Ընտրական խառնաշփոթ. ինչ է սպասվում 2017 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող տարվա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ նոր Սահմանադրությունը գործողության մեջ դնելուց հետո քաղաքական կյանքում հնարավոր երկու կարեւորագույն` Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները մեկը մյուսին հաջորդելու են:

Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ԱԺ ընտրությունները անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր առաջ եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Գործող խորհրդարանն իր լիազորությունները ստանձնել է 2012 թվականի մայիսի 31-ին` հինգ տարի ժամկետով: Հետեւաբար ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի ապրիլի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկության օրը սովորաբար կիրակի օր է նշանակվում: Վերը նշված ժամկետը ներառում է միանգամից երկու կիրակի` ապրիլի 2-ը եւ ապրիլի 7-ը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները նախապատվությունը տալու են ապրիլի 2-ին, քանի որ հակառակ դեպքում երկու` խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները «կխաչվեն»:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, պետք է անցկացվեն գործող ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ: Երեւանի գործող ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2013 թվականի հունիսի 8-ին` չորս տարի ժամկետով: Ըստ այդմ, ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասնօրյակում ընդամենը մեկ կիրակի կա` մայիսի 14-ը: Հետեւաբար վստահաբար կարող ենք ասել, որ հենց այդ օրն էլ կնշանակվեն Երեւանի ավագանու ընտրությունները:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն իրենց ընտրական ցուցակները եւ առաջադրման մնացած փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայցնեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ: Տվյալ դեպքում, եթե որպես քվեարկության օր ընդունում ենք մայիսի 14-ը, ապա ստացվում է, որ Երեւանի ավագանու թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա մարտի 30-ից ապրիլի 8-ը: Եթե ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակվեն, ապա Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումները տեղի կունենան մի ժամանակաշրջանում, որն իր մեջ ներառում է քարոզարշավի վերջին երկու օրերը՝ լռության օրը, քվեարկության օրը, ընտրությունների ամփոփման ժամանակաշրջանը: Եթե ԱԺ ընտրությունները նշանակվեն ապրիլի 9-ին, ապա առաջադրումները կհամընկնեն քարոզարշավի օրերի եւ լռության օրվա հետ: Մի խոսքով, ընտրական խառնաշփոթը այդ օրերին ամեն դեպքում երաշխավորված է լինելու:

Սակայն առավել բարդ է լինելու քաղաքական ուժերի կյանքը: Այն հանգամանքը, որ մի ընտրությունը դեռ չավարտած՝ մյուսն է սկսվելու, հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Ընդդիմադիր կուսակցություններն առանց այդ էլ մի կերպ են կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել, իսկ այս դեպքում նրանք պարտադրված են լինելու մի կողմից ԱԺ ընտրությունների քարոզչության համար անհրաժեշտ գումարների խնդիրը լուծել, մյուս կողմից էլ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար պետք է 3 մլն դրամ ընտրական գրավ վճարեն:

Բացի այդ, հասկանալի է, որ ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների ռեսուրսը հաստատ այնքան մեծ չի լինի, որ նրանք ԱԺ ընտրությունների ժամանակ Երեւանի չորս տարածքներում առնվազն 20 պատգամավորի թեկնածու առաջադրեն, 25-ից 65 հոգու էլ Երեւանի ավագանու թեկնածու առաջադրեն: Անկախ նրանից՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ին, թե 9-ին կնշանակվեն, միեւնույն է՝ Երեւանի ավագանու թեկնածուների առաջադրման ժամանակ պատգամավորի թեկնածուներն իրավական տեսանկյունից լինելու են գործող թեկնածուներ: ՀՀ ընտրական օրենսգրքում որեւէ դրույթ չկա, որը քաղաքացուն արգելում է ժամկետներով համընկնող մի քանի ընտրությունում թեկնածու առաջադրվել: Սակայն ամեն դեպքում մի փոքր բարդ իրավիճակ է ստացվում:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեռ վաղ է խոսել հինգ ամիս հետո սպասվող այդ խնդրի մասին, առավել եւս, որ դեռ հայտնի չէ, թե քաղաքական ուժերից որոնք են պատրաստվում ԱԺ, այնուհետեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել: Բայց իրականում այս խնդրին հենց այս փուլում լուծում պետք է տրվի, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան իրենց ապագա ծրագրերը մշակել: Իհարկե, ֆորմալ տեսանկյունից ՀՀ ԿԸՀ-ն չի կարող այս խնդրի մասին բարձրաձայնել, քանի որ ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրությունները դեռեւս նշանակված չեն:

ԱԺ ընտրությունները Հանրապետության նախագահը նշանակում է քվեարկության օրվանից ամենաուշը 90 օր առաջ: Այսինքն՝ ԱԺ ընտրությունների օրն ամենաուշը հունվարի 1-ին արդեն պետք է նշանակված լինի: Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակում է կառավարությունը` ամենաուշը քվեարկությունից 60 օր առաջ: Տվյալ դեպքում նշանակման որոշումը կայացնելու վերջնաժամկետը մարտի 14-ն է ստացվում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ օրենսդրությունը չի արգելում ընտրությունների օրը, ասենք, 150 կամ 120 օր առաջ նշանակել: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ցանկության դեպքում հենց այսօր էլ կարող են ընտրությունների օրերը նշանակել եւ ԿԸՀ-ին հանձնարարել, որպեսզի բոլոր թնջուկները լուծի, որպեսզի շիլաշփոթ չառաջանա: Բայց արդյոք նրանք ցանկանում են դա անել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս