Ադրբեջանը չի կարող սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգությանը. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանական բանակը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր»:

Նկատենք, որ վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազենից արձակվող կրակահերթերը սովորական երեւույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ առանձնապես ակտիվացել էին դիվերսիոն ներթափանցման փորձերը, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Իսկ հիմա ինչ է փորձում ցույց տալ հակառակորդը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չի կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդի այս փորձը:

-Հակառակոդը փորձում է շարունակաբար ձախողել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այսինքն՝ ցուցադրել այն մտայնությունը, որ, այնուամենայնիվ, ուժի միջոցով խնդրի լուծումը իրենց համար շարունակում է մնալ օրակարգում: Երկրորդ մտայնությունը, իմ կարծիքով, դա միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա կենտրոնացնելն էր, այն բանով, որ սա սառեցված կամ մոռացված հակամարտություն չի, եւ երրորդ խնդիրը դա նորից շանտաժով, ագրեսիայով եւ մարտական գործողությունների իմիտացիա ստեղծելով՝ փորձել սեփական ժողովրդի մոտ Ալիեւի իշխանության երեսը փրկել, որովհետեւ այն միֆը, որ մենք /իրենք Ք. Մ/ ուժով խնդիրը կլուծենք, այդ միֆը կարծես թե կոտրվեց ապրիլին:

Դա կոտրվեց միջազգային հանրության միջնորդական ջանքերի շնորհիվ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ծնված պայմանավորվածություններով: Որպեսզի մենք ի սկզբանե բացառենք ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, մեզ անհրաժեշտ է ունենալ հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ: Այդ մեխանիզմների առկայության պայմաններում մենք նոր կարող ենք խոսել խաղաղ կարգավորման հետագա ընթացքի մասին:

Նշեցիք, որ հակառակորդը փորձում է սեփական ժողովրդի մոտ Ալիեւի իշխանության երեսը փրկել, քանի որ ապրիլին կոտրվեց խնդիրն ուժով լուծելու նրանց միֆը, բայց պետք չէ մոռանալ, որ մենք ապրիլին բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեցինք, ի վերջո, 100-ից ավել զոհեր եւ նաեւ տարածքային կորուստ ունեցանք: Որքանո՞վ ենք մենք այսօր ավելի ապահովագրված, ավելի պաշտպանված, ինչպե՞ս պետք է չեզոքացնենք վերահաս վտանգը:

-Պետք Է ուժեղացնել պաշտպանությունը, ամրացնել, ավելացնել մեր պաշտպանական կարողությունները, անվտանգության խնդիրների վրա մեծ ուշադրություն դարձնել, ինչպես նաեւ ամրացնել մեր տնտեսական ռեսուրսները, կարողությունները: Այս պարագայում, բնականաբար, ոչ մի Ադրբեջան չի կարող սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգությանը:

-Իսկ այդ ուղղությամբ ի՞նչ է անում կոնկրետ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

-Հանձնաժողովի գործառույթներից հիմնականը արտաքին քաղաքական հատվածով խորհրդարանական համագործակցության զարգացումն է: Այդ առումով, բնականաբար, ապրիլյան պատերազմի ժամանակ հանձնաժողովը եւս բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, հիմա չմանրամասնենք, թե որ պետության, որ խորհրդարանի հետ ինչպիսի աշխատանք է տարվել, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ թույլ չենք տվել, որպեսզի ադրբեջանական հակահայկական քարոզչությունը այդ օրերին մեր օտարերկրյա խորհրդարաններում ներկայացվի միայն ադրբեջանական կողմի կեղծ տեղեկատվության հիման վրա: Այս առումով բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս