Ադրբեջանն ուշ, թե շուտ պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Դավիթ Բաբայանն արձագանքում է Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ հայտարարել էր, որ փոխզիջում հնարավոր է, և Ղարաբաղը պետք է դառնա ինքնավար հանրապետություն: Այսօր այս հայտարարությանն  անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ-ն: Այս հայտարարությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

– Պարո′ն Բաբայան, Ալիևը խոսել է Ղարաբաղի`  ինքնավար հանրապետություն դառնալու մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ արձագանքել է: Ինչպես եք արձագանքում այս հայտարարություններին:

– Բազմաթիվ անգամ ասել ենք, որ նման առաջարկները լուրջ չեն. ինչ է նշանակում ինքնավար հանրապետության կամ մարզի կարգավիճակ: Սրանք այն առաջարկներն են, որոնք ընդհանրապես չեն կարող քննարկվել, քանի որ լուրջ չեն: Նախևառաջ ասեմ, որ Արցախն արդեն ունեցել է ինքնավարության կարգավիճակ: Ընդհանրապես ադրբեջանական նախկին ԽՍՀՄ-ի սահմաններում եղել են երկու հայկական կազմավորում` Նախիջևանի ինքնավար հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Մենք տեսանք` ինչ ճակատագիր ունեցավ Նախիջևանի ինքնավար հանրապետության հայությունը. նրանք բոլորը զտվեցին այնտեղից, Ցեղասպանություն տեղի ունեցավ, որը շարունակվեց նաև հայկական մշակութային կոթողների նկատմամբ, ընդհանրապես հայկական ժառանգության նկատմամբ:

Ինչ վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ին, ապա նրա նկատմամբ վարվում էր գաղութատիրական, նացիստական քաղաքականություն և ԼՂԻՄ-ը փաստորեն վերածվել էր ինչ-որ մի համակենտրոնացման ճամբարի: Քանի, քանի անգամ արցախահայությունն իր կամքն էր փորձում արտահայտել և վերականգնել պատմական արդարությունը: Եվ 88 թվականին  սկսվեց այս վերջին շարժումը, և մենք գիտենք, թե ինչ ավարտ ունեցավ: Նման առաջարկներն իրոք անիմաստ են: Այստեղ կա նաև հետաքրքիր զարգացում. նախկինում Իլհամ Ալիևն ասում էր, որ պետք է ոչնչացնել Արցախը, հիմա էլ ինքնավարություն է ուզում տրամադրել: Կարծես` ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում: Եթե դինամիկան այսպես շարունակվի, միգուցե երկու-երեք ամսից արդեն ճանաչի մեր անկախությունը, և սա կլինի միակ ճիշտ տարբերակը: Իսկ այդ ինքնավարության մասին կոչերը պարզապես այնքան անլուրջ են, որ չենք էլ կարող քննարկել:

– Վերջին շրջանում Իլհամ Ալիևը, կարելի է ասել, բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ է անում: Վերջերս էլ խոսել էր այն մասին, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախը: Ինչի հետ եք կապում այս փոփոխությունները:

– Այն, որ պարտադրում են անկախության ճանաչումը, դա փաստ է, որովհետև միջազգային հանրությունը հասկանում է, որ այլ ելք չկա: Ինքը, երբ որ առաջին անգամ նման արտահայտություն է անում, երբևիցե  Ադրբեջանի  որևէ ղեկավար նման հայտարարություն չի արել: Մենք գիտենք, որ դա միակ ճանապարհն է, պարզապես Ադրբեջանը չի ուզում հաշտվել իրականության հետ, բայց մեկ է` այս ջայլամի քաղաքականությունն օգուտ չի տալու և գործընթացները գնում են այնպես, որ ուշ, թե շուտ պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Կարևոր է նաև, որ համանախագահներն են խոսել հակամարտության կարգավորման մասին: Համանախագահներն ասել են, որ պետք է փաթեթային լուծվի և կարգավիճակի մասին են խոսել: Սա շատ կարևոր է և նշանակում է, որ միջազգային հանրությունն արդեն բացեիբաց է սկսում խոսել Արցախի հանրապետության ճանաչման մասին: Ուորլիքն ասել է, որ տարածքներն ու կարգավիճակը մեկ փաթեթի մեջ պետք է դիտարկել: Սա շատ կարևոր է,  քանի որ ցանկացած շահարկում փարատվեց ԵԱՀԿ Մինսկի խնբի  համանախագահների կողմից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս