Երեկ լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ըստ լրատվամիջոցների՝ դատավորը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ: Տեղեկությունների համաձայն, նա ձերբակալել է երեկ երեկոյան՝ փողոցու, երբ ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել:
Իսկ ով է դատավոր Իշխան Բարսեղյանը
Նախկինում բազմիցս ենք անդրադարձել Բարսեղյանին և գրել, որ նա անպարտելի է: Բանն այն է, որ դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 11-ից հայաստանյան բանկերից մեկը դիմել է դատարան` պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Անցել են տարիներ, սակայն մինչ օրս բանկը չի կարողանում դատավորից հետ վերադարձնել իրեն հասանելիք գումարը: Այն, որ դատավոր Իշխան Բարսեղյանը առաջին անգամ չի հայտնվում աղմկալի պատմությունների մեջ, գաղտնիք չէ: Դեռեւս 2015 հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն են ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Իշխան Բարսեղյանին: Սակայն անհասկանալի պատճառով նիստը հետաձգվեց, իսկ ավելի ուշ արդարադատության խորհուրդը որոշեց դատավորին չպատժել:
Պարզեցինք, որ 2013թ բանկի եւ Իշխան Բարսեղյանի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով դատավորին տրամադրվել է 1 միլիոն դրամ: Համաձայն պայմանագրի՝ դատավորը նախատեսված ժամկետում պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, սակայն չի կատարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան: Եւ, ահա, 2014 նոյեմբերի 11-ին գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշել է բանկի հայցը բավարարել եւ դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Հետո նա որոշել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում: Տեղեկացանք, որ դատավորի բողոքարկման պատճառն այն է, որ նա չի ստացել դատարանի հայցադիմումը: Ասել է թե՝ դատավոր Իշխան Բարսեղյանը պատշաճ ծանուցված չի եղել իր դեմ ներկայացված հայցադիմումի եւ դատարանի կայացրած վճռի մասին:
Նշենք, որ 2015 թվականի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրում դատավորը միայն նշել է, որ ունի 6 մլն դրամ գումար, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 9 մլն 805 հազար դրամ:
Ստորեւ ներկայացնում ենք նաև դատավորի կենսագրությունը.
Ծնվել է 1965 թվականին Սևան քաղաքում։
1982 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1996 թվականից մինչև
1999 թվականն աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։