Երեկ Երեւանում պայթեցման միջոցով քանդվել է մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը:
Այն բուռն քննարկումների առիթ դարձավ, շատերը նշեցին, որ շենքի քանդման մասին պատշաճ իրազեկում տեղի չի ունեցել:
ArmLur.am-ը Վարդանանց և Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող երկհարկանի շենքի տարածքում ապրող քաղաքացիներից փորձեց տեղեկանալ արդյոք իրենց իրազեկել են, թե՝ ոչ:
Բնակիչներից Անահիտ Հարությունյանը նշեց, որ իրենց տուն են այցելել և տեղեկացրել, որ պայթյուն է լինելու և խուճապի մատնվելու կարիք չկա. «Քանի որ շենքին այդքան էլ մոտ չեն գտնվում տանից չգնացինք, բայց ահավոր փոշի էր բարձրացել»:
Տարածքում կայանված մեքենաները ևս պայթյունից առաջ հեռացվել են տարածքից:
ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, թե արդյոք պատշաճ իրազեկում կատարվել է, թե՝ ոչ և որքանով են գործել օրենքին համապատասխան:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը նշեց, որ իրենք պայթեցման աշխատանքների հետ կապ չունեն. «Մենք տալիս ենք պայթեցման թույլտվությունը, իսկ աշխատանքները կատարաում է ԱԻՆ-ը»:
Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն քանդվող շենքի հետ աղմուկ բարձրացնել պետք չէ. «Ճիշտ է շենքը հին էր, բայց միևնույն ժամանակ այն ցանկերի մեջ ներառված չէր: Նրա մի մասը այնուամենայնիվ պահպանվելու է, իսկական արժեքների վերացման մասին խոսում ենք, և հետո, եթե սկսենք ամեն մի շենքի համար խոսել, կասեն ընկերնե՛ր, հիմա ոչ մի բան չանե՞նք: Ծրագիր կա, երևի կանեն և շենքի ինչ-որ մաս էլ կպահպանվի» :
Նշենք, որ պայթեցումը իրականացրել են «Նորտեղ Շին» ընկերության մասնագետները և կողքի շինությունների ոչ մեկը չի տուժել:
Նախնական տեղեկություններով` տպարանի առաջին շենքին կփոխարինի բազմաֆունկցիոնալ համալիր, իսկ թե ինչպիսի տեսքով պարզ կդառնա առաջիկայում:
Շենքի պայթեցումը՝ iravaban.net-ի տեսանյութում: