Իրականում մենք բանկեր չունենք, դրանք լոմբարտներ են. նախկին փոխնախարարը` գյուղատնտեսության ներկայիս վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության վիճակը մեղմ ասած գտնվում է վատթար վիճակում:  Ծառացած խնդիրների և դրանց հավանական լուծումների շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, գյուղացիներն այսօր կանգնած են մի շարք լուրջ խնդիրների առաջ: Որպես ոլորտի մասնագետ, ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից:

-Գյուղատնտեսության առջև  ծառացած խնդիրները հինգ-վեց ամսում լուծել հնարավոր չէ, որովհետև  բազմաթիվ են և տարիներ շարունակ կուտակվում են: Կան առաջանահերթ խնդիրներ, որոնցից է արտահանումների հարցը, որը մեր փոքր շուկայում միշտ լճացում է առաջացնում: Գյուղացին ստիպված ապրանքները վաճառում է բավականին ցածր գնով և եկամուտ չի ունենում:

Պետք է առաջին հերթին շեշտը դնել արտահանման վրա, երկրորդ խնդիրը վերամշակման հետ է կապված: Մեր վերամշակման ոլորտը հայտնվել է այնպիսի վիճակում, որ առաջ շարժվել այլևս չի կարող:

Մեր գինիները բավականին բարձր գին ունեն, նույնը կաթնամթերքի դեպքում է. գյուղացուց կաթը շատ ցածր գնով են գնում, բայց աստղաբաշխական թվերով վաճառում: Նույն ցորենը ցածր գնով գնում են, և հացամթերքը կրկին բարձր գին ունի:

-Գյուղացիներից շատերը հույսը դնում են վարկերի վրա, բայց արդյունքները կրկին մխիթարական չեն:

-Իրականում մենք բանկեր չունենք` դրանք լոմբարտներ են, բանկային համակարգն անկատար է և շատ բարձր տոկոսներով վարկեր են տրամադրում գյուղացուն, որը ոչ մի կերպ գյուղացին չի կարող մարել: Վարկային կազմակերպություններ կան, որ անգամ մինչև 30 տոկսոսվ վարկեր են տրամադրում:

Նույն ապահովագրության համակարգի հետ կապված պետական լուրջ աջակցության խնդիր կա այս ոլորտում: Ապահովագրական համակարգն ինքնուրույն չի կարող կայնաալ, շատ ռիսկային է, այստեղ անպայման պետք է պետական աջակցություն: Ամեն տարի մենք փաստի առաջ ենք կանգնում՝ ցրտահարություն, կարկտահարություն, մթերման խնդիրներ: Գործնականում գյուղացին կորցնում է ամեն ինչ:

-Գյուղատնտեսության նորնշանակ նախարարի հետ հույսեր կապո՞ւմ եք: Նա կկարողանա՞ գյուղատնտեսությունը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:

-Խնդիրների լուծումը միայն նախարարով և նրա անձով չէ պայմանավորված: Խնդիրների մի մասը գոնե մեկ տարում կարելի է փոքր ինչ-լուծել: Գյուղատնտեսության նախարարությունում կա որակյալ կադրերի խնդիր, վերջին տարիներին շատ են եղել կրճատումներ ու աշխատանքից ազատումներ: Պետք է շեշտը դնել թիմի վրա:

Պետք է քայլ արվի, որպեսզի գյուղացու վիճակը լավանա: Եթե գյուղացին քրտնաջան աշխատի, բայց եկամուտ չստանա, ինչու պիտի մտածի գյուղմթերքի արտադրման մասին:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս