիր հայրենի» երգը` Լայանան ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել էր հիացմունքի խոսքերի եւ ստացել 10 միավոր, իսկ Լեյլա Սարիբեկյանը նշել էր, որ երգի կատարումն այլ կերպ է պատկերացնում, եւ Լայանային արժանացրել էր 8 միավորի: Դրանից հետո Լայանան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ Լեյլա Սարիբեկյանի գնահատականն իր համար ոչինչ է:
«Ժողովուրդ»-ը Լայանայից հարցրեց` եթե նա ժյուրիի անդամի կարծիքին նշանակություն չի տալիս եւ վրդովվում է դրանից, ինչու է մասնակցում այդ նախագծին. «Պարտադիր չէ, որ Լեյլա Սարիբեկյանին դուր գա իմ կատարումը, ես գնահատականից չեմ կառչում, դրան կարեւորություն չեմ տալիս: Ես երբեք իր նման չեմ կարող երգել, ինքն էլ ինձ պես չի կարող զգալ այդ երգը: Ես չեմ վրդովվում եւ չեմ վիրավորվում, ոչ էլ մեծամտություն եմ անում: Ամեն մարդ ունի իր կարծիքը: Ինչ վերաբերում է սոցցանցերում իմ հասցեին հնչած այն քննադատություններին, թե ամեն քնից վեր կացող երգչուհի է դառնում, ասեմ, որ ո՛չ նոր եմ քնից արթնացել, ո՛չ էլ մեծ գումարների տեր եմ. այն ամենն ինչ ունեմ, ձեռք եմ բերել աստիճանաբար եւ քրտինքով»,-պատասխանեց երգչուհին:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք Լայանան առաջիկայում հանդես կգա նոր տեսահոլովակով. ««Ամենակարող երգիչ» նախագծի շնորհիվ 3-4 ամիս եթերում եմ լինելու, ուստի տեսահոլովակի անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում»-նկատեց նա:
Լայանան տեղեկացրեց, որ աշխատում է ակումբներում եւ ռեստորանում եւ ցավ հայտնեց, որ այսօր էստրադային երգիչների մասնակցությամբ համերգներ գրեթե չեն կազմակերպվում. «Կցանկանայի հանդիսատեսի հետ անմիջական շփումը պահել, բայց ինչ արած…»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք Լայանան մտերիմ է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, երգչուհին պատասխանեց. «Օրինակ` Սարգիս Ավետիսյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Արսեն Գրիգորյանի, Արսեն Սաֆարյանի եւ այլոց հետ գործի բերումով հանդիպում եմ, առողջ լավ հարաբերություններ ունենք, իսկ մյուսների հետ առնչվելու համար պարզապես ժամանակս չի հերիքում»:
Վերջում Լայանան նշեց, որ ցանկանում է երգելուն զուգահեռ առաջիկայում զբաղվել իր հոբբիներից մեկով, իսկ թե կոնկրետ ինչ նախասիրության մասին է խոսքը, նա խոստացավ պատմել ավելի ուշ:
Աննա Բաբաջանյան