Տրանսպորտի նախարարությունում կրճատումներ են սպասվում. ո՞ր ՊՈԱԿ-ները կփակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն դրանց թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:

«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինեն հիմնավորված, գործառույթները՝ հստակ եւ չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կային, որոնք ունեն տարեցտարի հաստատուն ծախսեր, եւ գոնե իմ համար հասկանալի չէր, թե իրենց պրոդուկտը, օգուտը եւ մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, եւ յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը նաեւ ԾԻԳ-երի մասին է:

Այսպիսով, այն, որ վարչապետի հերթական կտրուկ ու անսպասելի հանձնարարականը դառնալու էր այդ կառույցների աշխատակիցների ահուսարսափը, բնական էր: Կառավարության բոլոր մարմինների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի աշխատակիցների համար իրենց ճակատագիրն այս պահի դրությամբ դեռ անկանխատեսելի է:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ այդ գերատեսչության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների աշխատակիցները աշխատանքի են գնում «վախվորած», սպասումով, որ ցանկացած պահի իրենց կհայտնեն աշխատանքից ազատման անցանկալի լուրը: Այս գերատեսչության տնօրինմանն է վստահված այդպիսի 5 կառույց` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ը կամ ծրագրի իրականացման կազմակերպությունը, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկը, «Տրանսպորտային փոխադրումներ», «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» եւ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկը, Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» եւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ները նախատեսվում է միավորել: Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ»-ը նախ կապ հաստատեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի հետ: Նա փաստացի հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ չկա նման բան.«Ասենք միանալու համար իրավական ակտ պիտի լինի դրա մասին, ի՞նչն եք հիմք ընդունում, որ ասում եք՝ միանալու է, ով է ձեզ նման բան ասել, նախ սկսենք դրանից»,- պատասխանելու փոխարեն փորձեց մեզանից ճշտումներ անել ԾԻԳ-ի տնօրենը: Իսկ հարցին` քննարկումնե՞ր չեն եղել դրա վերաբերյալ, Սարգսյանը նախ պատասխանեց.«Իմ հետ այդպիսի քննարկում չի եղել, ես նման որեւէ քննարկման չեմ մասնակցել»,- ապա ինքն իրեն անուղղակի կերպով հերքելով՝ հավելեց.«Եթե բանակցությունները ընթանում են, դա չի նշանակում, որ դեռեւս որոշված է, երբ որ որոշվի, երբ որ ամեն ինչ հստակ կլինի, այդ ժամանակ կոմպոտենտ կլինեմ, եթե լինեմ, այդ հարցին կպատասխանեմ»,- իր հակասական խոսքը եզրափակեց պաշտոնյան:

Հարցի շուրջ փորձեցինք հստակեցումներ անել նաեւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի կամ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանից: Վերջինս հարցի պատասխանն իր գործառույթներից դուրս համարելով, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին. «Կառուցվաքային հարցերին ես ինչ գործ ունեմ պատասխանելու, շինարարությունից հարցրեք, ընթացքից, տենդեռներից, կպատասխանեմ: Ես չեմ էլ խառնվում, տեղյակ էլ չեմ տենց, այդ բաների մեջ չեմ էլ մտնում, ես իմ արհեստավարժ գործն եմ անում, ինձ չի էլ հետաքրքրում, ոնց ճիշտ է, տենց էլ պետք է շարժվի կառավարությունը»,-եզրափակեց Սարգսյանը:

«Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ հստակ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմեց նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանին: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, նշեց միայն. «Ինչպես մյուս տեղերում, մեզ մոտ էլ հիմա քննարկումների ընթացք է, թե ինչ պետք է արվի»: Մեր պարզաբանմանը, որ խոսք է գնում մի քանի ՊՈԱԿ-ների միավորման մասին, Առաքելյանը կարճ պատասխանեց՝ քննարկումներ կան:

Վահագն Հակոբյան




Լրահոս