«Ժողովուրդը» գրել էր, որ «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 6-ին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Սակայն նրանց հաջողվել էր միայն իրենց նամակը փոխանցել ՀՀ կառավարության նամակների եւ դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին, ով խոստացել էր հարցի մասին զեկուցել վարչապետին:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախաձեռնությամբ որոշվել է շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացնել 450%-ով, այսինքն` 4,5 անգամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Եվրոֆուտբոլ» ընկերությունը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է իր նամակի պատասխանը, որով նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կողմերին հանդիպել եւ քննարկում անցկացնել:
Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ այս պահին հիմնավոր է համարում իրենց որոշումը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրենք հայտնել են հանդիպելու իրենց պատրաստակամության մասին. «Միաժամանակ մեզ էլ ասում են, եթե, օրինակի համար, կլինեն մեխանիզմներ, որ թույլ կտան իրացման շրջանառությունը հստակ վերահսկել, օրինակ՝ սերվերները տեղադրել ՊԵԿ-ի կամ ֆիննախի տարածքում, ու իրենք մուտք ունենան այդ սերվերներ, որպեսզի տեսնեն՝ ինչքան խաղադրույքներ կատարվեցին, ինչ շահումներ եղան, իրենք պատրաստ են վերանայելու տուրքի չափերը»,- նշեց Սմբատյանը:
Պարզվում է՝ նախարարությունն ԱՎԾ-ից տվյալներ է վերցրել եւ նշել, որ համապատասխան ոլորտներում՝ մշակույթ, զվարճություն, հանգիստ, մեծ աճ է գրանցվել այնտեղ, որտեղ տեսակարար մեծ կշիռ ունի խաղային գործը.«Իրենք ներկայացրել են, որ 2014 թվականին աճը եղել է 23,9%, 2015-ին` 87,2%, 2016 թվականի առաջին կիսամյակում՝ 61,7%: Նախ չեն առանձնացրել, որ ոլորտում վստահաբար տեսակարար կշիռ ունի խաղային գործը, կարա ունենա, կարա չունենա, որեւէ հիմնավորում չկա: Այդ ոլորտի մեջ մտնում են հյուրանոցները, խաղատները, այսինքն՝ այս ամենը վերցնել եւ ասել՝ ոլորտը աճել է, հիմնավոր չէ»,- ընդգծեց Սմբատյանը:
Վահագն Հակոբյան