2017 թվականը նոր էջ է բացում ՀՀ բանկային համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի պահանջով հայաստանյան բոլոր բանկերը հունվարի 1-ից պետք է ունենան 30 մլրդ դրամ նորմատիվային կապիտալ: Սրա հետեւանքով մի շարք բանկեր վերամիավորվեցին: Այս եւ բանկային այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ:

-Պարո՛ն Սուքիասյան, 2017թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, որի համաձայն՝ ՀՀ բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ ՀՀ դրամ: Կբավարարի՞ այդ պահանջը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ:

-Անշուշտ կբավարարի: Հոկտեմբերի 25-ին ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը, որի արդյունքները մոտ մեկ ամսից կներկայացվեն Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը, ապա՝ ՀՀ կենտրոնական բանկի գրանցմանը: Այս տեղաբաշխման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ 145 հազար հատ բաժնետոմս է տեղաբաշխվել` յուրաքանյուրը 14.600 ՀՀ դրամ արժեքով։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեղաբաշխման արդյունքները գրանցելուց հետո ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 31 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ այսօր արդեն կարող ենք ասել, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ համապատասխանեցրել է իր նորմատիվային կապիտալը վերը նշված պահանջին:

-Վերջերս հաճախ դժգոհություններ ենք լսում՝ կապված տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների հետ: Հնարավո՞ր եք համարում այդ տոկոսադրույքների իջեցումը:

-Այդպիսի դժգոհություններ նախկինում եւս հնչել են: Մարդիկ սովորություն ունեն համեմատելու ՀՀ-ում եւ, օրինակ, արեւմտյան երկրներում գործող տոկոսադրույքների միջին չափը, իսկ այնտեղ տոկոսադրույքներն ավելի ցածր են: Սա հասկանալի դժգոհություն է, քանի որ հաճախորդների համար ամենագրավիչ պայմանները վարկերի համար կիրառվող ցածր եւ ավանդների համար կիրառվող բարձր տոկոսադրույքներն են: Սակայն ավանդների եւ վարկերի տոկոսադրույքներն ուղիղ համեմատական են միմյանց. եթե բանկերն իջեցնեն վարկերի տոկոսադրույքները, ապա կիջնեն նաեւ ավանդների տոկոսադրույքները:
Կարծում եմ, որ 2017թ. նոր էջ է բացում ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ. հենց առաջիկա տարում է սկսվելու բանկերի միջեւ իրական մրցակցությունը: Բոլոր այն բանկերը, որոնք կմնան շուկայում, ազատ ռեսուրսների ավելցուկ են ունենալու եւ փորձելու են հնարավորինս շատ հաճախորդներ ներգրավել: Ազատ ռեսուրսների ավելցուկի պայմաններում բնական է, որ կարող են իջնել ավանդների տոկոսադրույքները: Բայց այստեղ պետք է նաեւ հաշվի առնել, որ ՀՀ բանկային համակարգը տարեկան մոտ 150 մլրդ ՀՀ դրամ ավանդի տոկոս է վճարում ավադատուներին: Դա բավականին մեծ գումար է, եւ, ուրեմն, հազարավոր մարդիկ անուղղակիորեն ներգրավված են բիզնեսում, այսինքն` մասնակցում են բիզնեսին, ստանում եկամուտ ներդրված ավանդներից եւ վճարում եկամտահարկ:

-Պարո՛ն Սուքիասյան, վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ կենտրոնական բանկն առեւտրային բանկերին ստիպում է աշխատակիցների կուտակային գումարները վճարել կենսաթոշակային ֆոնդերին: Ճի՞շտ են այդ լուրերը, արդյո՞ք նման խնդրի հետ առնչվել է նաեւ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ:

-Անհիմն եմ համարում նման հրապարակումները: ՀՀ կենտրոնական բանկը վերահսկողական գործառույթ իրականացնող մարմին է, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նկատմամբ երբեւէ հարկադրանք չի եղել այս եւ որեւէ այլ հարցում: Ճիշտ է՝ Բանկն է աշխատավարձ վճարում աշխատակիցներին, սակայն աշխատակիցներն ազատ են իրենց ընտրության մեջ, իրենք են տնօրինում իրենց կուտակումները, իսկ Բանկը պարզապես հանդես է գալիս որպես նրանց գործակալ հարկերի գծով:

-Թեպետ 2016թ. դեռ չի ավարտվել, սակայն շատերը նշում են, որ 2016թ. բավականին դժվար տարի էր ՀՀ բանկային համակարգի համար: Ինչպիսի՞ն էր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար այս տարին:

-Փորձելով ամփոփել տարին` կարող եմ ասել, որ մենք բավականին ուժ եւ եռանդ ներդրեցինք այս տարվա ընթացքում: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ այսօր շատ է խոշորացել, ներկայումս ունենք 47 մասնաճյուղ, մինչդեռ տարվա սկզբին մասնաճյուղերի թիվը 40 էր: Աճ ենք արձանագրել բոլոր ցուցանիշներով, գործընկերական շրջանակը զգալիորեն մեծացել է:
2016թ.-ին բանկի կապիտալն աճեց բաժնետոմսերի տեղաբաշխումների, միացման եւ մեր ընտանիքի կողմից կատարված ներդրումների հաշվին, ինչի շնորհիվ կարողացանք ապահովել ՀՀ կենտրոնական բանկի 30 մլրդ ՀՀ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը:

-Եվ վերջին հարցը. ինչպե՞ս է ընթանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ եւ միջազգային կառույցների համագործակցությունը:

-Բանկն, ինչպես միշտ, շարունակում է սերտորեն համագործակցել իր վաղեմի գործընկեր եւ բաժնետեր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ: 2016թ.-ի ընթացքում Բանկը 34 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել արտասահմանյան ֆոնդերից` Symbiotics S.A., BlueOrchard Finance S.A, Incofin Investment Management, որից 24 մլն. ԱՄՆ դոլարն ուղղվել է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը: Նաեւ ավելի քան 1,7 մլրդ ՀՀ դրամի ներգրավումներ են կատարվել ՀՀ կենտրոնական բանկի ծրագրով` KfW բանկի՝ Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից կառավարվող միջոցներից եւ այլ աղբյուրներից, որի հիմնական մասն ուղղվել է միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Ներկայումս շարունակվում են բանակցությունները նաեւ նոր ներգրավումների ուղղությամբ, ուստի հուսով եմ, որ մինչեւ տարվա վերջ ներգրավված միջոցների ծավալը եւս կաճի:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միշտ մնում է կայուն զարգացող բանկ, միշտ նոր գրավիչ առաջարկներով է հանդես գալիս իր հաճախորդների համար, եւ մեր շահերը միշտ համընկնում են:

Արփինե Թովմասյան




Լրահոս