Ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային սպասարկմանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես կանխատեսել էին օդերևութաբանները, ձմեռն այս տարի ժամանակից շուտ եկավ։ Ու, չնայած, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհների ձմեռային պահպանության մեկնարկը կառավարության որոշմամբ սահմանված է նոյեմբերի 15-ից, այս տարի ճանապարհաշինարարները մաքրման աշխատանքները սկսեցին հոկտեմբերի 18-ին, երբ հանրապետությունում տեղաց առաջին ձյունը։

Եղանակային վատ պայմաններից ելնելով` ձնամաքրման աշխատանքների որակի վերահսկողության նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ ‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում։

Առաջին կանգառը «Կոտայքի ՃՇՇ» ընկերությունն էր, որը սպասարկում է 130 կմ երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհ։ Ճանշինի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի խոսքով՝ վաղահաս ձմռանն ընդառաջ Աբովյանի և Չարենցավանի պահեստներում կուտակված է բավարար քանակությամբ աղ ու ավազ, տեխնիկան բերված է պատրաստ վիճակի։

«Հրազդան ՃՇՇ»-ի աշխատանքների ղեկավար Սերյոժա Հակոբյանը պատմեց, որ իրենց հսկողության տակ գտնվող 176,5 կմ ճանապարհահատվածում ևս հոկտեմբերի 25-ի գիշերը հերթապահություն են անցկացրել, աղ ու ավազի խառնուրդով մշակել, այնուհետև տեխնիկայով հեռացրել են ասֆալտի վրայի ձյան շերտը։

Սևանում ևս հոկտեմբերի 25-ին տեղումները շատ ինտենսիվ են եղել, գիշերային ժամերին ուղեկցվել քամու ուժգնացմամբ, մերթընդմերթ պակասել է նաև տեսանելիությունը։ «Ծովագյուղ Ճանշին»-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանը փոխանցեց. «Հոկտեմբերի 17-ից լրիվ կազմ պատրաստ վիճակում սպասում էինք առաջին տեղումներին, այնպես որ եղանակը մեզ անակնկալի չի բերել»։

Նախորդ գիշերը շատ ծանրաբեռնված է եղել «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների համար։ Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Վասիլյանը նշեց, որ Դիլիջանի ոլորանները երթևեկության համար առավել մատչելի ու անվտանգ դարձնելու համար ձյուն մաքրող տեխնիկան ու աշխատակիցները հերթապահել են ողջ գիշեր։ Այցի պահին ևս այս հատվածում կատարվում էին կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:

«Հիմա մեր գործն ավելի է դժվարացել, որովհետև Մ6՝ Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման, միջպետական ավտոճանապարհի վերանորոգման պատճառով այս ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը 3 անգամ մեծացել է»,- նշեց Գագիկ Վասիլյանը։

‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով` հանրապետության տասը մարզերում գործող 35 ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ու ձմռան ամիսներին սպասարկելու են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները և եղանակային պայմանների ցանկացած փոփոխության դեպքում պատշաճ անցանելիություն են ապահովելու։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում




Լրահոս