Պետական ձեռնարկությունները, չգիտես ինչ «հրաշքի» արդյունքում, սկսել են շեշտակի ավել հարկ վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 6 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 53 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության նախօրեին հրապարակած տեղեկանքից:

Այսպես, ըստ ֆինանսների նախարարության` ինն ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 836 միլիարդ դրամ: Մինչդեռ նշված ժամանակահատվածի համար պետական բյուջեով պլանավորված էր, որ եկամուտները պետք է կազմեին առնվազն 889 միլիարդ դրամ: Ի դեպ, հարկ է նշել, որ ծախսերի գծով եւս պետական բյուջեն թերակատարվել է 6,2 տոկոսով: Ինն ամիսներին պետական բյուջեով նախատեսված է եղել իրականացնել ավելի քան 991 միլիարդ դրամի ծախսեր, սակայն իրականացվել է 929,6 միլիարդի:

Պետական բյուջեի եկամուտների գծով թերակատարումների մի մասը բաժին է հասել արտաբյուջետային եկամուտներին, որոնք նախատեսվածից 26 տոկոսով պակաս են եղել եւ կազմել են ընդամենը 22,6 միլիարդ դրամ: Ինչեւէ, հարկեր եւ տուրքերից պետական բյուջե մուտք եղած գումարներն ինն ամիսների արդյունքներով կազմել են 787.5 մլրդ դրամ: Այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերից ավել է 0,1 տոկոսով, կամ այլ կերպ ասած՝ գրեթե նույնն է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա համար հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների ավելի մեծ ցուցանիշ է սահմանված եղել, քան անցած տարի: Մասնավորապես, հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների թերակատարումը կազմել է 6,4 տոկոս, կամ նույնն է, թե 54 մլրդ դրամ:
Պետական բյուջեի եկամուտները հիմնականում նվազել են երեք` ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով:

ԱԱՀ-ի գծով ստացված մուտքերը կազմել են 277 մլրդ դրամ, այս թիվն անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 36.4 մլրդ դրամով կամ 11.6%-ով: 120.5 մլրդ դրամի ԱՀՀ-ն ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 156.6 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Ներմուծումից ստացվող ԱԱՀ-ն նվազել է 15.3%-ով կամ 21.8 մլրդ դրամով: Այլ կերպ ասած՝ ներմուծումների անկումը հարկային մուտքերի վրա էապես ազդել է: Ի դեպ, հարկ է նկատել, որ ներմուծումների անկումը սովորաբար լավ օրից չի լինում, քանի որ փաստում է բնակչության գնողունակության նվազման մասին: Ներքին շրջանառությունից ԱԱՀ-ի գծով ստացվող բյուջետային մուտքերն էլ նվազել են 8.5%-ով կամ 14.6 մլրդ դրամով: Սա իր հերթին փաստում է, որ բնակչության գնողունակության նվազման հետ նվազել են նաեւ Հայաստանի արտադրող ձեռնարկությունների շրջանառության ծավալները:

Ինչ վերաբերում է հարկային մուտքերի ավելացումներին, ապա նման երեւույթ արձանագրվել է պետական բյուջեի` ակցիզային հարկի գծով մուտքերի դեպքում, որոնք կազմել են 41.4 մլրդ դրամ: Անցած տարվա համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 18.1%-ով կամ 6.3 մլրդ դրամով: Մասնավորապես, 3,6 միլիարդ դրամի աճը ներմուծվող ապրանքներից գանձվող ակցիզային հարկերից ստացված մուտքերի ավելանալու հաշվին է տեղի ունեցել, ինչն իր հերթին պայմանավորված է այն փաստով, որ այս տարվա մայիսի 1-ից սեղմված բնական գազի ներկրումից եւս ակցիզային հարկ է գանձվում, իսկ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են 10 տոկոսով: Պակաս ուշագրավ չէ նաեւ շահութահարկի գծով հարկային մուտքերի ավելացման պատճառաբանումը:

Ընդհանուր շահութահարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել 102.8 մլրդ դրամ, որը անցած տարվա համեմատ աճել է 22.9 մլրդ դրամով: Այս փաստը ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հետեւյալ կերպ. «մեծ մասամբ պայմանավորված պետական ձեռնարկություններից ստացված մուտքերի աճով»: Այլ կերպ ասած՝ պետական ձեռնարկությունները, չգիտես ինչ «հրաշքի» արդյունքում, սկսել են շեշտակի ավել հարկ վճարել, քան անցած տարի: Սա ուղղակի կարող է փաստել, որ նախորդ տարիներին ինչ-որ մարդիկ պետության փողերը, մեղմ ասած, «տակով են արել», բայց քանի որ այժմ պետական բյուջեն գումարների կարիք ունի, նրանց հանձնարարել են մուծումներն ավելացնել:

Նշենք նաեւ, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով մաքսատուրքից ստացված մուտքերը կազմել են 40.3 մլրդ դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 6.4 մլրդ դրամով:
ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտներն ինն ամսում կազմել են 20.5 մլրդ դրամ: Այդ գումարից, մասնավորապես, 12,5 մլրդ դրամը կազմել են ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները: Այս գծով պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվների թերակատարումը կազմել է ավելի քան 30 տոկոս: Պետական բյուջեի կատարողականում չկա ոչ մի տվյալ, որը հաշվի առնելով՝ կարող ենք կանխատեսել, որ առաջիկա ամիսներին իրավիճակը շտկվելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս