Երևանի քաղաքապետարանի գերթանկարժեք գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ ունեցող Երեւանի քաղաքային իշխանությունները շարունակում են հսկայական գումարներ հատկացնել գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ ձեռք բերելու նպատակով:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորման նպատակով պատրաստվում է 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (ձուլվածքով) ձեռք բերել եւ այդ նպատակով բաց ընթացակարգի հայտարարություն եւ հրավեր է հրապարակել:Երեւանի քաղաքապետարանի այս տարվա գնումների պլանով նստարանների, աղբամանների, հայտարարությունների փակցման գրատախատակների համար հատկացվել է 163 մլն 330 հզ. դրամ: Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսել է գնել 550 հատ նստարան, որոնց համար վճարելու է 90 մլն 750 հզ. դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր նստարանն արժի 165 հզ. դրամ: Նաեւ գնվելու է 610 հատ աղբաման՝ 47 մլն 580 հզ. դրամով:

Յուրաքանչյուրի համար վճարվելու է 78 հզ. դրամ: Սակայն այս տարվա հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանը 500 հատ նստարան եւ 600 հատ աղբաման ձեռք բերելու նպատակով հայտարարության հրավեր է հրապարակել: Ստացվում է, որ քաղաքապետարանը 500 հատ նստարան ձեռք բերելու համար նախատեսել է 82.85 մլն դրամ հատկացնել, իսկ 600 հատ աղբամանի համար՝ 46.8 մլն դրամ: Նշենք, որ Երեւանի փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորման նպատակով նստարանների եւ աղբամանների ձեռքբերման ու տեղադրման ծառայության ձեռքբերումը խմբավորված է 2 չափաբաժիններով` «Երեւան» ձուլվածքով նստարան եւ մեծ աղբամաններ՝ ձուլվածքով:

Ի դեպ, ե՛ւ նստարանների, ե՛ւ աղբամանների գույնը պետք է լինի դեղին-ծիրանագույն եւ լաքապատված տախտակամածային լաքով: Իսկ դրանց տեղափոխումն ու տեղադրումն իրականացվում է մատակարարի միջոցների հաշվին: Նշենք, որ «Երեւան» ձուլվածքով նստարանների արտադրողը պարտավոր է դրանք սպասարկել 1 տարի. գարնանը, աշնանը եւ հաջորդող գարնանը՝ 3 անգամ: Նաեւ մատակարարող ընկերությունը պետք է թարմացնի գույները, անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ ներկի դրանք: Իսկ եթե նստարանների փայտյա մասերը բնակլիմայական պայմանների ազդեցությունից ինչ-որ թերություններ ձեռք բերեն, արտադրող եւ միաժամանակ մատակարարող ընկերությունը պարտավորվում է վերականգնել լաքապատված մակերեսը:

Ըստ մեր տեղեկությունների՝ «Երեւան» ձուլվածքով նստարանների եւ նմանատիպ աղբամանների պատրաստման համար վերստին կընտրվի «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպությունը: Քաղաքապետարանն արդեն որերորդ տարին է՝ նույն ընկերությանն է պատվերներ տալիս: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Կ. Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ Վ. Վարդանյանը քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ աշխատել է Կ. Գեւորգյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս