Կարեն Կարապետյանը ՀՀԿ կուսակցությանն անդամակցելու համար դիմի-չդիմի՝ նա ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչ է. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ականները քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսկացության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակացական հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարած այցին և ԱԺ քառօրյային:

Վերջինս պատասխանելով այն հարցին` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմե՞լ է ՀՀԿ կուսակցությանն անդամակցելու համար, ասաց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ կուսակցությանն անդամակցելու համար դիմի-չդիմի՝ նա Հայաստանի հանրապետական կուսակցության թիմի առանցքային ներկայացուցիչ է: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է, եւ պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն է եւ մենք լիարժեքորեն, իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությանը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի  կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»:

Շարմազանովը նաև նշեց, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ կուսակցությանն անդամակցության հարցն այսօրվա ԳՄ նիստում չի քննարկվել:

Անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին շրջանառվող լուրերին,  Շարմազանովն ասաց, որ այդ թեմայի վերաբերյալ եւս որեւէ հարց չի քննարկվել ԳՄ նիստի ընթացքում:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն, քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում,  հերիք է հետ նայեք»,- ասաց նա:




Լրահոս