Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը Հայաստանի մասին հոդված է հրապարակել, որում հատված է մեջբերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հեռուստաալիքին տված հարցազրույցից:
Կայքը հիշեցնում է, որ 2016թ. հուլիսին Հայաստանը վերապրեց վերջին տասնամյակում ամենամեծ անկարգությունը, երբ զինված անձինք Երևանում գրավեցին Էրեբունու ոստիկանական բաժանմունքը՝ սպանելով մեկ ոստիկանի և պահանջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ պաշտպանելու ապստամբներին, նշում է կայքը: Սակայն ի՞նչն էր ապստամբության պատճառը, հարց է ուղղում Al Jazeera-ն:
Ինչն ամենազարմանալին էր, նշում է կայքը, հանրությունն աջակցում էր զինված խմբին, ովքեր պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև պահանջում էին նախագահի հրաժարականը: Խաղաղ ցույցերը վերածվեցին հասան մինչև բազմահազարանոց հանրահավաքների:
Հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվեցին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց, 33 քաղաքացիական անձինք վնասվածքներ ստացան, 47 մարդ բեկորային վնասվածք ստացավ, 7 մարդ այրվածք ստացավ և մեկ անչափահաս կորցրեց աչքը, հիշեցնում է կայքը:
Ապստամբությունն ավարտվեց 2 շաբաթ անց, երբ ապստամբները հանձնվեցին, և ամբոխը ցրվեց:
«Կա՞ արդյոք երկիր, որտեղ չկա ագրեսիվ փոքրամասնություն: Ակնհայտ է, որ մեր երկրում կան դժգոհություններ քաղաքացիական հանրության շրջանում, և նրանք տվեցին իրենց գնահատականը, ինչը չի նշանակում, որ դա օբյեկտիվ է: Նրանց նպատակը Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանի դիկտատոր դարձնելն էր»,-ասել էր ՀՀ նախագահը հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Այն հարցին, թե արդյոք նա մտադիր է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանն ասել է, որ վաղ է խոսել նման թեմաների մասին:
«Ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա»,-եզրափակում է հեռուստաալիքը: