«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում է նոր երաժշտական մրցույթ, որը կոչվում է «Դեպի Եվրատեսիլ»: Այն բաղկացած է 4 փուլից եւ կտեւի շուրջ 3 ամիս: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրում եւ ողջ ընթացքում ուղղորդում են «Եվրատեսիլ»-ի` նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան: Հաղթողը որոշվելու է ժյուրիի գնահատականներով եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:
Ինչպես հայտնի է՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում կան նաեւ հանրության կողմից ճանաչված երգիչ-երգչուհիներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է նրանցից մեկի` Լուսիի հետ (Լուսինե Աղաբեկյան): Հարցին, թե ինչով է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու տեսլականը գրավում Լուսիին, վերջինս պատասխանեց. «Կցանկանամ վերապրել եւ կրկնապատկել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ միջազգային մրցույթների մասնակցելու ժամանակ (2007-ին Ուկրաինայում կայացած «Ծովի երգ» միջազգային մրցույթում Լուսին գրավել է երկրորդ տեղը: 2008-ին էլ մասնակցել է Մոլդովայում կայացած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին եւ զբաղեցրել առաջին տեղը-հեղ.): Բացի այդ` «Եվրատեսիլ»-ը երգչի համար կարող է մի շարք նոր դռներ բացել, հատկապես այն արտիստի համար, որը ձգտում է ճանաչվել միջազգային լսարանի կողմից: Առհասարակ, ես ինձ համարում եմ մրցութային երգչուհի եւ կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»:
Անդրադառնալով Արամ MP3-ի թիմում հայտնվելու հանգամանքին՝ Լուսին ուրախությամբ նշեց, որ իրենք միասին լավ են լեզու գտնում. «Արամը լավ արտիստ է, մենք երաժշտական առումով իրար նման ենք մտածում, քանի որ ունենք միեւնույն նպատակները»:
Գրեթե ամեն տարի, երբ մենք որեւէ մասնակից ենք ուղարկում «Եվրատեսիլ»-ին, հանրության շրջանում միշտ գտնվում են մարդիկ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում այդ առթիվ` նշելով, որ իրենք ընտրության հնարավորություն չեն ունեցել: Մենք հարցրինք Լուսիի կարծիքը` արդյոք «Դեպի Եվրատեսիլ»-ը կկանխի դժգոհության այդ ալիքը. «Կարծում եմ` այո, քանի որ հանդիսատեսի ձայնն այս պարագայում եւս շատ կարեւոր է: Նրանք քվեարկելու հնարավորություն կունենան եւ որեւէ մեկի հաղթանակի դեպքում էլ չեն ասի. «Դե, այդպես էլ պետք է լիներ…»»,-ասաց երգչուհին:
Նա նաեւ հավելեց, որ ամուսինը` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ամեն կերպ աջակցում է իրեն. «Նա ամեն վայրկյան կողքիս է` սկսած երգերի ընտրությունից, մինչեւ ռեժիսորական լուծումներ»,-եզրափակեց Լուսին:
Աննա Բաբաջանյան