Որոշ բանկեր ժամանակավորապես դադարեցրել են բնակարանները որպես գրավ ընդունելու գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ազգային վիճակագրության ծառայությունից տեղեկացավ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գինը գրեթե բոլոր վարչական շրջաններում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բարձրացել է 50-100 դրամով: Օրինակ՝ Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Էրեբունի եւ այլ վարչական շրջաններում բնակարանի 1 քմ-ի գինը օգոստոսին հուլիսի համեմատ մնացել է նույնը, իսկ անցած տարվա օգոստոսի համեմատ բարձրացել է:

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակարանի 1 քմ-ի գինը այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ 100 դրամով թանկացել է, Մարալիկում՝ 50 դրամով: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակարանների 1քմ-ի գինը 100 դրամով է բարձրացել, Կապանում՝ 250-ով, Մեղրիում՝ 150-ով, Տավուշի մարզի Այրումում՝ 50 դրամով, իսկ Վայոց ձորի Եղեգնաձորում՝ 100 դրամով: Մյուս մարզերի քաղաքներում բնակարանների 1 քմ-ի արժեքը այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ մնացել է անփոփոխ: Սակայն անցած տարվա օգոստոսի համեմատ այս տարվա օգոստոսին բնակարանների 1քմ-ի գների բարձրացում արձանագրվել է բոլոր մարզերում:
Այս տարվա օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 հազար 29 գործարքներ: Նշենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 38.4 տոկոսը կատարվել է մայրաքաղաք Երեւանում, 10.7 տոկոսը՝ Կոտայքի մարզում, 7.3 տոկոսոը՝ Լոռու մարզում:

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը կազմել է 29.2 տոկոս, ժառանգությունը՝ 11.6 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 30.5 տոկոս, իսկ գրավադրումը՝ 11.1 տոկոս: Վարձակալությունն էլ կազմել է 4.4 տոկոս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը 1.5 տոկոսով ավելացել է: Նշված ժամանակահատվածում աճել է նաեւ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վարձակալումը՝ 0.9 տոկոսով: Իսկ, ահա, գրավադրումը այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.3 տոկոսով:

Ըստ մասնագետների՝ բնակարանների գրավադրման աճի պատճառն այն է, որ մարդիկ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով՝ իրենց բնակարանները գրավադրում են բանկերում կամ վարկային կազմակերպություններում: Նրանց մեծ մասը, չկարողանալով մարել վարկային պարտականութունները, կորցնում է իր բնակարանը՝ մնալով փողոցում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ որոշ բանկեր ժամանակավորապես դադարեցրել են բնակարանները որպես գրավ ընդունելու գործընթացը, քանի որ վարկերի վերադարձելիությունը կտրուկ նվազել է: Իսկ բանկերն էլ չեն կարողանում իրացնել գրավադրված բնակարանները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս